HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Ապրել առանց Արցախի՝ նշանակում է չապրել»

Մասիս քաղաքի սոցիալական տան բակում կանգնած հենակներով տղամարդն աշխույժ զրույցի էր բռնվել հասակակից տղամարդու հետ։ Արդեն գիտեր, որ լրագրողներն իրեն են սպասում, բայց չէր շտապում ընդհատել զրույցը։ Հյուրին հրաժեշտ տալուց հետո հենակների օգնությամբ, բայց արագ քայլքով մոտենում է մեզ ու ներս հրավիրում Արցախից բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց հատկացված սոցիալական տան իր սենյակը։ 2023թ․-ին Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից տեղահանվելուց հետո Կառլեն Ջավադյանը կնոջ՝ Արևիկի հետ այստեղ է բնակվում։

Կառլեն Ջավադյանը 33 տարի հենակների օգնությամբ է տեղաշարժվում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992թ սեպտեմբերին, ականի պայթյունից կորցրել է մեկ ոտքը, մյուս ոտնաթաթի կեսը։ Վիրավորին տեղափոխել են Երեւան, մի քանի անգամ վիրահատվել է, Էրեբունի բժշկական կենտրոնում ութ ամիս բուժվելուց հետո վերադարձել Արցախ։ Երկու տարի է պահանջվել առողջությունը փոքր ի շատե վերականգնելու, հաշմված մնալու մտքի հետ համակերպվելու, կյանքն ու կենցաղը իր ֆիզիոլոգիական վիճակին համապատասխանեցնելու համար։

Ընդամենը 27 տարեկան էր, շուտով երկրորդ երեխան պետք է ծնվեր, 1-ին կարգի հաշմանդամի թոշակը ապրուստ չէր կարող համարել։ «Երկու տարուց ոտքի եմ կանգնել ու սկսել եմ առևտրով զբաղվել։ Սեփական խանութ եմ սարքել՝ անմիջապես տանս կպած, հարմարեցրել էի իմ վիճակին և աշխատում էի։ Իմ մեքենայով Երևանից մթերք ու տնտեսական ապրանքներ էի տանում խանութիս համար, 17 տարի աշխատեցրել եմ։ Երեք երեխեքիս դրանով եմ պահել, բարձրագույն կրթության տվել»,– պատմում է Կառլենը։

Դուստրերն օգնում էին հորը, երբ դպրոցական էին։ Հետո ուսանող դարձան, ամուսնացան ու հեռացան գյուղից։ «Օգնականների» աջակցությունից զրկվելուց հետո խանութը փակել է ու տաքսի քշել, սեփական խաղողի այգու մշակումն էր կազմակերպում և այլն։ «Լիարժեք զբաղվածություն ունեի ու եկամուտ»,- Գիշի գյուղի իր առօրյան է նկարագրում Կառլենը։

Տեղահանվելուց և Մասիս քաղաքում վերաբնակվելուց հետո տեղաշարժվելը խիստ սահմանափակվել է։ Անդամահատվածությունից բացի, առողջական շատ խնդիրներ ունի, խորհուրդ չի տրվում երկար նստել, բայց այդ վիճակում ո՞ւր գնա։ Օրվա մեծ մասը սենյակում է անցկացնում, որը և՛ ննջարան է, և՛ ճաշասենյակ, և՛ խոհանոց։ «Մարդու, որ ուզում ես անիծիս, ասի` անգործ լինես»,– ասում է Կառլենը՝ իր անգործության հետ չհաշտվելով։

Առողջական վիճակը տեղահանվելուց հետո ավելի է վատթարացել։ «Ձախ երիկամս չորացած է, չի աշխատում, աջ երիկամս մի անգամ վիրահատել են, քարը հեռացրել, բայց հիմա կիստաներով լիքն է։ 2021թ.-ին շտապօգնության մեքենայով Արցախից տեղափոխել են Երևան՝ լեղապարկս վիրահատելու համար, բայց չեն վիրահատել՝ կրեատինս բարձր էր, նարկոզ չէին կարող տալ։ Սրտանոթային խնդիրներ ունեմ՝ աորտան լայնացած է, առիթմիա է առաջանում, բայց վիրահատել չեն կարող»,- առողջական բազմաթիվ խնդիրներից ամենից շատ անհանգստացնողներն է նկարագրում Կառլենը։

Սեղանին լցված դեղերի արժեքի գումարային մոտավոր հաշվարկը 40 000 դրամից ավելի է։ Ամեն ամիս հաշմանդամության թոշակի մեկ երրորդը դեղերին է հատկացնում։ Բացի դրանցից, ամեն օր ցավազրկող է ընդունում, որը նույնպես դեղատնից է գնում։ Պոլիկլինիկայի բժիշկը հայտնել է, որ նրա ընդունած դեղերը ներառված չեն պետական պատվերի ցանկում, անվճար չեն կարող տրամադրել։

«Առաջին կարգի հաշմանդամին տրվող անվճար բուժօգնությունը ո՞րն է, դեղերը չեն տալիս, ընդամենը 5 րոպե բժիշկի մոտ մտնելու համար 20 000 դրամ են վերցնում, մի անգամ էլ այդքան պիտի վճարես, որ հետազոտությունները նայի՝ նշանակում անի»,- ասում է Կառլենը։ Մասիսի պոլիկլինիկայի ուղեգրով որոշ հետազոտություններ անվճար են իրականացրել Երևանի «Հերացի» համալսարանական հիվանդանոցում, բայց դրանք այլ հիվանդանոցում բժիշկին ներկայացնելու և նշանակումներ անելու համար 20 000 դրամ է վճարել։ Հայտնեց, որ բժիշկին այցելելու համար երկու անգամ «Աշխարհի բժիշկներ» ֆրանսիական կազմակերպությունն է վճարել։

Մասիս քաղաքի սոցիալական տունը վերանորոգվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորումով։ «Մեկ-մեկ ֆրանսիացիք այցի են գալիս ու հարցնում՝ գո՞հ եք։ Ասում եմ` չէ։ Մի բանով գոհ ենք, որ փողոցում չենք, բայց սրանով մեզ չեք կարա ուրախացնեք։ Էս ինչ որ մեզ տրամադրել եք՝ իմ հավաբունը սրանից մեծ, սրանից ավելի բարեկարգ է եղել»,- զայրութով ասում է Կառլենը։

Իր ծննդավայր Գիշի գյուղում երկհարկանի, 200 քմ տուն, սեփական խանութ, ավտոտնակ, փայտանոց, խաղողի այգի է թողել։ Փոքրիկ սենյակում, անգործությունից ու մարմնական ցավերից տանջվող, «չորս պատերազմի միջով անցած» 60-ամյա արցախցին անվերջ մտորում է, փորձում պատասխան գտնել կատարվածին։

«Պետության սխալ քաղաքականության, թե՞ դավաճանության պատճառով մեր ժողովուրդը հասավ էսօրին, մի հատ էլ հարցնում են` գո՞հ չեք»,- ասում է նա՝ չթաքցնելով վիրավորվածությունը։

«Փառք Աստծո, սոված չենք, ծարավ չենք, բայց ապրել առանց Արցախի՝ նշանակում է չապրել»,- պատասխանում է հարցնողներին։

2023թ սեպտեմբերի 19-ին, երբ վերջին անգամ ադրբեջանական բանակը հարձակվեց Արցախի վրա՝ արկերը գյուղի տակ էին ընկնում։ Կնոջ՝ Արևիկի պատմելով՝ անգամ այդ իրավիճակում մտքներով չի անցել գյուղից դուրս գալու մասին։ Հրետակոծության ժամանակ թաքնվում էին, բայց մի պահ հասցրել է նկարել տան բակ թափվող արկերի բեկորները։ «Մի օր հետո, երբ պատերազմը դադարեց, մտածեցինք՝ զինադադար է, կմնանք կապրենք մեր տներում, ինչպես դա եղավ 2020թ պատերազմից հետո»,- ասում է Արևիկը։  Սակայն շրջանի վարչական ղեկավարը սեպտեմբերի 22-ին գյուղում ժողով է արել ու հայտարարել, որ պիտի դուրս գան։

«Ով վառելիք ուներ՝ դուրս եկավ։ Ասում էին, որ 30 000 հոգու բաց չեն թողելու, Կառլենի մեջ տագնապ մտավ, որ հանկարծ ինքը չհայտնվի այդ ցուցակում»,- վերհիշում է զրուցակիցս։

Երեք դուստրերն իրենց ընտանիքներով Ստեփանակերտում էին բնակվում։ «Երեխեքն անընդհատ զանգում էին հարցնում` «խի՞ չեք դուրս գալիս, ձեզ ենք սպասում»։ Դրանից ինքն ավելի էր լարվում։ Դեռ մի օր ժամանակ կար, հա՛մ գիտեինք ինչ իրավիճակ է, հա՛մ էլ չէինք հավատում, որ պետք է հեռանանք։ Ձեռքդ չի գնում, որ քո տան միջից իրերը վերցնես ու դուրս գաս։ Մտածում ես` կարո՞ղ է մի բան փոխվի, ու չգիտեիր որից սկսես»,- հարազատ Արցախը լքելու երեք տառապալից օրերի հոգեվիճակն է նկարագրում Արևիկը։

Ասում է, որ ամենաթանկն իր համար ընտանեկան լուսանկարներն էին, նաև՝ երեխեքի խմբանկարները (վինետկա), որոնք գիշերը, մոմի լույսի տակ է հավաքել։ Առավոտյան երկու կարի մեքենաներն ու թելերն է տեղավորել ավտոմեքենայում՝ մտածելով, որ դրանցով, թեկուզ տանը նստած, հացի փող կաշխատի։ «Իմ տեղաշորն եմ հավաքել, ասել եմ` որտեղ որ քնենք, գոնե զգամ, որ իմ տեղաշորումն եմ ու սեպտեմբերի 25-ին մեր «Ժիգուլի»-ով դուրս եկանք գյուղից»,-սիրելի ծծնդավայրից տեղահանվելու, հարազատ տնից բաժանվելու ծանր ապրումներն է նկարագրում Արևիկը։  

Ասում է, որ 2020թ․-ից հետո մինչև 2023թ․-ի պատերազմն սկսվելը ամեն օր լուսանկարել է իրենց առօրյան։ «Ներսս մի զգացողություն է եղել, որ մենք դուրս ենք գալու, բայցև տան համար նոր կահույք էինք գնել»,- ասում է Արևիկը։

Գիշի գյուղից Ստեփանակերտ 40 կմ ճանապարհը 7 ժամում են անցել։ Ադրբեջանցիները կանգնեցնում էին մեքենաները, կապոցները քանդում, ստուգում։ Ասում է՝ երեխեքս սպասում էին, որ հասնեինք Ստեփանակերտ, բոլորս միասին դուրս գայինք։ Այդ օրը՝ սեպտեմբերի 25–ին, միջնեկ աղջկա ծնունդն էր, ի՞նչ ծնունդ, հաց էլ չկար ուտեին։ Տեղ հասնելուց մի երկու ժամ հետո վառելիքի պահեստի պայթյունը եղավ։

«Մեծ աղջկաս տանն էինք, երբ միջնեկս զանգեց, թե բենզինի զապրավկեն պայթել է, ամուսինն էլ այնտեղ է եղել։ Գնացինք հիվանդանոց, փառք Աստծո, լավ էր պրծել, ձեռքերն ու դեմքն էր այրվել։ Երկու–երեք օր սպասեցինք մինչեւ վերքերը մի քիչ լավանա և սեպտեմբերի 27–ին դուրս եկանք։ Ստեփանակերտից Գորիս 70 կմ ճանապարհն անցանք 32 ժամում։ Գորիս չհասած քույրս զանգեց ինձ ու հայտնեց, որ 82-ամյա հայրս՝ Գավուշ Էմիրյանը կորել է, չկա»,– պատմեց Արևիկը։

Ասում է՝ մինչ այդ պահը վստահ է եղել, որ հայրն ու նրա կողակիցը սեպտեմբերի 24-ին դուրս են եկել։ Զանգել էր հորը, նա հայտնել էր, որ ռուս զինվորականների ուղեկցությամբ Ստեփանակերտ են գնում։ Սեպտեմբերի 26-ին հոր հեռախոսն անհասանելի է եղել, ինքն էլ մտածել է, որ արդեն Գորիս են հասել։ Մեկ օր հետո, երբ իրենք Հակարիի կամուրջն արդեն անցել էին, քույրը զանգել է ու հայտնել, որ հայրը չկա։ Արդեն հետ դառնալու ճանապարհ չկար։ Գորիսում Կարմիր խաչին դիմում են գրել հորը փնտրելու համար և առայսօր ոչ մի լուր չունեն նրա մասին։

«Դրանից հետո անընդհատ իմ մտքում, իմ աչքի դեմը էն էր, որ հորս խոշտանգել են, իրա վերջին պահը էդ է եղել»,– հայտնեց Արևիկը։ Ու տևական սթրեսը գնալով վերածվել է դեպրեսիայի։

Կյանքը տեղահանությունից հետոհմուտ դերձակի համբավը «վատ լուրի նման» տարածվել է Մասիսում

Մասիս քաղաքում հաստատվելուց վեց ամիս անց Արցախում հայտնի դերձակ Արևիկ Էմիրյանը որոշում է կարի արհեստանոց բացել։ Գիշիի իր տնից վերցրած երկու կարի մեքենաներով դրամ վաստակելը օտար միջավայրում շատ իրատեսական չէր, բայց ընտանիքին կերակրել էր պետք։  

«Դժվար էդ որոշմանը եկանք, որ նորից կարի արտադրամաս բացեմ։ Ամուսինս ասում էր`վերջին գումարը դնում ես ու չգիտես գործ լինելո՞ւ է, թե՞ չէ։ Ասեցի` էդ իմ որոշումն է, հիմա կլինի–չի լինի՝ պիտի փորձեմ, ուրիշ տարբերակ չկա»,– պատմում է Արևիկը։

«Անծանոթ միջավայր է, ինձ ոչ ոք չի ճանաչում, Ղարաբաղը չի, որ ասեն` էս շորը Արևն է կարել, ուրեմն լավն է։ Արցախում իմ տանն էի աշխատում, եթե համաձայնում էի, որ պիտի կարեմ՝ հաճախորդներն էին ինձ մոտ գալիս, իմ գործը բավականին պահանջված է եղել»,- ասում է Արևիկը։

Մասիսում վարձակալած փոքրիկ արտադրամասում Արևիկը միջնեկ աղջկա՝ Մարիամի հետ վերսկսում է կարի աշխատանքը։ «Աղջիկս ասեց` մա՛մ, արի մի քանի թել գցենք գետնին, որ մտնողը իմանա գործ ունենք։ Ասի՝ լինելու է, մի՛ մտածիր։ Առաջին աշխատանքից հետո վատ լուրի նման տարածվեց անունս։ Ես իմ հաճախորդների վճարներով տարածքի առաջին ամսվա վարձը՝ 100 հազար դրամը փակեցի»,– պատմում է դերձակը։

Կարճ ժամանակում Արևիկը պահանջված է դառնում նաև Մասիսում։ Ինչպես ինքն է ներկայացնում՝ էնքան փչացրած շորեր են բերում, մարդիկ զարմանում են, թե ոնց ենք «վերակենդանացնում», հետո այդ մարդու բոլոր բարեկամներն իրենց մոտ են գալիս։ Այդպես հաճախորդները շատացան, սակայն առողջական խնդիրները թույլ չէին տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա։ Ասում է՝ առավոտ գալիս էի, նայում հագուստների կապոցին, բայց տրամադրություն չունեի որևէ բան անելու։

«Ներվային էի, ամեն ինչն ազդում էր վրաս։ Հոգեբանի մոտ էի գնում, մի ժամ հետը խոսում էի, լացում, որովհետեւ երեխեքիս մոտ չէի կարող, չէի ուզում իրենք իմ հոգեվիճակը տեսնեին։ Մի օր գլխապտույտ ունեցա ըստեղ, քիչ էր մնում՝ ընկնեմ։ Հասկացա, որ լավ չեմ, բժշկի կարիք ունեմ, ու դիմեցի հոգեբույժի»,- տեղահանությանը հաջորդած առողջական խնդիրներն է նկարագրում Արևիկը։

Ասում է՝ դեղերը բավականին օգնել են և հիմա է հասկանում, թե ինչ էր հետը կատարվում։ «Էն վախտ ամեն ինչ ազդում էր վրաս։ Օր էր լինում՝ ոչինչ չէի ուզում անել, փակում էի ու գնում տուն, տնից էլ չէի ուզում դուրս գալ, բայց հիմա եմ հասկանում, որ լավ չեմ եղել»,- պատմում է նա։

Սթրեսներն, այնուամենայնիվ, անհետևանք չեն մնացել Արևիկի տեսողությունը կտրուկ վատացել է, հինգ ամիս առաջ աչքը վիրահատել է։ Դրանից հետո այլ խնդիրներ են ի հայտ եկել։ 

«Սկզբից, որ բացել եմ, ասել եմ` ուզում եմ էս մեքենաները հանեմ, շպրտեմ, բայց չգիտեմ՝ ուր գնամ։ Հետո հասկացա, որ իմ տեղը էս անկյունն է»,– ասում է հմուտ դերձակը։

Համայնքապետարանից առաջարկել են մասնակցել արցախցիների համար իրականացվող բիզնես դասընթացներին։ Ծրագիրն իրականացնող, Սփյուռքում հիմնադրված «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունից ցանկացել են տեսնել Արևիկի կարած զգեստները, 10 օր հետո հայտնել են, որ ընդունվել է։ Մոտ 4 ամիս մասնակցել է դասերին, քննություն է հանձնել ու դարձել նրանց շահառուն։ Անցած սեպտեմբերին 3000 դոլարի ֆինանսավորում է ստացել, որով ասեղնագործող մեքենա է ձեռք բերել, կարի համար անհրաժեշտ պարագաներ՝ արդուկ, արդուկի սեղան, մանիկեն և այլն։ Այնուհետև «Առաքելություն Հայաստան», «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի դասընթացներին է մասնակցել, նրանց ֆինանսական աջակցությամբ կրկին կարի մեքենաներ է գնել և կտորներ՝ անկողնային պարագաներ կարելու համար։

Երբ նոր էին սկսել՝ թեթև գործերն էր դստերը տալիս, հիմա ցանկացած գործ վստահում է Մարիամին: «Ամենաշատը նրանից եմ ինձ լավ զգում, որ իմ երեխուն հասցրի մի բանի, իր օրվա հացը աշխատում է»,- ասում է նա։

Տառապանքն իմաստնացրել է երեք դուստրերի մորը։ «Դժվարությունը պիտի հաղթահարես, որ թուլանաս, ավելի կխճճվես, ճահիճը կընկնես։ Ես էդ վիճակից ավելի ուժեղ եմ դառնում»,– խորհուրդ է տալիս հայրենակիցներին։

Կարելուց ի՞նչի մասին եք մտորում, ի՞նչ երազանքներ ունեք հարցնում ենք Արևիկին։ «Առաջինը՝ մեր տները գնանք։ Մեր երեխեքն ավելի շատ են ուզում, եթե երեխան է ուզում՝ պատկերացրու մեծերն ինչքան կուզեն։ Ինչքան էլ լավ լինի ստեղ, հիմա որ ասեն՝ գնում ենք, էս մեքենաներս, եթե հնարավորություն էլ չլինի հետս տանեմ՝ կնվիրեմ, իմ բերած երկուսն էլի կվերցնեմ, կգնամ հետ Արցախ»,– ասում է Արցախի Գիշի գյուղից տեղահանված, Արարատի մարզի Մասիս քաղաքում վերաբնակվող Արևիկ Էմիրյանը։

Լուսանկարները՝ Միլենա Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter