HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սիսիանում դպրոցի տնօրենները պաշտոնը համատեղում են ավագանու մանդատի հետ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու երկու անդամ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտում են թույլ տվել: Սակայն ո՛չ նրանք են հրաժարականի դիմում ներկայացնում, ո՛չ համայնքի ղեկավարն է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն կազմում և ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ավագանու անդամներն ասում են՝ գործընթաց են սկսել, ուզում են հասկանալ՝ անհամատեղելիության պահանջն իրենց վրա տարածվում է, թե ոչ։

Անահիտ Գևորգյանը Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենն է: Նա 2023թ. մարտի 26-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 15-րդ համարը: Սակայն, ավագանու անդամ դարձել է 2024թ. հոկտեմբերին, երբ ընտրված ավագանու մի քանի անդամի լիազորությունները դադարեցվել են, և նրան մանդատ է տրվել:

Ընտրությունների ժամանակ նույն կուսակցության ցուցակի 6-րդ համարը զբաղեցրած Անահիտ Պետրոսյանը ավագանու մանդատը ստացել է 2023թ. ապրիլի 12-ին: Նա էլ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում 2024թ. մայիսի 22-ին  փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը:

Անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Այդ դեպքում համայնքի ղեկավարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Համայնքի ավագանու անդամի պաշտոնի և ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համատեղումն անհամատեղելիության պահանջների, այլ կերպ ասած՝ այլ պաշտոն զբաղեցնելու արգելքի խախտում է: 

Սիսիան համայնքի բնակիչ Վարդան Բալյանը 2025թ. մարտ ամսին դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Վերջինիս գլխավոր քարտուղար Դավիթ Մկոյանը նշել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի և ավագանու անդամի պաշտոնների համատեղումը օրենքի խախտում է: Սակայն, հղում անելով օրենքին, հայտնել է, թե հանձնաժողովը քննում և լուծում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ դիմումներ: Միաժամանակ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անահիտ Գևորգյանը և Անահիտ Պետրոսյանը զբաղեցնում են ավագանու անդամի համայնքային քաղաքական պաշտոնը, և վերջիններիս կողմից անհամատեղելիության պահանջների խախտման քննությունը, հանձնաժողովի լիազորության շրջանակից դուրս է, քաղաքացու դիմումը վերահասցեագրել են Սիսիան համայնքի ղեկավարին՝ առաջարկելով քննության առարկա դարձնել ավագանու անդամի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հարցը:

Օրենքի փոփոխությունն անցումային դրույթներ ունի, ըստ որի՝ սահմանափակումները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ: Այդ անձինք կարող են շարունակել համատեղ պաշտոնավարումը մինչև տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:

Սակայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են, որ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը  հանրային կամ հանրային ծառայության պաշտոն չէ, հետևաբար դպրոցի տնօրենի պաշտոնի հետ համատեղ պաշտոնավարումը կիրառելի չէ։ 

Ավագանու անդամ Անահիտ Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ է օրենքի փոփոխությունների մասին և համապատասխան մարմիններից փորձում են ճշտել, որ հասկանան՝ կարող է դպրոցի տնօրենի պաշտոնը համատեղել ավագանու անդամի պաշտոնի հետ, թե ոչ։ Ըստ Անահիտ Գևորգյանի՝ եթե հստակ պատասխան ունենան, որ երկու պաշտոններն անհամատեղելի են, ապա ավագանու լիազորությունները դադարեցնելու դիմում կգրի։

Սիսիանի ավագանու մյուս անդամը՝ Անահիտ Պետրոսյանն էլ ասաց, որ գործընթաց են սկսել։ Նա ևս ցանկանում է հավաստիանալ, որ անհամատեղելիություն կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter