HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բռնության են ենթարկվել հիվանդին օգնելիս. 41 բուժաշխատող է տուժել 5 տարվա ընթացքում

Վերջին տարիներին ավելացել են մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ բուժաշխատողների և Շտապօգնության վարորդների նկատմամբ բռնության դեպքերը: 2020-2025թթ. փետրվարի 28-ի դրությամբ բռնությունից տուժել է 41 բուժաշխատող: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է բուժաշխատողների և Շտապօգնության մեքենաների վարորդների նկատմամբ բռնության 34 դեպք:

Հաճախ հանդիպող դեպքերից են՝ հայհոյանքներով ուղեկցվող խուլիգանական արարքներն ու ֆիզիկական բռնությունը:

Ա. Տեր-Մելիքսեթյանը 2022թ. դեկտեմբերի 4-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին  ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով վերջինիս կնոջը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն: Տեր-Մելիքսեթյանը գտնվել է ոչ սթափ վիճակում: Արդեն հիվանդանոցում շուրջ 15 րոպե բժշկական կենտրոնի աշխատակիցների հասցեին հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Երբ վիրահատական բաժնի վարիչ Արմեն Վարդանյանը մոտեցել է Ա. Տեր-Մելիքսեթյանին, վերջինս գլխով հարվածել է բժշկի ճակատին՝ վերջինիս առողջությանը պատճառելով գլխի ճակատային շրջանի սալջարդ վերքի ձևով, առողջության կարճատև քայքայումով մարմնական վնասվածք:

Բժշկական կենտրոնի ընդունարանից զանգահարել են Ոստիկանություն և  դեպքի վայր ժամանած Ոստիկանության ծառայողները Ա. Տեր-Մելիքսեթյանին տեղափոխել են Ոստիկանության բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով:

Ա. Տեր-Մելիքսեթյանն ընդունել է մեղքը և դատաքննությունն իրականացվել է արագացված կարգով: Բռնության հետևանքով տուժած բժիշկը ևս չի առարկել, որ քննությունն իրականացվի արագացված կարգով:

2024թ. նոյեմբերին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ: Խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու համար Ա. Տեր-Վարդանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ, իսկ խուլիգանության համար տուգանք՝ 767.856 դրամի չափով:

Նմանատիպ դեպքերը տարեկան հասնում են մոտ մեկ տասնյակի: Բուժաշխատողների նկատմամբ բռնության ամենաշատ դեպքերն արձանագրվել են Երևան քաղաքում, այնուհետև՝ Արարատի և Գեղարքունիքի մարզերում: Գլխավոր դատախազութունից «Հետք»-ին հայտնել են, որ վերը նշված բոլոր դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Հաճախ տուժում են ոչ միայն հիվանդանոցում մասնագիտական պարտականություններ կատարող բժիշկները, այլև կանչով մեկնած Շտապօգնության աշխատակիցները: 2020-2025թ. մայիսի 28-ի դրությամբ բռնությունից տուժել է Շտապօգնության 11 բժիշկ և 6 վարորդ:

Բուժաշխատողները, մեկնելով կանչի վայր, չեն կարող ենթադրել, թե ուր են գնում, ինչ պայմաններում են հայտնվելու: Նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն հայհոյելով կամ 1-2 հարվածներով բռնությունը չի սահմանափակվում:

2024թ. հունվարի 16-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հերթական կանչի ժամանակ Երևան քաղաքի Շտապօգնության բրիգադը մեկնել է բժշկական օգնություն ցույց տալու:

Հասնելով տեղ՝ երկու եղբայրներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել աշխատակիցներ Երվանդ Պետրոսյանի, Անահիտ Գևորգյանի և Ժաննա Ալեքսանյանի հասցեին, որից հետո քաշքշելով՝ վերջիններիս մտցրել են բնակարան և փակել դուռը: Եղբայրներից մեկը խոհանոցից վերցրել է դանակը և պահելով Շտապօգնության բրիգադի աշխատակիցների ուղղությամբ՝ սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Եղբայրները սպառնացել են, որ կսպանեն, կմորթեն, դանակով կխփեն, եթե իրենց մորը մի բան պատահի և մինչև իրենց մոր վիճակը չկարգավորվի որևէ մեկին թույլ չեն տալու բնակարանից դուրս գալ՝ այդ կերպ վերջիններիս ապօրինի զրկելով ազատությունից:

Եղբայրները ցուցմունք են տվել, որ իրենց հոր գերեզմանից տուն գալուց հետո հաց են կերել և ալկոհոլ օգտագործել: Ընթացքում մոր ինքնազգացողությունը վատացել է, որից հետո Շտապօգնություն են կանչել: Քանի որ հայրը մահացած է եղել, վախեցել են, որ մորը ևս կարող են կորցնել:

Դատարանը եղբայրներին դատապարտել է ազատազրկման՝ 3 տարի 1 ամիս 15 օր ժամկետով: Սակայն վերջիններիս պատշտպանը դատավճիռը բողոքարկել է՝ խնդրելով արդարացնել նրանց կամ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ 2020-2025թ. փետրվարի 28-ի դրությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 15 քրեական գործ, դատապարտվել է 12 անձ:

Հարկ է նշել, որ ոչ միշտ են պատշաճ նախաքննությամբ  գործեր ուղարկվում դատարաններ, ինչի հետևանքով ոտնահարվում են նաև տուժող բուժաշխատողների իրավունքները: Օրինակ՝ 2024թ. սեպտեմբերին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել այն հիմնավորմամբ, որ օրենքով սահմանված կարգով քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Մասնավորապես՝ 2024թ. մայիսի 5-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկ Աղվան Սևոյանը, բուժքույր Մերի Պողոսյանը և Շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Դավիթ Մինասյանը Շտապօգնության ավտոմեքենայով մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը՝ քաղաքացուն առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Հասնելով կանչի հասցե՝ տան դիմաց կանգնած է եղել Ա. Խ-ն: Աղվան Սևոյանի և Մերի Պողոսյանի իրեն չբարևելու հանգամանքը ցավագին ընդունելով՝ սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել նրանց և Շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Դավիթ Համբարձումյանի հասցեին՝ այդկերպ ստորացնելով նրանց։

Խուլիգանության հոդվածով մեղադրական եզրակացությունը հաստատվել և գործն ուղարկվել է դատարան: Սակայն, գործը դատարան ուղարկելուց հետո Ա.Խ-ի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի:

Դատարանը պարզել է, որ քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի ավագ տեսուչ հերթապահի զեկուցագրում, ինչպես նաև բժիշկ Աղվան Սևոյանի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ կազմված արձանագրության մեջ Մ. Խ-ին մեղսագրված դեպքի՝ սեռական բնույթի հայհոյանքներ տալու եղանակով ենթադրյալ խուլիգանություն կատարելու վերաբերյալ տվյալները բացակայում են: Քրեական վարույթ նախաձեռնելու մասին 2024թ. մայիսի 5-ի արձանագրության մեջ Մ. Խ-ի կողմից սեռական բնույթի հայհոյանքներ տալու եղանակով ենթադրյալ խուլիգանություն կատարելու վերաբերյալ տվյալներ նույնպես չկան:

Դատարանն արձանագրել է, որ ենթադրյալ խուլիգանություն կատարելու հանցագործության մասին պատշաճ հաղորդում քրեական գործով չի եղել, քաղաքացու կողմից խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, այսինքն՝ այդ դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել, հետևաբար որոշում է կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը։

Նմանատիպ յուրաքանչյուր դեպքից հետո Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածում՝ դատապարտելով բուժաշխատողների նկատմամբ կատարված բռնության դեպքերը: Հերթական դեպքի մասին 2025թ. ապրիլի 28-ին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում է եղել, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է Շտապօգնության վարորդը:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով: ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել Շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,- հայտնել էր նախարարը:

 

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter