Դերենիկ Դումանյան. «Իմ առաջնային նպատակներից մեկն է, որ մարզի բժիշկը լավ վարձատրվի և լավ ապրի»
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ճամբարակի առողջության կենտրոն: Դերենիկ Դումանյանը հետաքրքրվել է կենտրոնի խնդիրներով, զրուցել բուժաշխատողների և բուժվող հիվանդների հետ:
Որպես ամենահրատապ խնդիր՝ ներկայացվել են շենքի անմխիթար վիճակը և պայմանները։ Կենտրոնը նաև նեղ մասնագետների կարիք ունի։ Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ կադրային պակասը կփորձեն լրացնել Երևանի պետական բժշկական համալսարանի այս տարվա շրջանավարտներով, նաև, ցանկության դեպքում, եղած մասնագետների վերամասնագիտացումով պետպատվերի շրջանակներում։
«Իմ առաջնային նպատակներից մեկն այն է, որ մարզի բժիշկը լավ վարձատրվի և լավ ապրի։ Այդ ուղղությամբ արդեն քայլեր ենք անում։ Բայց դուք էլ ձեր հերթին լավ պիտի աշխատեք։ Ճամբարակցին արժանի է թե ձեր հոգատարության, թե լավագույն հիվանդանոցի»,- ասել է Դերենիկ Դումանյանը։
Այնուհետև նա այցելել է Ծովագյուղի ամբուլատորիա: Այստեղ նրան զեկուցել են, որ վերջերս Այգուտ գյուղում արձանագրված տուլարեմիայի մեկ դեպքի առիթով բոլոր կոնտակտավորները և ռիսկի խմբում ընդգրկված ազգաբնակչությունը պատվաստվել են։
Սևանի հիվանդանոցի բժիշկների հետ Դերենիկ Դումանյանը քննարկել է ծնունդների' դեպի մայրաքաղաքային ծննդատներ անհարկի հոսքի խնդիրը։
Սևանի պոլիկլինիկայի հիմնական մասնաշենքն անցյալ տարի նորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, իսկ առողջապահության նախարարությունը կահավորել է այն: Դերենիկ Դումանյանը ծանոթացել է նաև պոլիկլինիկայի տարածքում գործող Շրջանային ակնաբուժական կենտրոնի գործունեությանը։
Այցի շրջանակներում առողջապահության նախարարը Գեղարքունիքի մարզպետի հետ մասնակցել է Արծվաշենի անկման 20-ամյակի առիթով կառուցված հուշակոթողի բացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել