HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

ՏԻՄ ընտրությունների խեղկատակությունը, կամ երբ ընդդիմությունը պայքարելու ցանկություն չունի

Օգոստոսի 10-ին ավարտվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրումների ժամկետը, և արդեն իսկ ակնհայտ է, որ այս ընտրություններում իրական մրցակցություն չի լինելու: Առաջադրումները հիմնականում կատարել են իշխող Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, շատ են նաև անձնական նախաձեռնությամբ ինքնաառաջադրումները:

Բայց ամենաէականն այն է, որ ընդդիմությունը ՏԻՄ այս ընտրություններին փաստացի չի մասնակցում: Խոշոր համայնքներից, որտեղ են հիմնականում ընթանում քաղաքական սուր պայքարն ու մրցակցությունը, միայն մեկում՝ Գյումրիում է ՀՅԴ-ն թեկնածու առաջադրել: Խորհրդարանական մնացած ընդդիմադիր համարվող ուժերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ոչ մի թեկնածու ոչ մի համայնքում այդպես էլ չառաջադրեցին:

Եթե նկատի ունենանք, որ քաղաքային համայնքներում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առաջադրումները կատարել են հիմնականում փոխհամաձայնության և իրար չխանգարելու սկզբունքով, կարելի է եզրակացնել, որ ընտրություն՝ որպես այդպիսին, ընդհանրապես չի լինելու, և մենք ականատես ենք լինելու առավելագույնը անձնական, խմբակային շահերով պայմանավորված տեղական բախումների: Իսկ Թալինում վերջերս կայացած ընտրությունների որակն ընդհանրապես ցույց է տալիս, որ իշխանությունն ապավինելու է վերընտրվելու այն նույն մեթոդներին, որոնք հաջողությամբ կիրառվեցին մայիսյան խորհրդարանական ընտրություններում:

ԲՀԿ-ի ակտիվությունն այս ընտրություններին անկասկած մատուցվելու է որպես այլընտրանքի և ազատ քաղաքական մրցակցության առհավատչյա: Հերթական անգամ ԲՀԿ-ի այս խաղը երկընտրանքի առջև է դնում ընդդիմությանը՝ նրա թեկնածուներին սատարելու կամ չսատարելու առումով: Եվ ստացվել է այնպես, որ հերթական անգամ ընդդիմադիր դաշտը հայտնվել է ԲՀԿ-ի նկատմամբ վստահության, որոշակիության բացակայության ճիրաններում:

Մի կողմից Գյումրիում ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին ՀՀԿ-ի պաշտպանելու որոշումն ակնհայտ է դարձնում, որ կրկին գործ ունենք ծրագրված ելքով ընտրությունների հետ, իսկ մյուս կողմից՝ ԲՀԿ-ին որպես այլընտրանք կամ ընդդիմություն չճանաչելը, նրա թեկնածուներին տարածքներում չպաշտպանելը նշանակում են ընդդիմադիր ուժերի մարգինալացում, ինչն այդ ուժերի համար վտանգավոր է հատկապես նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը որոշելու իմաստով: Հիմա ընդդիմությունը պետք է սկսի ծածուկ կամ հրապարակայնորեն պաշտպանել ԲՀԿ-ի դիրքերը ՏԻՄ ընտրություններում կամ չեզոքություն պահպանել:

Ընդդիմության նման պասիվության պատճառը թերևս այն է, որ նրանք իշխանության թեկնածուների և նրանց ընտրությունը երաշխավորող մեթոդների դեմ պայքարելու հնարավորություն չեն տեսնում: Սա, իհարկե, օբյեկտիվ է: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունը, քաղաքականացնելով կամ նույնիսկ կուսակցականացնելով ՏԻՄ ընտրությունները, լուծում է շատ կոնկրետ խնդիր. տեղերում ապահովում է վստահելի էմիսարների մի հանրույթ, որը հատկապես համապետական ընտրություններին ստանձնում է տեղերում իշխանության վերարտադրությունն ապահովող կազմակերպչի ու համակարգողի առանցքային դերակատարությունը:

Կուսակցականացված քաղաքապետները, գյուղապետները կոչված են ոչ այնքան տեղական նշանակության խնդիրները լուծելու և համայնքի անդամների շահերը ներկայացնելու, որքան կուսակցական հրահանգները կատարելու՝ այն պատճառով, որ նրանցից շատերը, հատկապես խոշոր համայնքներում իրենց ընտրության համար պարտական են դառնում ոչ թե սովորական ընտրողին, այլ իրեց քաղաքապետի կամ գյուղապետի պաշտոն «գործուղած» կուսակցությանն ու կուսակցապետին: Արդյունքում ՏԻՄ համակարգը՝ որպես այդպիսին, փաստացի դադարում է գոյություն ունենալ:

Հետևաբար, ՏԻՄ ընտրությունները ընդդիմության համար քաղաքական լուրջ նշանակություն պետք է ունենային երկու հիմնական նկատառումով: Նախ՝ դա միջոց պետք է լիներ ՏԻՄ համակարգը, որը Հայաստանի տարածքային կառավարման անկյունաքարն է, փրկելու համար: Եվ երկրորդ՝ սա միջոց էր գոնե փորձելու վերահսկողության տակ առնելու ընտրակեղծիքների ապահովման կարևորագույն խողովակներից մեկը: Մի բան, որ ներկա պահին, ընդդիմության ներուժից ելնելով, պետք է որ ավելի կարևոր լիներ, քան ընտրություններում հաղթանակ տանելու մասին մտածելը, ինչն անիրատեսական է:

Եվ այստեղ ընդդիմությունն իր տրամադրության տակ ուներ մի շատ կարևոր գործիք՝ ավագանին: Իշխանությունը և հասարակությունը դեռևս չեն գիտակցում ավագանու ինստիտուտի քաղաքական նշանակությունը: Եթե այն իրապես գործեր այսօր, ապա համայնքների մեծ մասում մենք գործ չէինք ունենա տեղական մեծ ու փոքր իշխանիկների, համայնքապետների կամայականությունների հետ: Իրականում ՏԻՄ համակարգի ոչնչացման իրական պատճառը թաքնված է հենց ավագանու դերակատարության քաղաքական նսեմացման մեջ:

Ընդդիմությունը կարող էր ոչ թե համայնքապետների ընտրություններով պայմանավորել իր մասնակցության նպատակահարմարության հարցը, այլ ավագանու, որում ընտրվելու հնարավորությունը շատ ավելի մեծ է՝ ավելի փոքր մասշտաբի մրցակցության և ավագանու ինստիտուտի նկատմամբ իշխանության դրսևորած նկատելի անտարբերության պատճառով:

Դա հնարավորություն կտար ոչ միայն համայնքային նշանակության հարցերի լուծման, այլև ընտրություններում համայնքապետների ունեցած դերակատարության հարցերում վերահսկողություն իրականացնել ու շատ ավելի առարկայորեն, գոնե մասամբ լուծել ընտրակեղծիքների կազմակերպման գործընթացը, թեև դրա համար նախ անհրաժեշտ պետք է լիներ առաջադրել ավագանու այնպիսի թեկնածուների, որոնք հետագայում, անձնական շահերից ելնելով, չէին դառնա համայնքապետների քայլերն ու որոշումները վավերացնող նույնպիսի «դակիչներ», ինչպիսին ներկայիս ավագանիների մեծագույն մասն է:

Դժվար է ասել՝ արդյոք Երևանի քաղաքապետարանը կարո՞ղ էր Փակ շուկան ավերելու արտոնությունը տալ, եթե Երևանի ավագանու ՀԱԿ-ի խմբակցությունը սառեցրած չլիներ իր մանդատը, և դրանով ապահովված չլիներ քաղաքապետի և ավագանու գործելու ամենալայն ազատությունը: Նույնը կարելի է ասել նաև Աբովյան փողոցի բուտիկները Մաշտոցի պուրակ տեղափոխելու որոշման մասին: Եթե այդ խմբակցությունը գործեր, բոլոր այս խնդիրները առնվազն քննարկման առարկա կլինեին քաղաքական մակարդակով, և գուցե քաղաքացիական շարժումն էլ որակապես այլ լիներ:

Փաստ է արդեն, որ ընդդիմությունն այս շանսը չօգտագործեց: Եվ բաց է մնում այն հարցը, թե եթե նման գործիքը օգտագործելու ցանկություն չկա, ապա ինչպե՞ս է այն պատրաստվում առհասարակ մասնակցել նախագահական ընտրություններին և հուսալ ազատ և արդար ընտրություններ: Իշխանության վերարտադրության ապահովման հարցում իր այս պասիվությամբ ընդդիմությունը կամա թե ակամա դառնում է պատասխանատու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter