Տարոն Մարգարյան. «Մի քանի տարվա ընթացքում Երևանի բոլոր բակերը կլինեն բարեկարգ և հարմարավետ»
Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ: Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջանի բակը ևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով էին կահավորվել նաև Քուչակ և Չարենց թաղամասերի բակային տարածքները: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, իրականացվել են կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ:
Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին բակերի բարեկարգման համար' ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումը շատ կարևոր է: Քաղաքապետն էլ բնակիչներին կոչ է արել մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին: Տարոն Մարգարյանը շրջել է բակերում:
Երևանի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների կեսն արդեն արված է, մյուս կեսն ընթացքի մեջ է:
«Մենք դեռ տարեսկզբին խոստացել էինք, որ բակերի համալիր բարեկարգման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացնենք, ու այսօր բոլորն են համոզվում, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում հետզհետե ավելանում են բարեկարգ բակերը: Այս ուղղությամբ տարեկան ծրագիրը դեռևս չի ավարտվել, և մինչև տարեվերջ դեռ մի քանի տասնյակ բակեր ևս կբարեկարգենք ու կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Ընդհանրապես այս ծրագիրը կլինի շարունակական, ու մի քանի տարվա ընթացքում Երևանի բոլոր բակերը կլինեն բարեկարգ և հարմարավետ»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Բրյուսով թաղամասի նորաբաց բակի տեղում նախկինում ամբողջությամբ ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ են եղել: Նախկին անխնամ տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է այստեղ, լի բազմաթիվ խաղացող երեխաներով:
Քաղաքապետի հետ անմիջական շփումների ընթացքում բնակիչները ներկայացրել են նաև իրենց հուզող խնդիրները: Տարոն Մարգարյանը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է առավել հետևողական լինել բնակիչների բարձրացրած հարցերին հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում:
«Բոլոր վարչական շրջաններում էլ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն, ինչը կարևոր և առաջնահերթ անհրաժեշտություն է բնակչի հոգսերին անձամբ տեղեկացված լինելու և դրանց հնարավորության սահմաններում անմիջապես լուծումներ տալու համար: Այս նպատակով նաև քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներն են սահմանված ժամանակացույցով հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ»,-նշել է քաղաքապետը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել