HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջարկվում է 2 տարով երկարացնել էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնության ժամկետը

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026թ․ հունվարի 1-ից մինչև 2028թ․ հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից ազատել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին դասվող այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կամ օտարումը, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։

2019թ․-ից գործում է հարկային արտոնություն, որով մինչև 2026թ․ հունվարի 1-ը  ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին  դասվող  էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը, օտարումը։

Հայաստանի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է 2024թ․ և 2025թ․ համար տարեկան 8000 հատ քվոտայով։ 

Էկոնոմիկայի նախարարության հիմնավորման մեջ նշված է, որ Երևանի ավագանին էլեկտրական ավտոմեքենաներ օգտագործողներին ազատել է քաղաքի «Ա» և «Բ» գոտիների համար հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարից։ Իրավական կարգավորումների արդյունքում՝ հանրապետությունում ստեղծվել է առավել բարենպաստ միջավայր էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը խթանելու համար:

Բարեփոխումների արդյունքում 2017-2024թթ․ ընթացքում Հայաստանի տարածք է ներմուծվել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով 24 հազ․ 606 տրանսպորտային միջոց։

Էկոնոմիկայի նախարարությունը, վկայակոչելով Ճանապարհային ոստիկանության  տրամադրած տեղեկատվությունը, նշել է, որ  2024թ. հունիս ամսվա դրությամբ  հաշվառված է էլեկտրաշարժիչով թեթև մարդատար 10 հազ․ 801 ավտոմեքենա, 94 բեռնատար, 1 ավտոբուս, 13 մոպեդ, 5 մոտոցիկլետ։

2024թ. հունիս ամսվա դրությամբ հաշվառված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների 55%-ը կազմում են մինչև 3 տարեկան տրանսպորտային միջոցները, 4-10 տարվա արտադրության տրանսպորտային միջոցները կազմում են 32%-ը, իսկ 10 տարեկանից մեծ տրանսպորտային միջոցները` 13%-ը:

«Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Հարկ է նաև նշել, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ վերջիններիս լիցքավորումը մեծ մասամբ իրականացվում է գիշերային ժամերին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter