Գողթում կկառուցվի ևս 3 հեկտար ջերմատուն, և 2.5 անգամ կավելանա վարդերի արտադրությունը
Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացրած Կոտայքի մարզի Գողթ համայնքում ջերմատան կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։
2011 թ.-ից գործող ընկերության ջերմատնային տնտեսությունում աճեցվում են Հոլանդիայից բերված բարձրորակ վարդեր, որոնց հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս և Շվեդիա։ Վարդերը մատչելի գներով իրացվում են նաև Հայաստանում։
Հավանություն ստացած ծրագրով նախատեսվում է գործող ջերմատան հարակից տարածքում 1-2 տարում կառուցել ևս 3 հեկտար ջերմատուն և 2.5 անգամ ավելացնել վարդերի արտադրությունը և արտահանումը։
Հաջորդ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել Գողթ գյուղական համայնքի ղեկավարի' համայնքի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3.5 հա անջրդի, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար ոչ պիտանի հողամասը կադաստրային արժեքով «Էկոտոմատո» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարելու առաջարկությանը։
«Ծրագրի իրականացման համար կկատարվի 3-4 մլրդ դրամի ներդրում, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի Գողթի բնակչության սոցիալական դրությունը»,- հայտնում է կառավարության կայքը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել