HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապրիլի 8-ի նիստում որոշում է կայացրել 300 հազար դրամի չափով վարչական տույժ կիրառել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի նկատմամբ։

ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Հետքի» «Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանը 99 պայմանագիր է կնքել համայնքի և այլ պետական կառույցների հետ» վերտառությամբ հոդվածը։

«Հետքը» 2024թ․ դեկտեմբերին գրել էր, որ Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանին եւ նրա մորը պատկանող «Սոֆոն» և «Սմարթվեյվ» ՍՊԸ-ները 2021-2024 թթ.-ին պետական տարբեր գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքել են 99 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 125,5 մլն դրամ։

Այս ընկերությունները համայնքներին և պետական գերատեսչություններին մատակարարել են համակարգիչներ և համակարգչային սարքավորումներ, սկանավորման և բազմաֆունկցիոնալ տպիչ սարքեր։

Հանձնաժողովը պարզել է, որ համայնքի ղեկավարը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները։

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի, եթե պաշտոն զբաղեցնող անձի կողմից իր լիազորությունների շրջանակներում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա վերջինս պարտավոր է իր վերադասին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին։

«Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, եթե քաղաքական պաշտոն զբացեցնող անձը չունի վերադաս կամ անմիջական ղեկավար, ապա շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին հայտարարությունը պետք է 10-օրյա ժամկետում ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

«Սույն գործով առկա հանգամանքների համադրման արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է, որ Զավեն Մանուկյանի կողմից իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարումն ապահովելու նպատակով չեն ձեռնարկվել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ շահերի բախման իրավիճակում չհայտնվելու կամ հնարավոր նման իրավիճակում հայտնվելու պարագայում օրենքով նախատեսված կանխարգելման ընթացակարգերով առաջնորդվելու ուղղությամբ»,- նշված է ԿԿՀ-ի որոման մեջ։

Վարչական վարույթի քննության ընթացքում Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի ներկայացուցիչները ասել են, որ Մանուկյանը պայմանագիրը կնքելիս առաջնորդվել է «Գնումների մասին» օրենքով և պայմանագիրը կնքելու ժամանակ չի իմացել, որ «Սմարթվեյվ» ընկերության սեփականատերը Մարտիկ Մաթոսյանն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter