
«Երևանի գարնանային վազք 2025» (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 4-ին, Հրազդանի կիրճում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Երևանի գարնանային վազք 2025» բարեգործական վազքի մրցույթը։
Այս տարի միջոցառմանը մասնակցեց ավելի քան 800 վազորդ՝ երեխաներ և մեծահասակներ, որոնք մրցում էին 1 կմ, 5 կմ, 10 կմ անհատական և 4x2.5 կմ թիմային փոխանցումավազք վազքատարածություններում։
Ըստ կազմակերպիչների՝ 2025 թվականի Երևանի գարնանային վազքի ողջ հասույթը կտրամադրվի «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին։ Հատուկ նպատակով ձեռք կբերվի վազքուղի մարզասարք, որը կհատկացվի հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ նրանց հնարավորություն տալով շարունակել թերապիաներն ու վերականգնողական մարզումները «Երազի տուն» մանկական կենտրոնում ստացած բուժումից հետո՝ արդեն տնային պայմաններում։
«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն, հիմնադրված 2012 թվականին, տարիներ շարունակ աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին` ապահովելով անվճար վերականգնողական բուժում, հատուկ գույք և մարզասարքեր՝ բարելավելու նրանց կյանքի որակը։
«Հետքի» հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Արմ Մարաթոն» հիմնադրամի տնօրեն Սոնա Նահապետյանը նշում է․ «Ուրախ ենք, որ ամեն տարի վազքն ու բարեգործության գաղափարը ավելի լայն տարածում են գտնում։ Մեր նպատակն է շարունակաբար միավորել մարդկանց առողջ ապրելակերպի, սոցիալական պատասխանատվության և փոխօգնության շուրջ։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու գործընկերներին՝ այս առաքելությանը միանալու և այն կյանքի կոչելու համար»։
«Երևանի գարնանային վազք 2025»-ի կազմակերպիչներն էին` «Արմ Մարաթոն» հիմնադրամը, TriClub Yerevan մարզական ակումբը և Երևանի քաղաքապետարանը։
Վազքի արդյունքներն՝ այստեղ։
Մեկնաբանել