
Քննվում է Տերտերասարի ոսկու հանքավայրի ապօրինի շահագործման հանգամանքը
Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Տերտերասար կոչվող տարածքից ոսկու հանքանյութի գողության առերևույթ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ մայիսի 28-ին Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասով (գողություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դրա շրջանակներում քննության առարկա է դարձել նաև Տերտերասարի ոսկու հանքավայրի առերևույթ ապօրինի շահագործման հանգամանքը։
Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը։
Տերտերասարի հանքավայրի համար նախկինում ընդերքօգտագործման իրավունք ունեցող Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ ինքն այնտեղ կուտակված հանքանյութ ունի, որը գողացել են, և որի համար ինքը դիմել էր իրավապահներին։ Հենց այս գործի շրջանակներում էլ պարզվել է, որ այնտեղ հնարավոր է ապօրինի շահագործում է կատարվել։
Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ քրեական վարույթով նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։
Նախաքննությանը զուգահեռ Տերտերասարի ոսկու համար պայքարը, երկու ընկերության միջև, շարունակվում է։
Ապրիլի 28-ին Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում Սիլվա Համբարձումյանի «Սիլվի ԷյՋի» ՍՊԸ-ն պաշտոնապես հանրային առաջին լսումն է անցկացրել։ Լսումներին եղել են թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվողներ։ Հետագա շահագործման դեպքում վտանգների մասին խոսել ընկերության ներկայացուցիչները չեն ցանկացել՝ պատճառաբանելով, որ դեռևս հետազոտության փուլն են իրականացնելու, և այս պահին վտնագներ չկան։ Ավելին, նշել են, որ հետագա շահագործման պարագայում հանքանյութի արդյունահանումը կիրականացվի միմիայն ստորգետնյա եղանակով։
«Սիլվի ԷյՋի» ՍՊԸ-ն, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, երկու հավասար բաժնետեր ունի՝ Սիլվա Համբարձումյանն ու Գևորգ Աֆանդյանը։ Նույն ռեգիստրի տվյալներից էլ պարզ է դառնում, որ ընկերության նկատմամբ կիրառված սահմանափակումներ կան, և 2021թ․-ի մայիսի 14-ին Սիլվա Համբարձումյանը սնանկ է ճանաչվել։
Նրա գործընկեր Գևորգ Աֆանդյանին «Հետքը» նախկինում անդրադարձել է:
Ապրիլի 30-ին Լիճք բնակավայրում հանրային երկրորդ լսումն է անցկացրել «Պրո կոնստրակտ» ՍՊԸ-ն։ Ընկերության տնօրեն Նարեկ Գևորգյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նորմալ աշխատանքային քննարկում է եղել։ «Լիճքի բնակիչներին ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչ ենք իրենց համայնքին տալու կամ նվիրելու, քանի որ արդեն նրանց ավտոբուս էին խոստացել»,- նշեց Նարեկ Գևորգյանը։
Մեղրի համայնապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համայնքը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Ավագանու առաջիկա նիստը մայիսի 25-ին է, այս հարցը դեռ չկա նիստի օրակարգում, սակայն հնարավոր է ընդգրկվի։ Միայն ավագանու նիստից հետո պարզ կլինի Մեղրի համայնքի վերջնական դիրքորոշումը։
Գլխավոր նկարում՝ Սիլվա Համբարձումյանը, ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել