
Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Ապրիլի 28-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն:
Կողմերն գոհունակությամբ նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը:
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և բազմոլորտ համագործակցությունը խթանելու հանձնառությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Մեկնաբանել