
Փարիզ, «Շարժում». մարմնով և մտքով դիմադրելու բեռն ընկնում է հայ ժողովրդի վրա
Ֆրանսիայում գործող «Շարժում» հայկական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հավաք էր հրավիրել Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի և պատմական այլ դրվագներում թուրք-ադրբեջանական բռնաճնշումներին զոհ գնացած հայերի հիշատակին:
Հավաքի ընթացքում նախաձեռնության անդամ Լորիս Թուֆանյանն ընթերցեց հետևյալ մանիֆեստը.
«Մենք այստեղ՝ Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատան Զորավար Անդրանիկի արձանի մոտ ենք, ոգեկոչելու 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր բնաջնջվել են 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ 1915 թվականից ի վեր ցեղասպանությունը շարունակվել է Սումգայիթի և Մարաղայի ջարդերով, Արցախում կոտորածներով ու գաղութատիրությամբ։ Նույն ցեղասպանությունն է, նույն գաղափարախոսությունը՝ պանթուրքիզմը։
Հայ ժողովրդի պատմության մեջ այս աստիճան ողբերգական հազվադեպ իրավիճակներ են եղել։ Ադրբեջանն Արցախից հետո շարունակում է տարածքներ զավթել Հայաստանում։ Թուրքական պետությունը մանևրում է Սիրիայում, սպառնում է Լիբանանում, զիջումներ պարտադրում Հայաստանում։ Հայաստանի արտաքին վիճակը շատ անբարենպաստ է։
Ներքին առումով, պետությունը և ժողովրդին թալանած իշխանություններին հաջորդած ներկայիս ղեկավարությունն օրեցօր ավելի ու ավելի է համաձայնվում ցեղասպան թուրքական և ադրբեջանական պետությունների դիրքորոշումներին: Հայաստանի Հանրապետության համար մռայլ ապագա է կանխագուշակվում, եթե ոչինչ չձեռնարկվի։
Քանի որ մենք հավաքվել ենք այստեղ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակներին, բայց նաև երեկվա և այսօրվա հայկական դիմադրությանը, մենք գիտենք, որ նրանք, ովքեր ստորագրում են այսպես կոչված խաղաղության պայմանագրեր, իրականում հնազանդության են մեզ պարտադրում։ Դրանք մեզ երբեք թույլ չեն տվել, որ Հայաստանը և հայ ժողովուրդը պաշտպանված լինեն. չարյաց փոքրագույնին գնալ` կասեն ոմանք։ Բայց եկեք հիշենք, ինչպես Հաննա Արենդտն է ասել. «Նրանք, ովքեր ընտրում են չարի փոքրագույնը, հակված են շատ արագ մոռանալ, որ իրենք ընտրել են չարը»:
1918-ի Բաթումի պայմանագիրը և 2009-ի հայ-թուրքական արձանագրությունները երբեք չեն հանդարտեցրել պանթուրքիզմը։ 2025 թվականին քննարկվող պայմանագրերը նույնպես չեն հանգստացնի նրանց։ Եվ սա մի պարզ պատճառով. պանթուրքիզմը մտադիր չէ վերցնել միայն Վանը կամ Սասունը, միայն Արցախը և կամ Սյունիքը։ Պանթուրքիզմը ենթադրում է հայ ժողովրդի բնաջնջումը։ Հայաստանի կառավարության խնդիրը չպետք է լինի իր պանթուրքիստական կեղեքիչներին հաճոյանալու համար իր ժողովրդի հպատակության կազմակերպումը։ Ուստի մարմնով և մտքով դիմադրելու բեռը ընկնում է հայ ժողովրդի վրա։
Թուրքական և ադրբեջանական պետությունները ծնվել են պանթուրքիզմից, ուստի այս տարածքներում ղեկավարների փոփոխությունը կամ նույնիսկ վարչակարգի փոփոխությունը բավարար չեն լինի, որպեսզի հայ ժողովուրդն իր երկրում ապրի խաղաղ և ապահով։
Պանթուրքիզմի պատմությունը նաև գաղութացման պատմություն է, որը դեռ շարունակվում է։ Իսկ հայկական դիմադրության պատմությունը հակագաղութային պայքար է։ Ֆրանց Ֆանոնը գրել է. «Մենք չենք կարող ապագաղութացվել խաղաղ ծեսերով»։ Հայկական հարցի անկեղծ ակտիվիստները դա լավ են հասկացել։ Օսմանյան կայսրության ճնշված և օտարված հայ զանգվածներից ի հայտ եկավ զորավար Անդրանիկը։ Հենց կատարյալ կազմակերպված ցեղասպանության հետևանքով հայտնվեց Սողոմոն Թեհլերյանը: Չնայած ցեղասպանությունը վերապրածների համար գաղթական ծանր կյանքին, Գուրգեն Յանիկյանը կրկին բարձրացրեց Հայկական հարցը։ Եվ չնայած խորհրդային գրաքննությանը, Հայաստանի ժողովուրդը 1965 թվականի ապրիլի 24-ին ոտքի կանգնեց Երևանում։
Չնայած դրամատիկ իրավիճակին, մենք ոտքի կանգնելու ելք կգտնենք, ինչպես դա արել ենք նախկինում։ Եվ որպեսզի մենք ոտքի կանգնենք, մենք պետք է հավաքականորեն վերանայենք ինքնին հայ ժողովրդի գաղափարն` իր ներուժով, իր համար։ Մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը, համարենք, որ չկա ընդունելի հաստատված կարգ, եթե այն ներառում է մեր ժողովրդի անհետացումը։ Մենք նորից կբարձրանանք, եթե հրաժարվենք նրանցից, ովքեր հանդես են գալիս որպես հայ ժողովրդի ցավազրկողներ, նրանց ապստամբելու ունակությունը կոտրողներ։
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր չեն ենթարկվում, ովքեր չեն ընդունում Հայաստանին վերապահված ճակատագիրը, չհարմարվողներին, ովքեր ինչպես Հիտլերի ձեռքը չէին սեղմի, չեն սեղմում Էրդողանի կամ Ալիևի ձեռքը։ Բոլոր դիմադրողներին, այս պահին Սյունիքը պաշտպանող բոլոր Միսաք ու Մելինե Մանուշյաններին։ Մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր ապագա Նուբար Օզանյաններին և հաջորդ Մոնթե Մելքոնյաններին։
Հայաստանի Հանրապետության ղեկավարներին, ովքեր դիվանագիտորեն և/կամ ռազմական ճանապարհով նախապատրաստել են Արցախի կորուստը, կամ նրանց, ովքեր պայքարի ծանրությունը չկրելու համար ընդունում են պարտությունը, մենք ասում ենք՝ ձեզ պատմությունն է դատելու։
Մենք չենք մոռանում բարբարոսության զոհ դարձած մեր ժողովրդին, չենք մոռանում Անդրանիկին ու բոլոր դիմադրողներին, չենք մոռանում Արցախն ու նաև այն հանձնողներին։ Այս անունը դեռ կենդանի է մեզանում, ովքեր հրաժարվում են հանձնվել:
Կեցցե պայքարող հայ ժողովուրդը»:
Մեկնաբանել