HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2026 թ. Հայաստանը կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի տարեկան նիստը: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ լրատվականից։

Կառավարման խորհուրդը միաձայն հաստատել է ԵԽ «Մշակութային ուղիների» 15-րդ տարեկան խորհրդակցական համաժողովը և կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը Հայաստանում կազմակերպելու ՀՀ առաջարկը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: 

Խորհրդակցական համաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի կարևորագույն իրադարձություն, կազմակերպվում է համաձայնագրի անդամ-պետություններից մեկում՝ յուրաքանչյուր տարի նոր թեմայի շուրջ համախմբելով «Մշակութային ուղիների» և անդամ-պետությունների շուրջ 300 ներկայացուցիչների: 

Վերոնշյալ նիստում Հայաստանի ներկայացուցիչ Աստղիկ Մարաբյանը նաև ընտրվել է կառավարման խորհրդի վարչության անդամ: Վարչության նոր կազմը հաստատվել է հետևյալ անդամությամբ. Իսպանիայի ներկայացուցիչ՝ նախագահ, Հունգարիա՝ փոխնախագահ, անդամներ՝ Իտալիա, Չեխիա, Հայաստան: 

Կառավարման խորհրդի տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Մշակութային ուղիների» 8 նոր հայտեր: Տեղի է ունեցել 8 «Մշակութային ուղիների» ընթացիկ, ինչպես նաև 2 «Մշակութային ուղիների» արտակարգ կարգավիճակի վերագնահատումը:

Նշենք, որ «Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թ. Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոնի: Միաժամանակ, այն ցույց է տալիս, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը և կենսունակությանը: 

2015 թվականից Հայաստանը «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է: Հայաստանն անդամակցում է «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմ», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի» մշակութային ուղիներին: 2023 թ. հաստատվել է Հայաստանի մշակութային ուղիների քարտեզագրման փաստաթուղթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter