
Սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի
Կառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ որոշմամբ առաջարկվում է՝ հստակեցնել և լրամշակել գործող Ծրագրով սահմանված դիմումի մերժման հիմքերը: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին տրամադրել ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝ ֆերմերային տնտեսության կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 ՀՀ դրամը, նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 ՀՀ դրամը։
Ընդ որում՝ փոխհատուցում չի տրամադրվում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն ձեռք բերող այն ֆերմերային տնտեսություններին, որոնք հանդիսանում են ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներ և սպանդանոցի սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ սպանդանոցի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձիք կամ նրանց ընտանիքի անդամներ (ծնող, ամուսին, զավակ)։
Նոր Ծրագրի շրջանակներում ստացվող դիմումների ուսումնասիրությունը և ծրագրի ընթացքի մոնիթորինգը նախատեսվում է իրականացնել սպանդանոցների տեղակայման վայրի համայնքների ղեկավարների աշխատակազմերի ներգրավմամբ և այդ նպատակով նախատեսվում է համայնքներին հատկացնել ստացված դիմումների հիման վրա կազմված եզրակացություններում նշված շահառուներին փոխհատուցման ենթակա գումարների 3%-ը՝ ստացված դիմումների ուսումնասիրության և մոնիթորինգի իրականացման համար։
Վարչապետն անդրադարձել է ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդրին, որը բարձրաձայնվել է Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում ֆերմերային տնտեսություններ այցի ժամանակ. «Գործարարը, տնտեսվարողն ասում էր, որ շատ ավելի ճիշտ է ոչ թե ուղղակի սպանդանոցային համակարգը, այլ ճիշտ է, որ գլխաքանակը նման տնտեսությունները հավաքեն, որ բտման դնեն, որպեսզի մսատվությունը շատանա: Եվ այդտեղ ավելացված արժեքի հետ կապված պրոբլեմն ավելի էր սրվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այցից հետո կայացվել է համապատասխան որոշումը:
Երկրի ղեկավարը նաև նշել է, որ այս որոշման կայացման հիմքում էլ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացված խնդրի լուծմանն է ուղղված:
Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի
Մեկնաբանել