HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Աղազարյանի և Ասլանյանի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը տապալվեց՝ դեռ չսկսված

Երեկ՝ մայիսի 19-ին, ԱԺ անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։

Իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին նրանք ավելի վաղ էին հայտարարել։ Մայիսի 9-ին Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ չեն միանալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների սկսած իմպիչմենտի գործընթացին, քանի որ պատրաստվում են նախաձեռնել իրենց սեփականը։

Մայիսի 16-ին հայտնի դարձավ նաև վարչապետի նրանց թեկանծուի անունը։ Միացյալ ազգային սահմանադրական կուսակցությունը (ՄԱՍԿ) լիազորել էր Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին վարչապետի թեկնածու առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։

Մինչև երեկ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները կարծիք չէին հայտնել Աղազարյանի և Ասլանյանի նախաձեռնության մասին։ Երեկ երեկոյան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ չեն միանա նախաձեռնությանը։

«Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ 

Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասված էր գրառման մեջ։

Ավելի վաղ իմպիչմենտի թեմային անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանը՝ այն համարելով անիրատեսական։

«Ես ավելի պրագմատիկ մարդ եմ և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ»,- ասել էր Քոչարյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունից րոպեներ անց դրան անդրադարձավ Էդմոն Մարուքյանը։ Նա Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին անվանեց Փաշինյանի իշխանության հենասյուներ և մեղադրեց իմպիչմենտի գործընթացը վիժեցնելու մեջ։

«Ինչի՞ համար եք Նիկոլ Փաշինյանին ծառայում։ Զուտ նրա համար, որ ձեզ չի կալանավորե՞լ։ Ինչի՞ եք պահում այս իշխանությանը։ Հեսա զինանշանն են փոխելու, դրա պատասխանատուն եք դառնալու»,- հայտարարեց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին խոսակցություններն ակտիվացան ապրիլի վերջին։ «Արթուն ենք» շարժան անդամներ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին նամակներ հանձնեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ անվստահության գործընթաց սկսելու կոչով։

 

Լուսանկարը՝ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter