
Հանրահավաքը մեկնարկեց. ելույթ ունեցան Նիկոլն ու Սասունը
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ուղղված ողջույններով` «Լևոն, Լևոն», «Նիկոլ, Նիկոլ», «Հիմա, հիմա», «Հաղթանակ, հաղթանակ» վանկարկումներով: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ իշխանությունները փակել են բոլոր ճանապարհները, և առաջին անգամ փակվել է նույնիսկ մետրոն: Սակայն «ամբարտակը մի օր քանդվելու է և հոսքը լցվելու է հրապարակ»:
Արամ Մանուկյանը հանրահավաքը հայտարարեց բացված, որից հետո հնչեց պետական օրհներգը: Այնուհետև ՀՀՇ վարչության նախագահը նշեց, որ այսօր Հայաստանում տոն է, քանի որ տարիներ առաջ` 89-ի մայիսի 31-ին ազատ արձակվեցին «Ղարաբաղ կոմիտեի» անդամները:
Այնուհետև նա էստաֆետը հանձնեց իր «կրտսեր գործընկերոջը»` Նիկոլին: «Ես սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը,-այս հրապարակում ՀՀ անհաղթելի քաղաքացին է, ում ընթացքն անկասելի է: Մենք ստեղծել ենք քաղաքական նոր իրավիճակ, մենք սկսում ենք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինական ճանապարհով հասնելու քաղաքական գործընթաց: Սա ես հայտարարում եմ ի լուր աշխարհի»:
Իշխանությունների փաստարկները արտահերթ ընտրությունների նախադրյալների բացակայության մասին, ըստ Փաշինյանի, մերկապարանոց են: Նիկոլ Փաշինյանն այնուհետև խոսքը փոխանցեց ազատամարտիկ Սասուն Միքայելյանին:
Վերջինս երախտագիտություն հայտնեց նրան, ովքեր իշխանություններին հասկացրին, որ միշտ ուժով առաջ գնալ հնարավոր չէ: «Սա մեր միասնական պայքարի հաղթանակն է,- նշեց Ս. Միքայելյանը: -Այս հանրահավաքը մեր պայքարի շրջադարձային փուլի սկիզբն է: Ես մնում եմ ձեր զինվորը, ոչ մի բանտ ու զնդան չի կարող կոտրել իմ ոգին»:
Հարթակից ժողովրդին ողջունեցին նաև նախկին քաղբանտարկյալներ Շմավոն Գալստայանն ու Արա Հովհաննիսյանը: Քաղաքացիները աստիճանաբար հավաքվում են Ազատության հրապարակում, նրանցից շատերի մեջքերին փակցված են «Արտահերթ ընտրություններ» գրությամբ թերթիկներ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել