
Վարորդական վկայականի ստացման գործընթացը կթվայնացվի
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերին, որոնցով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Հարկ է նշել նաև, որ որոշմամբ չի բացառվում ֆիզիկապես հաշվառման վկայագիր և վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն։
Որոշմամբ առաջարկվում է նաև սահմանել պետական տուրք վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի թվային տարբերակի հատկացման համար՝ դրանց ֆիզիկական տարբերակի հատկացման համար նախատեսված չափով։ Ստորեւ՝ Կառավարության հաղորդագրությունը այդ որոշման մասին։
Միաժամանակ, որոշման արդյունքում ՀՀ Կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակներում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայնացնելու և անձի՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանում այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախագծով առաջարկվում է նաև ՀՀ կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակներում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայնացնելու և անձի ՀՀ ՆԳՆ լիազոր մարմին այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախատեսել պետական տուրք տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի և հաշվառման վկայագրերի առաքման համար՝ արժեքի մասով հիմք ընդունելով այն, որ համարանիշերի քաշը կազմում է մոտ 480 գրամ, որի պատվիրված ծանրոցային առաքման արժեքն է մոտ 2000 ՀՀ դրամ՝ ըստ փոստային հաշվիչի, իսկ առաքման համար ծառայության մատուցման համադրմամբ այդ ծառայության համար նախատեսել 5000 ՀՀ դրամի չափով տուրք։
Հանրային պահանջարկով պայմանավորված՝ առաջարկվում է նաև նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000 / 30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լավարկել տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործընթացը, ինչպես նաև ապահովել վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը և վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունը բացասական հանձնած անձի կողմից օրենքով սահմանվող վճարի դիմաց հնարավորություն կտրվի արտահերթ մասնակցելու հաջորդ որակավորման քննությանը։
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, արդյոք դիտարկվում է վարորդական իրավունքի ձեռքբերման քննությունը պատվիրակելու հարցը՝ այն համատեքստում, որ հավաստագրված ուսում իրականացնող կառույցի կողմից քննությանն անցկացումն ավելի արդյունավետ կլինի: Ի պատասխան ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը նշել է. «Ձեր նշած տարբերակը, բնականաբար դիտարկում ենք: Այս պահին քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ անպայման լինի կրթական բաղադրիչ և Կառավարությունը, այս դեպքում՝ Ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները, որոնք կարիք կլինի ունենալ կրթական պրոցեսում, իսկ մասնավոր ընկերությունը հնարավորություն կունենա սպասարկել կոնկրետ կրթությունը, և մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական պրոցես անցած ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալ վարորդական իրավունքի վկայական»:
Լուսանկարում՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը/ՀՀ կառավարություն
Մեկնաբանել