HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

Համաշխարհային բանկի կողմից հրապարակվել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիր, որն անդրադառնում է փետրվարի տնտեսական դինամիկայի վերլուծությանը։ Այն ներկայացնում ենք ստորև.

  • Տնտեսական աճի տեմպը դանդաղեց՝ փետրվարին կազմելով 1.5 տոկոս (տ/տ)։
  • Փետրվարին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերի բնականոն ընթացքը վերականգնվեց (տ/տ)։
  • Գնաճը բարձրացավ մինչև 3.3 տոկոս (տ/տ)՝ գերազանցելով գնաճի թիրախը։
  • Արտահանման ու ներմուծման ծավալները շարունակեցին կրճատվել՝ վերաարտահանման աստիճանական նվազմանը զուգընթաց։
  • Ֆինանսական ցուցանիշները կայուն մնացին։
  • Հունվար-փետրվար ամիսներին բյուջեում հավելուրդ գրանցվեց։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղեց՝ 2025 թ. փետրվարին կազմելով 1.5 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), նվազելով հունվարի 7.1 տոկոսից (տ/տ) (Պատկեր 1)։ 2025թ. առաջին երկու ամիսներին աճողական կտրվածքով աճի ցուցանիշը հասավ 4.1 տոկոսի (տ/տ)։ Փետրվարին տնտեսական ակտիվության նշանակալի անկումը պայմանավորված էր արդյունաբերության ճյուղի ծավալների կրճատմամբ (նվազումը 26.6 տոկոս, տ/տ)։ Նշվածը պայմանավորված էր   մշակող արդյունաբերության անկմամբ (նվազումը 33.3 տոկոս, տ/տ)՝ ալկոհոլային խմիչքների, գունավոր մետաղների և հանքահումքային արտադրանքի նվազման պատճառով (նվազումը 29.7 տոկոս, տ/տ)։ Տրանսպորտը և կապը ևս նվազել են համապատասխանաբար 5.1 (տ/տ) և 1.2 տոկոսով (տ/տ)։ Շինարարությունը և ծառայությունները շարունակել են երկնիշ տեմպով աճել՝ համապատասխանաբար 12.7 (տ/տ) և 12.1 տոկոսով (տ/տ)։ 2024 թ. 4-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազ էր նախկին եռամսյակների համաեմատ, սակայն գործազրկության տարեկան մակարդակը կազմեց 13.9 տոկոս, ավելի բարձր քան 2023 թ.-ին գրանցված 12.4  տոկոսր՝ պայմանավորված քաղաքներում և գյուղերում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց գործազրկության աճով։ 

Պահանջարկի կողմից՝ միջին իրական աշխատավարձերը 2025 թ.-ին բարձրացել են և զուտ դրամական փոխանցումներն աճի միտում են դրսևորել՝  նպաստելով սպառման աճին։  2025 թ. առաջին երկու ամիսներին միջին իրական աշխատավարձերը բարձրացան 2 տոկոսով (տ/տ), սպառման վրա սահմանափակ ազդեցությամբ։ Զուտ ոչ առևրտրային դրամական փոխանցումները հունվարին սկսեցին վերականգնվել՝ 2024 թ.-ին 35 տոկոսով (տ/տ) նվազելուց հետո։ Փետրվարին դրանք աճեցին 29 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ),  բոլոր աղբյուրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից (աճը 34.9 տոկոս, ա/ա) և այլ երկրներից (ավելի քան եռապատիկ աճ) աճի հաշվին (Պատկեր 2)։

2025 թ.-ի մարտին գնաճը բարձրացավ մինչև 3.3 տոկոս (տ/տ)՝ գերազանցելով գնաճի 3 տոկոսի թիրախը (Պատկեր 3)։ 2023 թ. ապրիլից ի վեր սա տ/տ ամենաբարձր տեմպն էր և հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5.4 տոկոս (տ/տ) աճով։ 2025 թ. մարտի 18-ին ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս թողնել։

Արտահանման և ներմուծման ծավալների էական կրճատումը 2025 թ. փետրվարին շարունակվեց՝  պայմանավորված բազային բարձր ազդեցությամբ (Պատկեր 4)։ Փետրվարին արտահանման և ներմուծման ծավալների նվազումը կազմեց համապատասխանաբար 67.7(տ/տ) և 46 տոկոս (տ/տ)։ Ինչպես նախորդ ամիսներն, անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման ծավալների կրճատմամբ (նվազումը 88 տոկոս, տ/տ)։ Կրճատվեցին նաև հանքանյութերի արտահանման ծավալները՝ պայմանավորված 45 և 93 տոկոսներով (տ/տ) համապատասխանաբար   պղնձի և ոսկու արտահանման ծավալների անկմամբ, պայմանավորված հանքավայրերի շահագործման հետ կապված շարունակական մարտահրավերներով: Նվազել է նաև մյուս ապրանքատեսակների արտահանումը, թեև ավելացել է գյուղատնտեսական արտադրանքի  (աճը 90 տոկոս, տ/տ), պատրաստի սննդի արտադրանքի (աճը 42 տոկոս, տ/տ) և մեքենա-սարքավորումների (աճը 22 տոկոս, տ/տ) արտահանումը։ Աճողական կտրվածքով հունվար-փետրվար ամիսներին արտահանումը և ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 59.7 (տ/տ) և 45.8 տոկոսով (տ/տ), ընդ որում առևտրային դեֆիցիտը ընդլայնվեց 10.8 տոկոսով (տ/տ)։ Ժամանակահատվածի ընթացքում ընդհանուր արտահանման 44 տոկոսն ուղղվել է Ռուսաստան, 22 տոկոսը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, 7 տոկոսը՝ ԵՄ երկրներ և 0.6 տոկոսը՝ ԱՄՆ։

2025 թ. մարտին ՀՀ դրամը հիմնականում կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, սակայն արժեզրկվեց ռուսական ռուբլու նկատմամբ։ Մարտի վերջին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 1.3 տոկոսով, իսկ ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվեց 24.4 տոկոսով՝ 2024 թ. դեկտեմբերի վերջի համեմատ։ 2025 թ. մարտին միջազգային պահուստներն աճեցին մինչև 3.9 միլիարդ ԱՄՆ դոլար, որը համարժեք է ներմուծման 2.9 ամսվա ծածկույթի։

2025 թ. փետրվարին առևտրային բանկերի ավանդներն աճեցին 1 տոկոսով (ա/ա),  իսկ վարկերը նվազեցին 0.1 տոկոսով (ա/ա)։ Երկուսն էլ ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին էին։ Փոխարժեքով ճշտված ավանդները փետրվարին աճեցին 14 տոկոսով (տ/տ), վարկերը՝ 26.2 տոկոսով (տ/տ) (Պատկեր 5)։ Ֆինանսական կայուն ցուցանիշները  պահպանվեցին, ընդ որում կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) կազմեց 20 տոկոս։ Չաշխատող վարկերի ցուցանիշը (NPL) մարտին բարձրացավ մինչև 1.5 տոկոս՝ հունվարի 1.2 տոկոսի համեմատ, եկատմաբերությունն ըստ ակտիվների փետրվարի 4.3 տոկոսից նվազեց մինչև 2.9 տոկոս։ 

2025 թ. փետրվարին Հայաստանում գրանցվեց բյուջեի 28.5 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդ՝ հունվարի 100 միլիարդ ՀՀ դրամի հավելուրդից հետո։ Սա հանգեցրեց բյուջեի 71.6 միլիարդ դրամի աճողական հավելուրդի (մոտավորապես ՀՆԱ-ի  0.7 տոկոսը) (Պատկեր 6)։ Փետրվարին անվանական արտահայտությամբ հարկային եկամուտների աճը (հիփոթեքին առնչվող եկամտային հարկը ներառյալ) 11 տոկոս էր (տ/տ), հիմնականում պայմանավորված ԱԱՀ-ի 15.4 տոկոս աճով և 8.5 տոկոսով ավելի եկամտային հարկով։ Փետրվարին ընդհանուր ծախսերը նվազեցին 10.7 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված կապիտալ ծախսերի 36.7 տոկոսով (տ/տ) նվազմամբ (հիմնականում պաշտպանությանն ուղղված)։  Աճողական կապիտալ ծախսերը փետրվարի վերջին հասան ՀՆԱ-ի 0.4 տոկոսին՝ կազմելով 2025 թ. կապիտալ ծախսերի հավակնոտ ծրագրի շուրջ 20 տոկոսը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter