HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Աղբահանության վարձը հունվարից մայիս չվճարած երևանցիները կազատվեն տույժերի վճարումից

Երևանում 2025թ. հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը) և իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կազատվեն այդ ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը չվճարելու հետևանքով մինչև հուլիսի 31-ը ներառյալ հաշվարկված տույժերի վճարումից:

Ըստ ավագանու որոշման նախագծի հիմնավորման՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է աղբահանության վճար վճարողների հաշվառման էլեկտրոնային նոր համակարգի ներդրմամբ, որի հետևանքով աղբահանության վճարի չափը առցանց հարթակում դիտելու և վճարումների ընդունման առցանց համակարգի միջոցով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ կատարելու ամբողջական հնարավորություն չի եղել։

Չնայած ավագանու որոշման նախագծում ներառված են նաև հունվար և փետրվար ամիսները, նշենք, որ այդ ամիսների համար ավագանին արդեն իսկ ընդունել էր աղբահանության վճարի տույժերից ազատման որոշում։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց՝ արդեն իսկ հաշվարկված աղբավճարի չափը քաղաքացիները կարող են դիտել առցանց հարթակում՝ yerevan.am, pay.e-community, «Հայ փոստում», Easypay հավելվածում, ինչպես նաև՝ «Հայէկոնոմ» բանկի հավելվածով։

«Գործընկերների ցանկն ընդլայնվում է։ Կարծում եմ՝ մոտ մեկ ամիս հետո բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, շուտով հասանելի կլինեն»,- նշեց փոխքաղաքապետը։

Նախագծի զեկուցող, եկամուտների հաշվառման և գանձման վարչության պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն էլ հայտնեց, որ, օրինակ, 1000 դրամ աղբահանության վճարը չվճարելու հետևանքով մայիսի 1-20-ը հաշվարկված տույժը մոտ 11 դրամ էր կազմելու։ Հարցն այն է, որ քաղաքացիները սովոր են եղել առցանց հարթակում վճարում կատարելու տարբերակին, և քանի որ դա չի եղել, որոշումն ընդունում են, որ երևանցիներն անտեղի 10-20 դրամ տույժերի չենթարկվեն։

Լուսանկարը՝ pixabay.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter