
Կառավարությունը հաստատել է ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված է օդային ճանապարհով ժամանող ուղևորների թվի ավելացման, ինչպես նաև դեպի ՀՀ և ՀՀ-ից չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է խթանել նոր ուղղություններով ժամանող քաղաքացիների հոսքը ՀՀ՝ կիրառելով ֆինանսական աջակցության գործիքն այն ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կիրականացնեն մինչ օրս չսպասարկված, նոր ուղղություններից՝ յուրաքանչյուր օդային ուղևորի համար շահառու ավիաընկերություններին տրամադրելով 15 000 և 20 000 դրամ՝ համապատասխանաբար Գյումրու «Շիրակ» և Երևանի «Զվարթնոց» օդանավակայաններ չվերթեր իրականացնելիս։ Արդյունքում՝ ակնկալվում է նոր ուղղություններից ՀՀ միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքի ծավալների ավելացում (ծրագրի շրջանակներում կանխատեսվում է տարեկան շուրջ 5-6% աճ ուղևորահոսքի գոյություն ունեցող ծավալների նկատմամբ), որը կխթանի զբոսաշրջությունը, կընդլայնի ՀՀ-ից իրականացվող չվերթերի աշխարհագրությունը, կնպաստի միջազգային ավիաընկերությունների Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում բազավորմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան: Ըստ նրա՝ ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով: «Ինչ նկատի ունենք՝ ասելով «նոր ուղղություն»: Սրանք այն ուղղություններն են, այն քաղաքները՝ անկախ այնտեղ գտնվող օդանավակայանների քանակից, որտեղ առաջին չվերթը սկսելու պահից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակն ամառային ժամանակահատվածում չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռային ժամանակահատվածում՝ 10-ը: Երկրորդը՝ «բազավորում» տերմինն է: Բազավորում ասելով՝ նկատի ունենք օտարերկրյա այն ավիաընկերություններին, որոնք Հայաստանում կունենան մասնաճյուղ, առնվազն երկու օդանավ կունենան Հայաստանում մշտական, բացառությամբ՝ թռիչքային ժամերի և սպասարկման համար մեր օդանավակայաններից բացակայելու»,- ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը նաև դեպի Գյումրի զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից: Վարչապետն արձանագրել է՝ դեպի Գյումրիի զբոսաշրջային հետաքրքրության աճ է նկատվում, որը նաև ներդրումային ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման արդյունք է:
Մեկնաբանել