
ԲԴԽ անդամների՝ 5 կողմ ձայնով դատավորի լիազորությունները դադարեցնելու դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող
Սահմանադրական դատարանը (ՍԴ) Սահմանադրության մի քանի հոդվածներին հակասող է ճանաչել Դատական օրենսգրքի այն կարգավորումը, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների 5 կողմ ձայնով կարող է դադարեցվել դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: ՍԴ-ն այս որոշումը կայացրել է 2025թ. ապրիլի 25-ի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա: Վերջինիս լիազորությունները դադարեցվել են հենց 5 կողմ ձայնով:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողը 2023թ. դեկտեմբերի 22-ին հաղորդում է ներկայացրել Արդարադատության նախարարին: Վերջինիս որոշմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարի՝ 2024թ. մայիսի 23-ի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը բազմաթիվ դատական գործերով մի քանի տասնյակ վճիռները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է «օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ»։
2024թ. հուլիսի 9-ին հրապարակվել է ԲԴԽ-ի որոշման եզրափակիչ մասը, որով բավարարվել է Արդարադատության նախարարի միջնորդությունը դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, և դատավորի լիազորությունները դադարեցվել է՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԲԴԽ անդամներ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել են հատուկ կարծիք՝ համաձայն չլինելով տույժի տեսակին և կողմ են քվեարկել խիստ նկատողության օգտին։
Դատավորը Սահմանադրական դատարան դիմել է այն խնդրով, որ իր կարգապահական գործով 2024թ. հունիսի 17-ին կայացած նիստին մասնակցել են ԲԴԽ բոլոր 10 անդամները: Սակայն, դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման քվեարկության ընթացքում հաշվի են առնվել միայն 8 անդամների ձայները: Ավելին՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման բովանդակությունից հետևում է, որ ԲԴԽ-ն այդ որոշումը կայացրել է ամբողջական կազմով, ԲԴԽ բոլոր 10 անդամների մասնակցությամբ:
Արթուր Ստեփանյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է Դատական օրենսգրքի որոշ դրույթների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Մասնավորապես այն, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները:
Թեև դատական նիստին (դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան) մասնակցել են 10 անդամները, օգտվելով դատավորին վերապահված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ հարցեր տալու, ինչը կարող էր ազդել նրանց դիրքորոշումների ձևավորման վրա՝ ձայների հաշվարկի հիմքում դրվել է 8-ը: Բացի այդ, Արթուր Ստեփանյանը և նրա ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հարց են բարձրացրել, որ ԲԴԽ-ն քվեարկության ժամանակ նիստին մասնակցած բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու հնարավորություն ունենալով, չի ստեղծել նման պայման, իսկ ձայների հաշվարկի նպատակով անտեսել է դատական նիստին մասնակցած 2 դատավորներին: Այս պայմաններում դատավորի լիազորությունները դադարեցվել են ոչ թե պահանջվող՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն առնվազն 6 ձայն է, այլ՝ 5 կողմ ձայնով։
Սահմանադրական դատարանում պատասխանող կողմում հանդես եկող Ազգային Ժողովի ներկայացուցիչները դիրքորոշում են հայտնել այն մասին, որ առավելագույն ձայների առկայությամբ կայացված որոշումն իրավական առումով ունի նույն լեգիտիմությունն ու իրավաբանական ուժն, ինչ նվազագույն պահանջվող ձայների քանակությամբ կայացված որոշումը:
Սահմանադրական դատարանը փաստել է, որ բոլոր դեպքերում, երբ դադարեցվում են դատավորի լիազորությունները, դա վերաբերում է ոչ միայն դատավորի կարգավիճակին, այլ նաև նրա՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքին. նա զրկվում է հետագա պաշտոնավարման իր իրավունքից, ուստի նրա այդ իրավունքը սահմանափակվում է: Հետևաբար, անհրաժեշտ է, որ նշված կարգապահական տույժի կիրառումը յուրաքանչյուր դեպքում ուղեկցվի ինչպես նյութաիրավական, այնպես էլ ընթացակարգային այնպիսի երաշխիքներով, որոնց առկայությունը կբացառի վերոնշյալ սահմանադրական իրավունքի անհամաչափ սահմանափակման հնարավորությունը:
ՍԴ-ն փաստել է նաև, որ Սահմանադրությամբ ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ամրագրում են դատարանների, որպես միասնական պետական իշխանության ինքնուրույն թևի՝ դատական իշխանության, և դատավորների՝ որպես դատական իշխանության միակ կրողների, սահմանադրական կարգավիճակը՝ սահմանադրորեն երաշխավորելով նրանց անկախությունը։ Օրենքները կոչված են իրավական համարժեք երաշխիքներ ստեղծելու այդ անկախության ամրապնդման համար։
Վկայակոչելով ավելի վաղ կայացրած իր որոշումներից մեկը՝ ՍԴ-ն ևս մեկ անգամ նշել է, որ պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական, իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները:
Սահմանադրական դատարանը նշել է, որ ԲԴԽ-ի կողմից դատավորի նկատմամբ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ՝ Խորհրդի անդամների 5 կողմ ձայներով որոշման ընդունման պայմաններում, հանգեցնում է այդ որոշման ժողովրդավարական լեգիտիմության բարձր գործակից չապահովելու՝ անձի հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման: Հետևաբար, այն չի կարող համահունչ լինել Սահմանադրության մի շարք հոդվածների դրույթներին, որոնք վերաբերում են անձի հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերին, ընթացակարգերին, դատավորի անկախությանը և այլն:
Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Խորհրդի՝ տասն անդամից կազմված լինելու վերաբերյալ սահմանադրական դրույթի գործողության պայմաններում Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունում գործածված «խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը» ձևակերպումը չի տեղավորվում «մեծամասնություն» եզրույթի ներքո:
Այս պամաններում Սահմանադրական դատարանը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը, որ դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումները կարող են ընդունվել 5 կողմ ձայնով, ճանաչել է Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող:
Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետը սահմանել է 2025թ. հուլիսի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին այն համապատասխանեցնելու ՍԴ-ի կողմից կայացված որոշմանը:
Նշենք, որ որոշումը կայացնելու ժամանակ ԲԴԽ նախագահը Կարեն Անդրեասյանն էր:
Լուսանկարում՝ Արթուր Ստեփանյանը
Մեկնաբանել