HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում շարունակում է տեղ ունենալ քրեական ենթամշակույթը. ԽԿԿ զեկույցը

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն (ԽԿԿ) հրապարակել է 2024թ. տարեկան զեկույցը՝ արձանագրելով, որ վերջին 35 տարիների ընթացքում նախկինում Խորհրդային Միության կազմում գտնվող 9 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, շարունակում է գոյություն ունենալ բանտային ոչ պաշտոնական հիերարխիա: Այդ հիերարխիան հանրությանն ավելի հայտնի է «քրեական ենթամշակույթ» անվամբ:

Նման հիերարխիա գործում է նաև Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվաի, Մոլդովայի, Ուկրաինայի Հանրապետությունների և  Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական հիմնարկներում:

Կոմիտեի մասնագետներն այցելում են խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունների կալանավայրեր՝ գնահատելու, թե ինչպես են վերաբերվում ազատությունից զրկված անձանց: Այդ վայրերը ներառում են բանտեր, անչափահասների համար նախատեսված կալանավայրեր, ոստիկանական բաժանմունքներ, ներգաղթի կալանավայրեր, հոգեբուժարաններ և սոցիալական խնամքի տներ: Յուրաքանչյուր այցից հետոԿոմիտեն իր եզրակացություններն ու առաջարկությունները պարունակող զեկույց է ուղարկում շահագրգիռ կառավարությանը:

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն զգուշացնում է նաև Եվրոպայում բանտերի լուրջ գերբնակեցման մասին: 

ԽԿԿ նախագահ Ալան Միտչելն (Alan Mitchell) այսօր լուրջ մտահոգություն է հայտնել 2024թ. բանտերի գերբնակեցման զգալի աճի առնչությամբ, հատկապես Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում, և կոչ արել կառավարություններին լուծել այդ հարցը: 

Ա. Միտչելն ասել է, որ բանտերի գերբնակեցումն ամբողջությամբ խաթարում է դրանց գործունեությունը և մարդկանց պոտենցիալ ենթարկում անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Դա հանգեցնում է ավելի վատ կենսապայմանների, ավելանում է լարվածությունն ու բռնությունը, ավելի քիչ նպատակային գործունեություն է իրականացվում: Ի վերջո՝ դրա հետևանքով նաև քիչ աշխատանք է տարվում դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու, վերասոցիալականացնելու ուղղությամբ:

Ամենամյա զեկույցի հետ մեկտեղ Կոմիտեն հրապարակել է նոր չափորոշիչ, որն ապահովում է բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի հիմնախնդրի խորը վերլուծություն և այն վերացնելու հատուկ առաջարկություններ: Ընդգծվում է, որ պետք է զսպել բանտային ոչ ֆորմալ հիերարխիայի առկայությունը՝ պաշտպանելու բռնության և շահագործման վտանգի տակ գտնվող խոցելի բանտարկյալներին և կանխելու այս հիերարխիայի ղեկավարների՝ բանտում հանցավոր գործելաոճը:

Կոմիտեն ընդգծել է, որ ոչ ֆորմալ բանտային հիերարխիան դարձել էր Խորհրդային Միության բանտային համակարգի կանխամտածված քաղաքականությունը՝ կառավարելու շատ մեծ թվով բանտարկյալներ, թեև դրա ծագումը կարելի է գտնել Ցարական Ռուսաստանում: Դրա տարածմանը նպաստել է բանտարկյալների բնակեցումը մեծ կացարաններում։ Բանտարկյալների ինքնակառավարման ոչ ֆորմալ համակարգն իր հերթին ստեղծել է բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիա՝ բանտարկյալներին բաժանելով կատեգորիաների կամ կաստաների և բանտարկյալների՝ իր չգրված օրենքներով: 

2024թ. Կոմիտեն իրականացրել է 20 այց (Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Նորվեգիա և Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեյցարիա և Թուրքիա): Ներկայացուցիչներն այցելել են 181 կալանավայր, այդ թվում՝ 58 բանտ, 75 ոստիկանական բաժանմունք, 18 հոգեբուժարան, 14 ներգաղթի կալանավայր և չորս սոցիալական խնամքի հաստատություն։

Կոմիտեն ընդգծել է ամբողջ Եվրոպայի հոգեբուժական հաստատություններում ոչ կամավոր պահվող հիվանդների բուժման բարելավման անհրաժեշտության մասին: Թեև դրական տեղաշարժեր նկատվել են, այնուամենայնիվ մնում են զգալի մարտահրավերներ, հատկապես ֆիզիկական կամ մեխանիկական զսպման միջոցների կիրառումման հետ կապված: Կոմտեն նշել է նաև, որ չափազանց մեծ ուշադրություն է դարձվում դեղաբուժության վրա և քիչ տեղ հատկացնում հոգե-սոցիալական թերապիային, որոնք էական նշանակություն ունեն հիվանդների վերականգնման և համայնքում նրանց վերաինտեգրման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter