
Կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառը ցանկության բացակայությունն է և վատ ծնողավարությունը (վիդեո)
Արձանագրում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական և հասարակական կառույցները
Այս տարվա հունիսի 29-ին «Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ակնկալելով ստանալ ընդամենը 5 հարցի պատասխան, որոնք վերաբերում էին Գյումրի քաղաքում կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառմանը, թվին, կրթությունից դուրս մնալու պատճառներին, նման երեխաներին հանրակրթական հաստատություններ վերադարձնելու ուղղությամբ համայնքապետարանի ձեռնարկած քայլերին:
Հինգ կետից բաղկացած հարցմանը պատասխանելու փոխարեն՝ հուլիսի 13-ին խմբագրություն էր հասցեագրվել մի նամակ-գրություն, որով աշխատակազմի ղեկավար Ա. Մազմանյանը տեղեկացնում էր, որ քաղաքապետարանը դպրոցականների կրթության հարցերով չի զբաղվում: Խնդրով զբաղվում է մարզպետարանը, քանի որ կրթօջախները գտնվում են մարզպետարանի կրթության վարչության ենթակայության տակ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում քաղաքապետարանը կրթությունից դուրս մնացած երեխաներին դպրոց վերադարձնելու և նրանց պարտադիր հանրակրթական ուսուցումն ապահովելու համար, ստացվել էր հետևյալ պատասխանը. «Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր լիազորությունների շրջանակներում մշտապես օգնել է դպրոցներին և դպրոցականներին՝ իրականացնելով սոցիալական ծրագրեր»:
«Կրթության մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարն իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում, իսկ նույն օրենքի 38-րդ հոդվածով մարզպետը համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում: Մնում է ենթադրել, որ քաղաքապետարանում կամ չեն հասկացել ուղարկված հարցերի իմաստը, կամ փորձել են խուսափողական պատասխանով «գլուխներն ազատել» կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց: Ի դեպ, քաղաքապետարանում գործում է Խնամակալության և հոգաբարձուների խորհուրդ՝ բաղկացած 11 անդամից: Մեզ հետաքրքրող խնդրին հենց այս խորհրդի անդամներն ունեն սերտ առնչություն: Խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկանության ներկայացուցիչ, իրավաբան, հոգեբան, գիշերօթիկ հաստատության ներկայացուցիչ և այլք:
Խնամակալության և հոգաբարձուների խորհրդի անդամ, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի անչափահասների գծով բաժնի պետ Հայկ Զաքարյանի փոխանցմամբ՝ կրթությունից դուրս մնացած կամ չարամտորեն ուսումից խուսափող երեխաների վերաբերյալ գործերն ուսումնասիրվում են խորհրդի նիստերում: «Նախկինում, երբ դեռ չէր ստեղծվել մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, համայնքի միջոցով կայացվում էր որոշում երեխային տեղավորել, ասենք, հանրապետական նշանակության հաստատություն»,- ասում է Հայկ Զաքարյանը՝ շեշտելով, որ երեխան նախ համայնքինն է, իսկ նրա նկատմամբ կայացրած որոշումները մարզպետարանն ընդամենը հաստատում է:
«Այդ երեխաները նախ և առաջ համայնքինն են, և համայնքն է պատասխանատու նրանց համար,- նշում է Հ. Զաքարյանը:- Օրինակ՝ Լիաննա Խաչատրյանի երկու տղաներին, որ մոր պատճառով հայտնվել էին կրթությունից դուրս մնալու վտանգի առաջ և հայտնաբերվել էին ձեր աջակցությամբ, մենք խորհրդի նիստում որոշեցինք ոչ թե ուղղորդել նախկին հաստատություն՝ թիվ 3 օժանդակ դպրոց, այլ «Թռչունյան տուն» բարեգործական մանկատուն, որտեղ երեխաները կլինեն ապահով ու կստանան անհրաժեշտ կրթությունը»: Հայկ Զաքարյանն ասում է, որ նմանատիպ ծնողներին իրենք ենթարկում են նախ վարչական պատասխանատվության, այնուհետև քրեական, եթե դեպքը կրկնվում, կամ ծնողը համառորեն շարունակում է խոչընդոտել երեխայի կրթություն ստանալու իրավունքին:
Ոստիկանության անչափահասների բաժինը համագործակցում է մարզային և քաղաքային համապատասխան կառույցների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և պարզապես քաղաքացիների հետ: Հայկ Զաքարյանը հիշում է՝ 15 տարի առաջ, երբ նոր էր նշանակվել բաժնի պետ, թափառող, մուրացիկ, դպրոց չհաճախող երեխաների թիվը հուսահատեցնող էր: Այն ժամանակ մոտ 40 դպրոցահասակ երեխայի խնդիր ունեին: Իսկ վերջին տարիներին թիվը խիստ պակասել է. տարվա ընթացքում 7-8 երեխայի են հայտնաբերում Գյումրիում: 2012թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ կրթությունից դուրս մնացած 5 երեխա է հաշվառվել, որից երկուսը՝ «Հետքի» ահազանգի շնորհիվ:
Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանի համոզմամբ՝ սխալ կլինի խնդիրը լիարժեք կապել սոցիալական ծանր պայմանների հետ: «Ծնողավարության հմտությունների բացակայության պատճառով է հիմնականում, որ երեխան դուրս է մնում կրթությունից: Վերցնենք թեկուզ նույն Լիաննա Խաչատրյանի տղաների դեպքը: Փաստորեն, երեխաները մոր քմահաճույքով չէին դպրոց գնում, կամ Մարալիկից՝ 11-ամյա Շավարշի դեպքը, որի մայրը 3 տարի է, հրաժարվում է երեխային դպրոց ուղարկել, որովհետև ուզում է անօրինական բնակարան ստանալ»: Հանրակրթությունից դուրս մնալու հիմնական պատճառների շարքում են նաև հիվանդությունը, քաղաքից, հանրապետությունից բացակայելը՝ առանց դպրոցի հաշվառումից դուրս գալու, չարակամորեն կրթությունից խուսափելը, ծնողների անհետևողականությունը, երբեմն էլ ծնողի կողմից երեխայի կրթությանը խոչընդոտելը շահադիտական նպատակներով:
Մարզային իշխանությունները կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերում և հաշվառում են քաղաքացիների, ոստիկանության ահազանգերով, հանրակրթական հաստատություններ պարբերաբար այցելություններ կատարելով, համագործակցելով աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ: 2011-2012թթ. Շիրակի մարզում հաշվառվել է 41 երեխա, որից 12-ը՝ բազմակի հաշմանդամություն ունեցող, 11-ը՝ ոչ կանոնավոր հաճախող: 2011թ. կատարած աշխատանքների արդյունքում 2 երեխա ներգրավվել է ներառական ուսուցման մեջ, 12 երեխա վերադարձել է դպրոց:
«Արևամանուկ» կենտրոնի հոգեբան Նաիրա Հարությունյանի խոսքերով՝ շատ դեպքերում խնդիրը հոգեբանական է: Իրենք աշխատում են ոչ միայն կենտրոն ուղղորդված երեխաների, այլև նրանց ծնողների հետ: Ունեցել են դեպքեր, երբ կոնկրետ դպրոցը կամ դասարանը փոխելուց հետո երեխան վերսկսել է կանոնավոր հաճախումները: Ծնողների՝ հիմնականում սոցիալական վիճակի հետ կապված բարդույթներն են, որոնք տարածվում են նաև երեխայի վրա:
«Եղել է դեպք, երբ մենք ծնողին բացատրել ենք, որ իր առաջին դասարան հաճախող տղան կամ աղջիկը պետությունից 20 հազար դրամ ֆինանսավորում է ստանալու, որ պիտի ծախսվի նրա հագուստի և գրենական պիտույքների վրա, երբ պարզել ենք, որ ծնողն անտեղյակ է իր այդ իրավունքից և, սոցիալական ծանր պայմաններից դուրս գալով, որոշել է երեխային չտանել դպրոց»,- ասում է Նաիրա Հարությունյանը:
2006թ.-ից պետության ֆինանսավորմամբ գործող «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ը զբաղվում է 6-ից 18 տարեկան, դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին սոցիալական, մանկավարժահոգեբանական, իրավաբանական, բժշկական ծառայություններ մատուցելով: Կենտրոնի աշխատակիցները կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելուց հետո համապատասխան աշխատանքներ են կատարել և նրանց վերադարձրել դպրոց:
«Մենք ունեինք մի երեխա 9 տարեկան, որ դպրոց չէր գնում, որովհետև փորն անընդհատ ցավում էր: Մեր օգնությամբ նրան ծնողները տարել են Երևան, այնտեղ հետազոտել են, և պարզվել է, որ փոքրիկը ոչ թե փորացավ, այլ պարբերական հիվանդություն ունի: Նշանակվել է բուժում, հաշմանդամության կարգ է որոշվել, և երեխան հիմա նորմալ հաճախում է դպրոց»,- պատմում է կենտրոնի փոխտնօրեն Կարինե Գրիգորյանը: Ըստ նրա՝ երեխաները կրթությունից դուրս են մնում սովորաբար ծնողի անհետևողական վերաբերմունքի պատճառով:
Կարինե Գրիգորյանին մտահոգում է նաև Գյումրիում մանկավարժահոգեբանական կենտրոնի բացակայությունը: Երեխաներին այս կամ այն հաստատություն ուղղորդելուց առաջ ծնողը պիտի երեխային տանի Երևան, իսկ դա միշտ չէ, որ հնարավոր է: Եթե նմանատիպ կենտրոն գործեր Գյումրիում, ապա շատ հեշտությամբ կկարողանային որոշել՝ փոքրիկը առաջին դասարան պիտի գնա հանրակրթակա՞ն դպրոցում, թե՞ հատուկ օժանդակ կամ գիշերօթիկ:
Մարալիկի փոխքաղաքապետ Մանվել Նազարյանը Երեխաների խնամակալության և հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2004թ. Մարալիկում կրթությունից խուսափող ընդամենը 2 երեխա են հայտնաբերել, որոնց հաջողվել է կարճ ժամանակում վերադարձնել կրթական հաստատություն: Միակ դեպքը, որ կարելի է ձախողված համարել, 11-ամյա Շավարշ Նազարյանինն է, որին սեփական մայրը, շահադիտական նպատակներ հետապնդելով, չէր թույլատրում դպրոց հաճախել 2009թ.-ից: Մանվել Նազարյանի փոխանցմամբ՝ Նազարյանների ընտանիքը տեղափոխվել է Եղվարդ, և իրենց ունեցած տեղեկություններով՝ մայրը համաձայնել է տղային նոր բնակավայրում դպրոց ուղարկել:
Տարբեր կառույցների կողմից մարզերում կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հրապարակվող վիճակագրական տվյալները բավականին տարբերվում են իրարից: Այս առումով Շիրակի մարզում էլ գրեթե նույն պատկերն է: Վկայակոչելով Կրթության և գիտության նախարարությանը՝ վիճակագրական վարչությունը Շիրակի մարզի վերաբերյալ հրապարակել է հետևյալ տվյալները. 150 երեխա համարվում է կրթությունից դուրս մնացած կամ ուսումն անավարտ թողած, որոնցից 135-ը՝ ցանկության բացակայության, 5-ը՝ սոցիալական պայմանների պատճառով, 6 երեխա չի հաճախում, որովհետև ծնողները չեն ցանկանում, մեկն ունի հենաշարժողական խնդիր, մեկը՝ մտավոր թերզարգացածություն, և 2-ը՝ այլ պատճառներով:
Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանի մեկնաբանությամբ՝ թվային տարբերությունները պայմանավորված են թվի փոփոխականությամբ:
«Կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը դինամիկ, շարժուն թիվ է, որ կարող է ցանկացած պահի փոխվել: Այդ երեխաների հետ ընթացքում տարվում են աշխատանքներ, և քանի որ թիվը շարժուն ու փոփոխվող է, ապա չի կարող միշտ նույնը լինել, անգամ եթե մեկ շաբաթվա ընթացքում կատարվի հարցումը,- ասում է Լուսինե Գինոսյանը:- Հնարավոր է, որ մարզպետարանի ունեցած թվային տվյալները մինչև սեպտեմբեր պակասեն, հնարավոր է՝ ավելանան: Յուրաքանչյուր ծնողի, յուրաքանչյուր երեխայի հետ աշխատանք է տարվում: Տարբեր կազմակերպություններ են աշխատում այս ուղղությամբ, և հաջողություններն էլ տարբեր են լինում, բնականաբար պիտի թվային տվյալներն էլ տարբերվեն»:
Բացերից մեկն էլ այն է, որ ոլորտում գործող հասարակական և պետական կառույցները քիչ են համագործակցում, տեղեկացված չեն, թե յուրաքանչյուրն ինչ ուղղությամբ է աշխատանքներ կատարում, միմյանց միջև տեղեկատվություն չի փոխանակվում կամ չնչին չափով է փոխանակվում:
Ստորեւ՝ այս խնդրի մասին Գյումրու «Գալա» հեռուստաընկերությունում «Հետաքննող լրագրողներ»-ի կազմակերպած հեռուստահաղորդումը, որը եթեր է հեռարձակվել հուլիսի 21-ին:
Մեկնաբանել