
Անմխիթար էլեկտրասյուները սպառնալիք են բնակիչների անվտանգության համար
Վայոց ձորի բազմաթիվ համայնքներում էլեկտրասյուները գտնվում են վթարային, երբեմն՝ աղետալի վիճակում։ Տարիներով չվերանորոգված այս ենթակառուցվածքները ոչ միայն խոչընդոտ են անխափան էլեկտրամատակարարման համար, այլև սպառնալիք՝ բնակչության անվտանգության համար։
Իրավիճակը հատկապես սրվել է վերջին տասնամյակներին՝ բնական երևույթների և վթարային սյուների չվերանորոգման պատճառով։ Որոշ սյուներ խոնավությունից սկսել են փտել, մետաղական բաղադրիչները՝ ժանգոտել ու թեքվել։ Էլեկտրասյուների անմխիթար վիճակում են ոչ միայն արտաքնապես, այլեւ՝ տեխնիկական առումով. դրանք լուրջ վտանգ են ստեղծում տեղացիների կյանքի և գույքի համար։
«Ես ինձ ինչ հիշում եմ` այս սյունը կանգնած է, իսկ վերջին տարիներին վիճակն ավելի է վատացել։ Ամեն քամու ժամանակ վախենում ենք՝ մի օր չի դիմանա ու կընկնի հենց ճանապարհի վրա, էլ չեմ խոսում հոսանքազրկումների մասին, որ թեթև քամուց ժամերով լույս չենք ունենում, - պատմում է Քարագլուխ գյուղի բնակիչ Սամվել Կիրակոսյանը,- էլեկտրասյուների ամրացման աշխատանքներ իրականացվում են միայն այն ժամանակ, երբ վթար է լինում, հակառակ դեպքում ոչ մի ուշադրություն չի դարձվում»։
Իրավիճակը հատկապես վտանգավոր է գյուղերում։ Սյուները ոչ միայն չեն վերանորոգվում, այլ հաճախ չեն էլ դիտարկվում տեխնիկական վերահսկողության մարմինների կողմից։ Բնական երևույթները՝ ուժգին քամիները, ձյունառատ ձմեռները, ամռան խոնավությունը քայքայել են փայտե ու մետաղական կոնստրուկցիաները։ Երբեմն բնակիչներն իրենց միջոցներով են փորձում ամրացնել սյուները՝ օգտագործելով փայտե հենակներ կամ մետաղալարեր, ինչը ոչ միայն ժամանակավոր է, այլև՝ վտանգավոր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից փորձեցինք պարզել, թե վերջին 5 տարիներին Վայոց ձորի մարզի ո՞ր բնակավայրերում են փոխվել էլեկտրասյուները, քանի՞ էլեկտրասյուն է փոխարինվել նորով, քանիսը՝ նորոգվել, եւ վերջին 5 տարիներին մարզում քանի՞ վթար է գրանցվել էլեկտրասյուների մաշվածության պատճառով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ հետևյալ պատճառաբանությամբ․ «Տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար»։
Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։
Հաշվի առնելով, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը համարվում է գաղտնապահական, այն ենթակա չէ տրամադրման»։
Գրավոր հարցմամբ դիմեցինք նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել այդ տեղեկատվությունը, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին։
ՀԾԿՀ-ն պատասխանել է, որ կարգավորող հանձնաժողովում առկա չէ նման տեղեկատվություն, միևնույն ժամանակ Հանձնաժողովը դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ տեղեկատվությունը տրամադրելու պահանջով։
Մինչ օրս, սակայն, որևէ պատասխան չենք ստացել։
Նույն խնդրով դիմեցինք նաև Վայոց ձորի մարզպետարան՝ փորձելով ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանները, սակայն, դարձյալ պատասխան չստացանք։ Մարզպետ Կոլյա Միքայելյանն իր հերթին հորդորեց «ամբողջական տեղեկատվություն ստանալու համար դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին»։
Սյունե Կիրակոսյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանել