HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դամասկոսի և Հալեպի հայ երեխաներն իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հայաստանում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի սկզբում վարչապետը տեղեկացրել է, որ այսօր Երևան է տեղափոխվում սիրիահայ երեխաների առաջին խումբը, որն ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում։

«Այսօր մեր առաջին ինքնաթիռն ենք ուղարկել Դամասկոս, որտեղից մենք շուրջ 120 երեխա հրավիրել ենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց ամառային հանգիստը մեր ճամբարում։ Կառավարության նախորդ նիստի օրակարգում ընդգրկված էր այս հարցը, մենք պետական բյուջեից հատկացրինք միջոցներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ ժամը 10։30-ին արդեն «Արմավիայի» ինքնաթիռը մեկնեց Դամասկոս։ Վերադարձի հաշվարկային ժամանակը 14։30-15։00-ն է։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա այդ ժամին ինքնաթիռը Երևանում վայրէջք կկատարի, և ժամը 16։00-17։00-ի սահմաններում արդեն երեխաներին տեղավորած կլինեն ճամբարներում։

Ճամբարը պատրաստ է երեխաներին ընդունել, արտաքին գործերի, առողջապահության, սփյուռքի նախարարությունները, ոստիկանությունն իրենց մասով բոլոր աշխատանքները կատարել են։ Կոտայքի մարզպետարանը նույնպես ապահովելու է առողջապահական ծառայություններ մարզում: Առողջապահության նախարարությունը դիմավորելու և ճամբարներ է տեղափոխելու երեխաներին։ Երևանի քաղաքապետարանը զգալիորեն աջակցել է տրանսպորտային միջոցներ հատկացնելոն։ Հայաստանում Սիրիայի դեսպանը ցանկություն է հայտնել անձամբ դիմավորել երեխաներին։

«Օդանավակայանում կլինենք սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ, մնացած ծառայությունները, բնականաբար, կլինեն մեզ հետ։ Ամեն ինչ այս պահի դրությամբ նորմալ է, ցուցակներն արտաքին գործերի նախարարության խողովակներով հաստատված են։ Դամասկոսում մեր դեսպանատան և դիվանագիտական կառույցների, ինչպես նաև տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մշտական կապ կա. նրանք հիմա արդեն օդանավակայանում են և սպասում են ինքնաթիռին, որպեսզի կազմակերպված ձևով նրանց ճանապարհեն դեպի Երևան, մենք էլ ընդունենք»,- ասել է Վաչե Տերտերյանը։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում։

«Մենք մտադիր ենք ևս երկու ինքնաթիռ ուղարկել Սիրիա, և այս անգամ արդեն Հալեպից շուրջ 300 երեխա նույնպես պետք է տեղափոխենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց հանգիստը: Այս պահի դրությամբ պետք է շնորհակալություն հայտնենք «Պրոմեթեյ» բանկին առաջին չվերթի ֆինանսավորումն իր վրա վերցնելու համար։ Երկրորդ չվերթը, երբ կազմակերպենք, հանրությանը տեղյակ կպահենք՝ ովքեր են ֆինանսավորում պետության հետ համատեղ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter