
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին
Մայիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվությունը և գործընկերության խորացման դինամիկան:
Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ի թիվս, այլ ոլորտների, մատնանշվել են տնտեսությունը, զբոսաշրջությունը և կրթությունը, որոնք ունեն զարգացման զգալի ներուժ:
Նախարար Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն անդրադարձ են կատարել միջազգային հարթակներում երկու երկրների միջև փոխաջակցության հարցերի: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի և Կիպրոսի միջև փոխգործակցության կարևորությունն ու հեռանկարները: Նախարար Միրզոյանն ընգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ էական նշանակություն ունի առկա գործիքակազմի լավագույնս իրացումը և այդ ուղղությամբ անդամ պետությունների ամուր աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել