
«Արցախ» կամերային նվագախումբն արդեն պատրաստ է մեծ համերգի
Արցախի Հանրապետությունը 2004թ․-ից կամերային նվագախումբ ուներ: Հիմնադրման օրից այն գործել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ։ 2023թ․ սեպտեմբերին, Արցախից բռնի տեղահանվելուց և Երևանում հաստատվելուց հետո նվագախմբի 11 երաժիշտներն անգործ էին։ Երկու հեղինակավոր երաժիշտներ՝ սոպրանո Հասմիկ Պապյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որոշում են վերականգնել նվագախմբի գործունեությունը։ Երկար բանակցություններից հետո ՀԲԸՄ-ն համաձայնում է շարունակել ֆինանսավորումը։
«Ըստ էության, մենք նոր նվագախմբի կարիք չունեինք, Հայաստանում մի քանի նվագախումբ կա։ Մեր հիմնական նպատակը Արցախի անունը պահպանելն է՝ մինչև վերադարձի բաղձալի օրը կգա»,- իր նախաձեռնությունն այսպես է հիմնավորում Հասմիկ Պապյանը։ Մեծանուն երգչուհին առանձնակի գորովանքով է հիշում նվագախմբի հետ իր մի քանի ելույթները՝ Ստեփանակերտում ու Շուշիում։ Վերջին այցելությունը Արցախ 2020թ․-ին էր, մասնակցում էր Կանադայի Ատկեն հիմնադրամի «Զարթոնք» հանրապետական փառատոնին, որը մեկ ամիս տևեց։
«Նվագախմբի ղեկավարումը ստանձնելու պահից իմ ամենամեծ ցանկությունը երաժիշտների թիվն ավելացնելն էր։ Մեզ հաջողվեց ՀԲԸՄ-ին համոզել և հաստիքների թիվը 11-ից հասցնել 14-ի, որովհետև 11 հոգին նվագախումբ չէ, այլ անսամբլ»,- հայտնեց «Արցախ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանը։
Արցախում նվագախումբը գործել էր 11 հոգանոց կազմով, սակայն համերգների ժամանակ, բացը լրացնելու համար, երաժիշտներ էին հրավիրում Հայաստանից։ Կազմն ընդլայնելու նպատակով 2024թ․-ի հոկտեմբերին լսումներ են կազմակերպել, որին 70-ից ավելի երաժիշտ է մասնակցել։ Ընտրելուց հետո նվագախմբում արցախցի երաժիշտներից յոթն են մնացել։
«Նախապատվությունը արցախցիներին էինք ցանկանում տալ, բայց գաղտնիք չէ, որ դասական երաժշտությունը Արցախում առաջնահերթություն չի եղել։ Նվագախմբի առաջին ջութակահարը (կոնցերտմայստեր) արցախցի է, նվագախմբի տնօրենը, հաշվապահը, հոգաբարձուների խորհրդի անդամը արցախցի են»,- նշում է «Արցախ» հիմնադրամի տնօրեն Հասմիկ Պապյանը։
Նվագախումբը նոր կազմով առաջին ելույթն ունեցավ 2024թ․ դեկտեմբերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Մարտ ամսվա համերգի համար նվագախմբի կազմը փորձնականորեն ավելի էին ընդլայնել՝ ելույթ ունեցան 24 հոգով։ «Համերգային ծրագիրն էր այդպես պահանջում։ Շատերը կարծում են, որ ամենակարեւորը լավ գործիք ունենալն է, բայց այդպես չէ։ Միջին որակի գործիքից էլ կարելի է լավ հնչողություն ստանալ։ Աշխատանքն է ամենակարեւորը եւ առաջադրված նպատակները։ Իհարկե, երաժիշտների մեծ թվով հնչողությունը կատարյալ է, բայց դա նաև նոր մարտահրավեր է և հավելյալ աշխատանք է պահանջում»,- ասում է Նարեկ Հախնազարյանը։
Երևանում գործելու կես տարվա ընթացքում «Արցախ» նվագախումբը երեք համերգ է ունեցել, վերջինը՝ մարտ ամսին։ Խստապահանջ դիրիժորի ղեկավարությամբ գործող նվագախումբը կարճ ժամանակահատվածում մեծ առաջընթաց է արձանագրել։ Վերջին ելույթից հետո վստահություն է ծնվել, որ պատրաստ են մեծ համերգի։ Նարեկ Հախնազարյանը նվագախմբի հետ ելույթ ունենալու համար վստահորեն հրավիրել է աշխարհին հայտնի վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։
«Արցախ» կամերային նվագախմբի առաջին մեծ համերգը Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Սերգեյի հետ բազմաթիվ ելույթներ ենք ունեցել աշխարհի տարբեր երկրներում, բայց առաջին անգամ ենք համագործակցում որպես դիրիժոր և սոլիստ»,- ասում է Կամերային նվագախմբի դիրիժորը։
«Միջազգային ասպարեզում մեծ հաջողություններ գրանցած, երկու մեծ երաժիշտների միաժամանակյա ներկայությունը բեմում կարևոր իրադարձություն է հայ հանդիսատեսի համար։ Դա հնարավոր դարձավ աշխարհում մեծ ճանաչում ունեցող երկու տաղանդավոր երաժիշտների միմյանց նկատմամբ ունեցած փոխվստահության և հայրենիքին իրենց ծառայությունը նվիրաբերելու պատրաստակամության արդյունքում»,- շեշտում է Հասմիկ Պապյանը։
«Նվագախմբի կարողությունները բավարա՞ր են իրականացնելու համար այն ծրագրերը, որ դրել եք Ձեր առջեւ», մեր հարցին, նվագախմբի դիրիժորը հայտնեց, որ իր նպատակը «Արցախ» կամերային նվագախումբը համաշխարհային որակի հասցնելն է։
«Մենք կարող ենք հասնել դրան։ Այսքան կարճ ժամանակահատվածում նվագախմբի ունեցած որակական աճն այդ է ապացուցում։ Շատ հաճելի էին վերջին համերգից հետո արված մի քանի գրառումները, որ եվրոպական ձայն էր հնչում դահլիճում»,- պատասխանեց Նարեկ Հախնազարյանը։
Նվագախումբն արդեն հրավերներ ունի Կանադա, Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ասում է, որ մարտ ամսվա համերգից հետո այլևս չի պատկերացնում, թե ինչպես կարելի է նվազեցնել նվագախմբի կազմը։ Առաջիկա համերգին հանդես կգան 25 հոգով և շատ կուզենար երաժիշտների մեծ մասին որպես հաստիքային աշխատողներ տեսնել։ Համերգներին հրավիրյալ երաժիշտների հետ աշխատելով չի հաջողվի իրագործել իր նպատակները։ «Հիմա հավելյալ հովանավորների կարիք ունենք, ՀԲԸՄ-ի հետ պայմանավորվածությունը 14 հոգու համար է եւ շատ շնորհակալ եմ նրանց»,- նշեց դիրիժորը։
Մեծ նպատակին հասնելու համար տաղանդավոր թավջութակահարն ու դիրիրժորը կարևորում է ֆինանսական ազատությունը։ Շատ կարևոր է հանգիստ ստեղծագործելը, ժամանակը չվատնել ամեն համերգի համար հովանավորներ փնտրելով։ Ներկա իրավիճակում նվագախմբի յուրաքանչյուր համերգը ֆինանսական ռիսկ է համարում, նույնիսկ՝ արկածախնդրություն։
Հայտնի թավջութակահարը նշում է, որ երաժշտական աշխարհում իր ունեցած կապերը հնարավորություն են տալիս ապագայում լավագույն մենակատարների հրավիրելու համերգների։ Վստահ է, որ նրանց մեծ մասը սիրով և իրենց չափանիշների համեմատ բավականին մատչելի վճարով կընդունեն Հայաստանում ելույթ ունենալու իր առաջարկը։ Սակայն դա բավականին մեծ ֆինանսավորում է պահանջում, գոնե առաջին անգամվա համար՝ դահլիճի վարձակալություն, ճանապարհածախս, հյուրանոց, հոնորար և այլն։
Ի՞նչ ստեղծագործություններ է պլանավորում կատարել նվագախմբի հետ, մեր հարցին, Ն․ Հախնազարյանը հայտնեց, որ վերջերս Չինաստանում նվագել է ավստրիացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգի «Կերպարանափոխված գիշեր» ստեղծագործությունը։ Այն կամերային երաժշտության լարային գործիքների համար գրված ամենադժվար, բայց հանճարեղ ստեղծագործություններից է համարում, միաժամանակ ամենախորն ու ամենատպավորիչը։
«Շատ դժվար ստեղծագործություն է, իմ կարծիքով՝ կամերային նվագախմբի այցեքարտերից մեկն է, բայց իմ շատ հավակնոտ նպատակներից է, որ ուզում եմ կատարել։ 25 հոգանոց նվագախմբով կատարելն ավելի դժվար է, բայց մեր ունկնդիրը նոր բաներ պետք է լսի եւ հետ չմնա արտասահմանի շփացած հանդիսատեսից»,- ավելացրեց զրուցակիցս։
Մինչ այդ, կշարունակեն Վիեննայի դասական կոմպոզիտորներին ներկայացնել՝ Մոցարտ, Բեթհովեն, Հայդն և այլք։ Նախորդ երկու համերգային ծրագրում Մոցարտի ստեղծագործություններն էին ընդգրկել։ «Ինձ համար կարեւոր է, որ մեր նվագախումբը հնարավորինս շատ կատարի նրանց ստեղծագործությունները։ Այդ կոմպոզիտորներին կատարելը բացարձակ ինտելեկտ և հմտություն է պահանջում։ Ազնվորեն ասեմ, որ Հայաստանում միշտ դրա պակասը զգացել եմ»,- հայտնեց Նարեկ Հախնազարյանը։
Մեկնաբանել