
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ լրատվականից։
Դուշանբեի Ս․ Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է փառատոնի մեկնարկը։ Ներկա են եղել Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք երկրների թատերական պատվիրակություններ, մշակութային գործիչներ։
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել Ա․ Լախուտինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմում՝ «Միրհավ» (հեղինակ՝ Ակսել Բակունց) ներկայացմամբ:
Արվեստում ունեցած ներդրման, դերասանական և ռեժիսորական բարձր պրոֆեսիոնալիզմի և թեմայի արդիականության համար «Միրհավ» ներկայացումն արժանացել է դիպլոմի։
Նշենք, որ փառատոնին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Իրանի, Տաջիկստանի թատրոնները:
Մեկնաբանել