
Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում. անցյալից ներկա՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ուղին
Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժողականությունը ոչ միայն ուղղված է անցյալին, այն իմաստ ունի նաև ներկայում․ դա ագրեսիայի ձև է՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը: Այսպես բնութագրեց թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ Թաներ Աքչամը Թուրքիայի մերժողականությունը Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկմանը, որի խորագիրն էր՝ «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում»։
Հարցին, թե 44-օրյա պատերազմից, հայրենազրկումից, Արցախի կորստից հետո ինչո՞ւ չի ստացվում վերաիմաստավորումը, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ 2020 թ․-ին, արդեն նոր տեսակետի հիման վրա այն քաղաքականության շարունակությունն է, որը ձևավորել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Աթաթուրքի մոտ ցեղասպանության գաղափարը աշխարհաքաղաքական ընկալումների հիման վրա է ձևավորվում։ Դրա ապացույցը եղավ իր գործակիցներից մեկի ստորագրած հրամանը՝ «Վերացնել Հայաստանը և՛ քաղաքականապես, և՛ իրապես»։ Փաստորեն, այդ մոտեցումը դեր խաղաց նաև 2020 թվականի ընթացքում․ վերացնել Արցախը՝ որպես աշխարհաքաղաքական երևույթ։
Հայ ժողովրդի արձագանքը ցեղասպանությանը, շատ դեպքերում՝ անհույս պայքարը մեր ժողովրդի արձագանքն էր։ Եվ արձագանքներից գուցե ամենակարևորն այն էր, որ 1918 թվականին, երբ դեռ շարունակվում էր Հայոց Ցեղասպանությունը, հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ՝ վերականգնելու և վերագտնելու մեր պետականությունը։ Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է հիմա փորձենք նորովի հասկանալ»։
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, շարունակելով Սաֆրաստյանի միտքը, ասաց. «Որպեսզի վերաիմաստավորենք ցեղասպանությունը, նախ պետք է ճանաչել իրականությունը, այն օբյեկտիվ իրողությունը, որ կա Թուրքիայում, և պետք է ֆիքսենք, որ ցեղասպան մտածողությունը շարունակվում է և՛ գաղափարական առումով, և՛ կադրային առումով, և՛ սիմվոլիկ առումով։ Մինչև 1960 թվականը Թուրքիայի առաջին երեք նախագահները երիտթուրքական կուսակցության և մտածողության կրողներ են։ Ամենակարևոր հանգամանքը, որ պետությունը, Թուրքիայի կառավարության 1926 թվականի որոշմամբ, հերոսացրեց կամ ազգային նահատակի կոչում տվեց գրեթե բոլոր ոճրագործներին, որոնք Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն էին։ Նրանց անուններով կոչվեցին դպրոցներ, փողոցներ, և այս գործընթացը հասավ 21-րդ դար։ Կապելով այսօրվա իրողությունների հետ՝ այս նույն մտածողությունը տեղ գտավ Ադրբեջանի քաղաքականության մեջ, կրթական համակարգում, և նույն հերոսներն այսօրվա հերոսներն են։ Օրինակ՝ Արցախի օկուպացիան ընթանում էր Էնվեր Փաշայի ոգեկոչման լույսի ներքո։ Հիշենք Էրդողանի ելույթը 2020 թվականին Բաքվում. խոսելով Արցախի օկուպացիայի մասին` նա ասաց, որ այսօր Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Այսօր էլ օկուպացված Արցախում Ստեփանակերտի առաջին անվանափոխված փողոցներից մեկը կոչվում է Էնվեր Փաշայի փողոց։ Այս իրողությունը պետք է նկատել և վերարժևորել՝ կա՞, արդյոք, ցեղասպան մտածողության դադար, թե դա դեռ շարունակվում է։ Ընդ որում՝ շարունակվում է կրթական համակարգում և պետական հռետորաբանության մեջ։ Պետք է տեսնել այս ամենը և դադարեցնել ինքնախաբեությունը, որը կրկնակի դատապարտելի է և մեր հասարակությանը գցում է անտեղյակության և դրանով նաև՝ անպաշտպանվածության ծիրը»։
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը հավելեց, որ ցեղասպանության վերաիմաստավորման վերաբերյալ կրթությունը շատ կարևոր է։ Հայաստանի հանրային դպրոցներում կամ բակալավրիատի պետական ծրագրերում շատ քիչ մասնագետներ են պատրաստվում։ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ արդեն շուրջ 10 տարի ԱՄՆ-ի 13 նահանգներից ուսուցիչներ են գալիս ՀԱՀ, և արդեն ԱՄՆ-ի 13 նահանգներում ցեղասպանության կրթություն է կազմակերպվում։ Բայց մեր դպրոցներում բազմաթիվ մեթոդաբանական բացեր կան։
Անցյալ տարի, ըստ Տեր-Մաթևոսյանի, Թուրքիայի դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների թիվն ավելացել է՝ հասնելով ավելի քան 260-ի, Թուրքիան 5-րդ երկիրն է աշխարհում դիվանագիտական առաքելությունների թվով։ Դիվանագիտական առաքելությունների նպատակը ոչ միայն թուրքական պատմական թեզերը աշխարհին ներկայացնելն է, այլև Ադրբեջանին ենթակառուցվածքներ տրամադրելը, որպեսզի դիվանագիտական ռեսուրսն օգտագործվի նաև քարոզչական թեզերն աշխարհին ներկայացնելու համար։ Տեր-Մաթևոսյանն ընդգծում է, որ դրա դիմաց Հայաստանի պետական քաղաքականությունն ասում է, որ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթությունների մեջ չէ, ինչը հնարավորություն է Թուրքիայի համար՝ շարունակելու այն, ինչ արել են։
Սփյուռքի կառույցները, որոնք կարողանում էին համակարգել ցեղասպանության ճանաչման արշավը, կարո՞ղ են այսօր շարունակել կատարել իրենց դերն այն պայմաններում, երբ ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ դա այլևս դիվանագիտական առաջնահերթություն չէ։
Սաֆրաստյանը պատասխանում է, որ երբ 1965 թ․-ին Ուրուգվայը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Սփյուռքի տարբեր կառույցների շնորհիվ էր։ Հետագա տարիներին շարունակվեց պայքարը, մասնավորապես՝ Հայ Դատի գրասենյակների ակտիվ աշխատանքը, որոնք գործում են աշխարհի 30 երկրներում, և արդյունքները նկատելի են։
«Այս պահին՝ արդեն մեկուկես տարի, Արամ Վեհափառի հովանու ներքո գոյություն ունի մի կառույց, որտեղ Հայաստանից և Սփյուռքից ներգրավված են մի շարք մասնագետներ, և մենք փորձում ենք հասկանալ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում և աշխարհում։ Եվ իմ տպավորությունն այն է, որ Սփյուռքն էլ է գտնվում մարտահրավերների առջև, քանի որ սերնդափոխություն է տեղի ունեցել և պետք է կարողանան նոր պայմաններում, նոր աշխարհում մարտահրավերներին համապատասխան պատասխան գտնել։ Ցեղասպանության ճանաչման պայքարը մի երևույթ է, որը համախմբում է Հայաստանին և Սփյուռքին։ Եվ ապրիլի 24-ը համախմբելու մեծ ներուժ ունի»,- նշեց Սաֆրաստյանը։
Թուրք պատմաբան Աքչամի կարծիքով՝ Ցեղասպանության ճանաչումն այլևս միջազգային քաղաքականության օրակարգում չէ, և սա պետք է ընդունել։ Նա շեշտում է, որ այժմ ականատես ենք Գազայի ցեղասպանությանը, և այդ համատեքստում չենք կարող պահանջել, որ Հայոց ցեղասպանությունը որևէ երկիր ընդունի։
Վահրամ Տեր-Մաթևոսյանը նկատեց, որ երբ խոսում ենք հայկական սփյուռքի մասին, ընդհանրապես քննարկումներից բացակայում է թուրքական սփյուռքի գործոնը։ Առնվազն 5 գերատեսչություններ օրնիբուն աշխատում են թուրքական սփյուռքի հետ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայի ավելի քան 6 միլիոն քաղաքացի է ապրում արտերկրում։ Նրա պնդմամբ՝ գոյություն ունեն այնպիսի գործակալություններ, որոնք Գերմանիայում արդեն ազգային անվտանգության խնդիր են ստեղծել, և սրանք թուրքական հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող հակահայկական, հակաքրդական ուղղվածության կազմակերպություններ են։ Կան հիմնադրամներ, որոնց նպատակը Թուրքիայի վերաբերյալ դրական, մշակութային տպավորություն ստեղծելն է ամբողջ աշխարհում։ Տեր-Մաթևոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ շուրջ 55 երկրում 55․000 ուսանողի կրթություն են տրամադրում։ Այսինքն՝ թուրքական սփյուռքը սկսում է աշխատել օտար երկրներում և շատ ավելի անհամատեղելի պայմաններ ստեղծել հայկական սփյուռքի աշխատանքների համար։
Ըստ Թաներ Աքչամի, Թուրքիայում կարևոր իրադարձություններ են այժմ տեղի ունենում, և փոփոխությունները ոչ թե ներսից են, այլ դրսից պարտադրված։ Եթե ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլին իշխանության գա, արտաքին քաղաքականության առաջնահերթությունները պետական քաղաքականություն են, և դրանք կուսակցություններից կախված չեն։ Նա կոչ արեց ուշադիր հետևել այս փոփոխություններին, որովհետև ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից հնարավոր է միայն, եթե դեմոկրատական գործընթացները ինչ-որ հանգրվանի հասնեն։ Նրա պնդմամբ, Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի ապագայի մասին դեմոկրատական պատկերացում ունեցողները հաղթել են, և Թուրքիայում չկա այլևս դիմադրություն՝ կապված այս հարցերի հետ, որոնք կային ժամանակին։
Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն, համաձայն չէ, որ թուրքական քաղաքական դաշտը պատրաստ է նոր աչքերով նայել Թուրքիային և աշխարհին՝ ոչ՛ հիմա, ոչ՛ էլ մոտ ապագայում։ «Ուղղակի պատրաստ չի այդ հասարակությունը և քաղաքական դաշտը»,- ասաց Սաֆրաստյանը։
Աքչամը հավելեց, որ ամեն անգամ, երբ Թուրքիայում բարեփոխումների վերաբերյալ խոստումներ են տրվում, դրանք ավարտվում են ջարդերով՝ համիդյան ժամանակներից մինչև հաջորդող տասնամյակներ։ Ըստ նրա՝ Թուրքիան գտնվում է շատ փխրուն հողի վրա, որը կարող է անկանխատեսելի ուղղություններով տանել։
Ամփոփելով՝ բանախոսներն առաջիկայում կարդալու մի քանի գիրք առաջարկեցին, որպեսզի ցեղասպանության պատմությունը չկորցնի իր արդիականությունը։ Դրանք են՝ Դիրկ Մոզեսի «Ցեղասպանության հիմնախնդիրները», ցեղասպանության ուսումնասիրությունների ամսագրեր, Ստեֆան Իրիքի «Ցեղասպանության արդարացում» և «Աթաթուրքը նացիստական երևակայության մեջ» գրքերը, ինչպես նաև այնպիսի հեղինակների գրքեր, որոնք խոսում են հետցեղասպանական շրջանից։
Անի Մարգարյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանել