HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. Դատախազություն

2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացել է մեղադրական դատավճիռ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իրենց հետ նույն տանը բնակվող Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի հետ, ձեռքերով և փայտով հարվածներ են հասցրել Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսականորեն կարևոր օրգաններին: Ա.Թ.-ն, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մահացել է: Ռ.Կ.-ին ևս պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ռ.Կ.-ին սպանել են հաջորդ օրը՝ պոլիէթիլենային տոպրակով խեղդելու միջոցով: Սպանություններից հետո Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի  դիերը թաղել են տան բակում նախապես փորված փոսում։

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 11-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ հանցանքը թաքցնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանություն):

2024 թվականի հունվարի 9-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ:

2025 թվականի մայիսի 5-ին Դատարանի դատավճռով Է.Ե.-ն դատապարտվել է 19 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Է.Մ.-ն՝ 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter