
Կթվայնացվեն տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունները
Կառավարությունը հայտնում է, որ ընդունել է որոշում, որը պայմանավորված է տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։
«Մինչ օրս Ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակի միջոցով այդ կարգավորումների արդյունքում որևէ տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում չի կատարվել, քանի որ նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն անձի էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում, ինչը հանրության շրջանում դեռևս տարածվածություն չունի։
Որոշմամբ առաջարկվում է տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և հաշվառումն ամբողջությամբ թվայնացնել, այդ թվում՝ նախատեսելով անձի ցանկությամբ թվային հաշվառման վկայագիր ունենալու, հաշվառման համարանիշերը չփոխարինելու, իսկ դրանց փոխարինելու դեպքում փոստային առաքմամբ դրանք ստանալու հնարավորություններ։
Նշված կարգավորումների արդյունքում անձն իր կամահայտնությամբ կարող է ամբողջովին ազատվել նաև Ներքին գործերի նախարարության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելելու անհրաժեշտությունից։
Այս համատեքստում վարչապետը նշել է, որ ֆունդամենտալ խնդիրն է հետևողական լինել ինչպես որոշումների կայացման, այնպես էլ փոփոխությունների իրականացման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել