
Վայքի ավագանու անդամին պատկանող ընկերությունները չեն վճարել գույքահարկը
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը մայիսի 13-ին ստորագրել է որոշում՝ վեց ընկերությունների չվճարած անշարժ գույքի հարկի գանձման պահանջ ներկայացնելու մասին։
Հատկանշական է, որ այդ ընկերություններից երեքը պատկանում է նույն համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Կառլեն Մինասյանին և նրա հորը՝ Արամ Մինասյանին։ Կառլեն Մինասյանը 2021 թվականի ընտրությունների ժամանակ Վայքի համայնքապետի թեկնածու է եղել։
Համայնքապետի ստորագրած որոշումները վերաբերում են «ԷԴՄ սոլար», «Արմ սոլար», «Սուն սոլար», «Դուստր սոլար», «Էտ սոլար» և «Այ սոլար» ՍՊԸ-ներին։
«ԷԴՄ սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության տնօրենը և միակ բաժնետերը Կառլեն Մինասյանն է։ Այս ընկերությունը համայնքային բյուջե չի վճարել 267.296 դրամ։
«Արմ սոլար» ՍՊԸ-ի 51%-ի բաժնետերը ևս Կառլեն Մինասյանն է, բաժնետոմսերի մնացած մասը՝ 49%-ը, պատկանում է նրա հորը՝ Արամ Մինասյանին։ Այս ընկերության չվճարած գույքահարկի չափը 316.363 դրամ է:
2019-ին հիմնադրված «Այ սոլար» ՍՊԸ-ն ևս պատկանում է Արամ և Կառլեն Մինասյաններին։ Ընկերությունը համայնքային բյուջե չի վճարել 269.081 դրամ։
Մինչև 2023 թվականը Արամ Մինասյանին է պատկանել «Սուն սոլար» ՍՊԸ-ի 51%-ը։ Այնուհետև բաժնեմասը փոխանցվել է Արթուր Հովհաննիսյանին։ «Սուն սոլարը» համայնքապետարանին պետք է վճարի 229.195 դրամ։
«Դուստր սոլար» ընկերության 49%-ը պատկանել է Կառլեն Մինասյանին մինչ 2023 թվականը։ Հիմա ընկերության սեփականատերերը Արթուր և Արշակ Հովհաննիսյաններն են՝ համապատասխանաբար 51% և 49% բաժնեմասերով։
«Էտ սոլար» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերը Էլմիր Մելիքյանն է։ Համայնքապետարանին ընկերությունը պետք է վճարի 183.808 դրամ։
«Հետքի» հետ զրույցում Կառլեն Մինասյանը նշեց, որ չվճարելու պատճառն ընկերությունների աշխատողների թերացումն է։
«Շատ վատ ենք արել, որ չենք վճարել։ Ուրեմն աշխատակիցներն ուշադիր չեն եղել, փնթի մոտեցում է եղել։ Ինքս, ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, չեմ հասցնում ամեն ինչին ուշադիր լինել։ Բայց, ամեն դեպքում, ես ոչ թե մեղադրում եմ աշխատակիցներին, այլ առաջին հերթին մեղավորը ես եմ»,- ասաց Մինասյանը։
Իսկ հարցին արդյոք պատրաստվում են վճարել ընդհանուր 852.740 դրամ գույքահարկի գծով պարտավորությունները, Մինասյանը դրական պատասխան տվեց։
Մեկնաբանել