
Թոնլաբի երկուամյակը Rozen Tal, «Ցայգ», «Դեղ» խմբերի հետ (լուսանկարներ)
Թոնլաբը բազմաֆունկցիոնալ երաժշտական հարթակ է, որը ապահովում է երաժշտության արտադրության ամբողջ ցիկլը․ այն փորձատեղ է, ձայնագրման ստուդիա և համերգային տարածք։ Երաժիշտները, այդ թվում` սկսնակ խմբերը, այստեղ կարող են ստեղծագործել, աճել, ինչպես նաև իրենց արվեստը ձայնագրել՝ ռելիզ անել և ներկայացնել հանրությանը։
Այն ստեղծվել է Rozen Tal (հայկական ռոք) խմբի կողմից 2023 թ․-ին։ Մայիսի 16-17-ին երկօրյա համերգային ծրագրով նշվում էր հարթակի ստեղծման երկուամյակը։ Առաջին օրը ելույթ ունեցան «Ռոզենթալ» և «Ցայգ» (ֆոլկ/պրոգ) խմբերը, որոնք նաև առաջին անգամ նվագեցին նոր համատեղ ծրագիրը՝ «Հայերեն» աշխատանաքային անվանմամբ։ Հաջորդ օրը ելույթ ունեցան Դեղ (ալտերնատիվ/ինդի ռոք) և Rozen Tal խմբերը։
Համերգի ավարտից հետո զրուցել ենք «Ցայգ»-ի հիմնադիր Արթուր Աթայանի և Rozen Tal խմբից Արմեն Եդիգարյանի հետ։
Արթուր
«Թոնլաբը երկրորդ տուն է, որովհետև, երբ կպնում ես այդ տարածքին, լիքը բան ես այնտեղ ներդնում, ստանում, ստեղծագործում ես․ մեր երգերից, մշակումներից շատերը հենց Թոնլաբում են ծնվել՝ Rozen Tal-ի Արմենի ու Նարեկի հետ փոխազդեցության արդյունքում։ «Ցայգը», որի անդամները սկզբում դեռ դպրոցական էին, որպես խումբ, լիքը բան այստեղ են սովորել` նվագել, աշխատել այդ հսկայական քանակի տեխնիկայի հետ, ահագին պրոֆեսիոնալ է դարձել, դրա համար այն, իսկապես, ոնց որ երկրորդ տուն է։ Մյուս կողմից Թոնլաբը այն տեղն է, որտեղ նույնիսկ այդ փոքր բեմում հնարավորություն կա, որ «Ցայգի» նման մեծ խումբ հանգիստ ելույթ ունենա, դա հրաշալի է։
Երկու օրն էլ շատ հավես անցավ․ առաջին օրը, դե, մենք էինք, որ նվագում էինք, էյֆորիկ էր շատ, որովհետև համ հուզիչ առիթ էր, համ շատ տենց ուժեղ համերգ ստացվեց, լիքը հանդիսատես կար ու մի շնչով գնաց։ Երկրորդ օրը ևս շատ լավ էր, որովհետև նախ փայլուն ելույթ ունեցավ «Դեղը», և երկրորդը` Rozen Tal-ը վերադարձավ էն հին գործերին՝ իր առաջին շրջանի երգերից մինչև վերջին շրջան, ու դա տպավորիչ ճամփորդություն էր դեպի տասը տարի առաջ ու հիմա»։
Արմեն
«Առաջին օրը ինձ համար ամենաուժեղ կապն է եղել հանդիսատեսի հետ, որ վերջին տարիներին երբևէ զգացել եմ, որովհետև այս նոր ծրագիրը մենք երբեք չէինք նվագել ալբոմի կոնցեպտուալ հերթականությամբ, ու ես գզում էի, որ մարդիկ կարծես մտնում էին այդ գաղափարի մեջ ու մենք իրար հետ այդ ճանապարհը սկզբից մինչև վերջ անցանք, լիքը մարդ առաջին անգամ էր լսում երգերի մի մասը։ Ուղղակի սեր էր տիրում դահլիճում, ու հրաշալի էր, որ տարբեր տարիքի մարդիկ կային՝ փոքր էրեխեք կվազվզեին, տարեց մարդիկ կային, մեր ծնողները, մեր ընկերները, շատ ջերմ ընտանեկան մթնոլորտ էր։ Իսկ երկրորդ օրը բոլորիս համար նոստալգիայի համերգ էր»։
Մեկնաբանել