
ԶԼՄ-ին կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ. Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել
Զանգվածային լրատվության միջոցներին, բացի հերքման և պատասխանի իրավունքի պահանջ ներկայացնելուց, Արդարադատության նախարարության առաջարկով կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ։ Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Արդարադատության նախարարությունն այս նախագծով առաջարկում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում։
Նախարարության առաջարկով լրատվամիջոցին տեղեկատվության հեռացման պահանջ կարող է ներկայացվել առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութի մասով։
Հերքման կամ հեռացման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է պահանջը:
Հերքման և հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման։
Լրատվամիջոցը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, իսկ հեռացման պահանջը ստանալուց հետո՝ անհապաղ, պարտավոր է հերքման կամ հեռացման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու կամ հեռացում կատարելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը կամ հեռացումը մերժելու մասին: Տեղեկատվության հեռացումը պետք է կատարվի դրա պահանջը ստանալու օրվանից հետո անհապաղ։
Եթե լրատվամիջոցը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ հեռացնել հրապարակումը, խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու կամ հրապարակումը հեռացնելու հայցով:
Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում նաև «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում, ըստ որի նախատեսվել է վիրավորանք կամ զրպարտություն համարվող տվյալների հեռացման գործիքակազմի ներդրում, ինչը նախկին կարգավորումների պարագայում բացակայել է։
Նախարարությունը փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ Սահմանադրական դատարանի 2024թ. հոկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1752 որոշման համաձայն՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 31-րդ հոդվածին, այն է՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր:
Նախատեսվում է, որ եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ՝ ներառյալ վերջինիս վերաբերյալ տվյալ հարթակի օգտատերերի մեկնաբանություններում, ինչպես նաև, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի օգտատիրոջ էջում հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման մեջ, ապա բացի 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասում արդեն իսկ առկա պաշտպանության միջոցներից (հրապարակային ներողություն), անձը կարող է դատական կարգով պահանջել նաև հեռացնել այդ գրառումը՝ ամբողջությամբ։
Այս դեպքերում անձը կարող է դատական կարգով պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում, այսինքն՝ 3 մլն դրամ:
Հերքման ձևը և պատասխանը, ինչպես նաև նաև հեռացման ենթակա՝ զրպարտություն համարվող փաստացի տեղեկատվության ծավալը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ընդ որում, դատարանը լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակում հրապարակած տեղեկատվության մեջ տեղ գտած զրպարտության հերքման ձևը և պատասխանը հաստատելիս ևս ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, որքանով այն կիրառելի է նշված դեպքի նկատմամբ»։
Մեկնաբանել