
«Դու վաբշե ո՞վ ես, դու գիտե՞ս՝ ես ով եմ». հարցնում է «Լայթհաուս» հիմնադրամի տնօրենը
«Մենք ունենք 10 սենյակ, որտեղ ապահով պայմաններում ապաստանում և սննդամթերքով ապահովվում են միայնակ մայրեր` իրենց նորածինների հետ և հղի կանայք»,- գրված է Փարոս «Լայթհաուս» հայ ամերիկյան բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում:
Քրիստինե Գևորգյանը այդ տասը սենյակներից մեկի նախկին շահառուն է: Ասում է, որ հիմնադրամն իր համար դադարեց բարեգործական լինել, երբ լույս աշխարհ եկավ «նապաստակի շրթունքով» և «գայլի երախով» իր փոքրիկը՝ Անժելին: Այն որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, Քրիստինեն իմացել է ծննդաբերությունից դեռ մի քանի ամիս առաջ, սակայն չի համաձայնել հրաժարվել երեխայից, փոխարենը, իր խոսքով, հիմնադրամի տնօրենի՝ Նաիրա Մուրադյանի վերաբերմունքն իր հանդեպ սկսել է վատանալ:
Քրիստինեն «Լայթհաուսում» հայտնվել է հղի վիճակում: Նրա ամուսինը՝ Հակոբ Կլեչյանը, ազատազրկման մեջ է: «Մամաս ասում էր, որ գնամ ամուսնուս տանը երեխա ունենամ, իսկ ամուսնուս ծնողները դեմ էին, որ գնամ իրենց տուն: Ստիպված գոյությունս պահելու համար աշխատանքի անցա «Ռագմակ» պահածոների գործարանում: Աշխատանքը չափից դուրս ծանր էր, այդ ընթացքում հիվանդացա, մոտս գրիպ, ալերգիա սկսվեց, քթիցս անընդհատ արյուն էր գալիս: Աշխատանքից գալիս էի տուն, մամաս էր հետս վիճում: Շատ ժամանակ մորքարոջս տանն էի գնում, մնում նույնսիկ օրերով: Մամաս ինձ ուղարկեց ամուսնուս տուն: Գնացի, իրանք էլ ասեցին. «Ոնց եկել ես, այնպես էլ գնա» »:
Ապաստան գտնելու համար հղի կինը գնում է Էջմիածնի Մայր տաճար, որտեղ հոգևորականներից մեկը տալիս է նրան «Լայթհաուսի» հասցեն: Քրիստինեն հիմնադրամի մայրատան առաջին բնակիչներից է: «Սկզբից լավ ընդունեցին, 2 հոգի էինք, մարդ չկար, բայց ինձնից առաջ եկած կինը՝ Նելլին, միշտ բողոքում էր, որ այստեղ վատ է, ինքը ստիպված է մնում, ես դեռ չէի հասկանում: Երկուսով էինք, դրանից հետո շատ աղջիկներ եկան: Կոպիտ ասած՝ մեզ դրել էին մուրացկանի տեղ»- պատմում է Քրիստինեն: Ասում է, որ կոնկրետ իր նկատմամբ տնօրենի վերաբերմունքը սկսել է ավելի վատանալ այն ժամանակ, երբ պարզվեց, որ էրեխան հաշմանդամություն է ունենալու: «Որ լրագրողներ կամ հյուրեր էին գալիս, մենք ասում էինք՝ լավ է, բայց ստում էինք: Իրենք ուտում էին, մեզ էին կանչում` ամանները լվալու: Առաջին հարկի հատակը հավաքարարը պետք է մաքրեր, բայց մենք էին մաքրում, հիմնականում՝ ես: Որ գնացի էխոյի, իմացա, որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, իմ հետ սկսեցին վատ վերաբերվել, ես սենյակում լացում էի, իրենք ասում էին` արի գործ արա: Շատ բաներ է այնտեղ կատարվում, պետք է մնաս, սեփական աչքերով տեսնես, կողքից գեղեցիկ է երևում, բայց դա լրիվ կեղծ է»:
Անժելին ծնվել է դեկտեմբերի 23-ին: Քրիստինեն պատմում է, որ ծննդաբերության օրը՝ երեկոյան, զանգահարել է Նաիրային և խնդրել է երեխայի համար բերել 10 հատ տակդիր և 4 տակաշոր: «Դա իրենց պայմանների մեջ էր մտնում, ես զանգեցի, ինքը իմ հետ մի տեսակ էր խոսում: Հաջորդ երեկոյան մեր կենտրոնի վարորդի կինը ինձ սնունդ բերեց, հարցրի՝ Նաիրային չի տեսել, ես իրենից բան եմ խնդրել, ասաց, որ տեսել է, բայց Նաիրան իրեն ոչինչ չի ասել»:
Դրանից հետո Նաիրայի հետ, իր խոսքով, հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ տնօրենն ասել է. «Մենք քո հիվանդ երեխային մեր կենտրոն չենք բերի»: Երեխայի ծննդականը, նրա խոսքով, հանել են հիմնադրամի վարորդն ու կենտրոնի շահառու մի կին, ովքեր եկել են Քրիստինեին տեսակցության. մի քանի օր հետո հիվանդանոցից դուրս է գրվել և տեղափոխվել ծնողների տուն` նրանց առաջարկով, իսկ Նաիրան, սկզբում չիմանալով այդ մասին, ասել է, թե «խղճալով, որ նոր ես ծննդաբերել, մի քսան օր էլ կպահենք մեր կենտրոնում»: Քրիստինեն հրաժարվել է «բարեգործությունից», քանի որ մնալու այլ տեղ ուներ: Իսկ փոքրիկ Անժելին մնացել է հիվանդանոցում մետ մեկ ամիս` բժիշկների հսկողության ներքո. Քրիստինեն ասում է, որ այդ ընթացքում երկու օրը մեկ այցելել է փոքրիկին` «բարի մարդկանց շնորհիվ» նրան տանելով բոլոր անհրաժեշտ իրերը:
Հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը` հունվարի 27-ին, Քրիստինեն գնացել է «Լայթհաուս»` իրերը վերցնելու: «Նաիրան ինձ մի քանի անգամ ասեց «հիվանդ երեխադ», կարծես ծաղրում էր, ասում էր` իբր ինձ մի քսան օր կպահի, ես ինձ չզսպեցի, ասեցի՝ հիվանդը դուք եք, եթե երեխայիս չեք ընդունում, չեմ գա: Մի հինգ րոպե եմ մնացել, հագուստներս վերցրի, դուրս եկա,- պատմում է նա,- հետո տարբեր լրագրողներ ուզում էին ինձ հանդիպել, լսել էին իմ մասին, բայց Նաիրան ինձ սպառնաց, ասեց` մի մոռացի՝ երեխադ հիվանդանոցում է, ամուսինդ բերդում, դու լավ գիտես իմ հնարավորությունները»:
Քրիստինեն պատմում է, որ երբ կենտրոնը ծանրոցներ էր ստանում, ամենալավ հագուստները տնօրինությունն էր վերցնում. «Բայց աղջիկներից ոչ ոք ձայն չէր հանում: Ճիշտ է, մեզ շորեր տալիս էին, բայց, օրինակ, որ մուշտակներ էին ստանում, իրենք էին վերցնում: Ես գոնե իմ վերարկուն ունեի, բայց աղջիկներ կային, որ չունեին ձմեռվա համար ոչ մի բան: Բարերարը` տիկին Սեդան, շատ լավն է, երբ ինքը գալիս էր կենտրոն, ոչ ոք չէր մտնում պահեստները, հենց գնում էր, նրանք նորից էնտեղ էին»:
Քրիստինեն մեզ հետ խոսելուց հետո էլ խնդրեց, որ իր անունը չհրապարակենք՝ ասելով, թե Նաիրան իրեն սպառնացել է, որ «թաղով մեկ խայտառակ կանի»: Բայց Քրիստինեի ամուսինը` Հակոբ Կլեչյանը, խնդրեց գրել «Լայթհաուսի» հետ ունեցած իրենց պատմության մասին՝ զայրանալով, որ Նաիրան կնոջը սպառնացել է, թե «ամուսինդ բանտում է, մի մոռացի»:
«Բարեգործները նրանք չեն, ովքեր ուրիշի գումարների կեսի կեսն են զոհաբերում: Ես էստեղից տարբեր մարդկանց եմ դիմել Քրիստինեին ու երեխային օգնելու համար. գտնվել են մարդիկ, որ մեզ օգնել են,- ասում է Հակոբը,- սարկավագ Գևորգ Ալավերդյանը, Բաբլոյան բժշակական կենտրոնի վիարբույժ Հրաչյա Արշակյանը մի դրամ չի վերցրել մեզնից, մի բարեգործական կազմակերպություն կա ամերիկյան, միջնորդեց, որ մեր երեխան վիրահատվի, իրենց եմ շատ շնորհակալ»:
Հակոբը Նաիրայի հետ հեռախոսով խոսակցություն է ունեցել դեռ այն ժամանակ, երբ Քրիստինեն նոր է ընդունվել «Լայթհաուս»: Ասում է՝ այդ ժամանակ տնօրենը խոստացել է անել ամեն անհրաժեշտ բան Քրիստինեի և երեխայի համար:
«Մի բան է զարմանալի, ես իրենց հետ շփվել եմ, ամեն ինչ գիտեմ. մի ամիս առաջ հեռուստատեսությամբ տեսա «Լայթհաուսի» գովազդը, իմ մոտի տղաներն էլ, որ տեղյակ էին համարյա ամեն ինչից, զարմացած նայում էին իրար երեսի. ո՞նց կարող է պատահել նման ձևի գովազդ, էնպիսի հաղորդում էր պատրաստված, որ էլ ասելու չի: Ոչ ոք իբր էնտեղ պրոբլեմ չունի. չնայած էդ էլ դժվար չի անելը, էդ էլ է փողով: Ինչ կապեր ուզում է, թող ունենա. ինքն իր արածների համար պատասխան է տալու: Ես իրեն էլ եմ ասել. որ օրը ազատվեմ, էդ օրը մասսայական խայտառակ է լինելու, ասել եմ` քո ձեռքով էդ աշխատանքից ազատվելու ես, քո տեղը նորմալ մարդ է գալու, որ նորմալ աշխատի»,- ասում է Հակոբը:
«Լայթհաուս» հիմնադրամի մայրատանը արգելված է հեռախոս ունենալ կամ օգտվել ինտերնետ կապից: Թե ինչու, Քրիստինեն այսպես է բացատրում. «Որ դրսում չիմանան, թե ներսում ինչ է կատարվում»: Հակոբը Նաիրա Մուրադյանի հետ բանակցելուց հետո համոզել է, որ Քրիստինեն հեռախոս ունենա, որպեսզի խոսի նրա հետ:
Ասում է՝ հաճախ է հեռախոսազրույց ունեցել նաև Նաիրայի հետ, և իր համար զարմանալի էր նրանց վերբերմունքի կտրուկ փոփոխությունը երեխայի ծնվելուց հետո: «Եկավ հիվանդանոցի շրջանը, երբ Քրիստինեն ծննդաբերեց, ճիշտն ասած, իր մոտ գնացող-եկող չկար, ես շատ էի անհանգստանում, Քրիստինային հարցնում էի՝ չեն եկել Նաիրայենք, ասում էր՝ չէ: Մի օր անցավ, երկրորդ օրը զանգեցի Նաիրային, որ խոսեմ, տեսնեմ` ինչն է պատճառը, ախր ինքն ինձ շատ ուրիշ ձև էր ներկայացնում: Ասեցի՝ բա ինչ պետք է լինի, ինչ պիտի անենք, ասեց՝ մենք չենք պատրաստվում ձեր հիվանդ երեխային պահել: Ասեց՝ էդքանով սահմանափակվում է մեր ծառայությունը: Ասեցի՝ ես առաջին անգամ եմ լսում, որ բարեգործական կամակերպությունը ծառայություն մատուցի. ծառայությունը մատուցում են գումարի դիմաց, մենք ձեզ գումար չենք տվել»: Եվ Քրիստինեն, և Հակոբը նշում են, որ Նաիրան առաջարկել է իրենց միմյանց հետ խորհրդակցել և հրաժարվել երեխայից:
«Ասեցի` չեք ամաչում, եթե դուք նման բարեգործական կազմակերպության տնօրեն եք, պաշտպանում եք մայրերին ու երեխային, ո՞նց եք համարձակվում երեխայի մորը նման բան ասել,- ասում է Հակոբը,- իրենց մոտ ով չնչին գումարով կարողանում է ապրել, էդ մարդկանց պահում են գովազդի համար, հենց մարդը խնդիր ունի լուծելու, կարող է մի քիչ շատ գումար ծախսվի, էդ մարդիկ էլ իրենցը չեն», - ասում է Հակոբը:
Անժելին վիրահատվել է 2012թ. մայիսի 4-ին: Քրիստինեն ասում է, որ վիրահատությունը հաջող է անցել:
Նույնը մեզ հետ զրույցում հաստատեց աղջկան վիրահատող բժիշկը` «Արաբկիր» բժշկական համալիրի Պլաստիկ վիրաբուժական և միկրովիրաբուժական ծառայության ղեկավար Հրաչյա Արշակյանը. «Շրթունքը կոսմետիկ խնդիր է, առողջական ոչ մի խնդիր չկա, այսինքն` վիրահատության իմաստն այն է, որ գեղեցկացնենք շրթունքը, նման դեպքերում ինչպես երեխայի մոտ է, մի քիչ մեծ տարիքում ևս մեկ կոսմետիկ փոքր միջամտություն է պահանջվում, որ շրթունքը վերջնական գեղեցիկ լինի: Ինչ վերաբերում է իր երկրորդ վիարահատությանը՝ քիմքի հետ կապված, որը դեռ չի արվել, դա առողջական խնդիր է, այսինքն՝ երեխան չի կարողանում սնունդը նորմալ կուլ տալ, չի կարողանում նորմալ խոսել: Այդ վիրահատությունների դեպքում, եթե նույնսիկ թեթև է, որոշակի հետք մնում է, բայց նաև մի քիչ ինդիվիդուալ է: Չենք կարող հստակ պրագնոզ տալ վատ է խոսելու, թե ոչ: Իր մոտ ամեն ինչ նորմալ է: Եթե երեխայի քիմքը տարիներով չվիրահատվեր, դա կհանգեցներ լսողության խանգարման, բայց այժմ նորմալ է: Առողջական այլ ակնհայտ խնդիրներ չենք նկատել»: Յոթ ամսական Անժելիի քիմքը պետք է վիրահատվի սեպտեմբերին:
![]() |
Լուսանկարը` «Լայթհաուսի» տեսանյութից |
«Հետքի» հեռախոսազրույցը «Լայթհաուս» հիմնադարամի տնօրեն Նաիրա Մուրադյանի հետ (մեջբերվում է բառացի).
-Քրիստինեն երեխա ունենալուց հետո դուրս է եկել «Լայթհաուսից», ի՞նչ պատմություն է եղել, ինչո՞ւ է դուրս եկել:
-Ինքը հրաժարվել էր երեխայից, իսկ առանց երեխա մենք չենք ընդունում: Իր վեշերը մնացին, չտարավ, իր հագուստը և այլն: Ես, գիտեք ինչ… Իր պատմությունը դրեք մի կողմ, ավելի լավ պատմություններ կան, որ ավելի հետաքրքիր է ժողովրդի համար: Հոգնացրեցին իրանք իրանցով: Ինչի՞ ա դուրս եկել: Դուրս ա եկել, որովհետև փնթի էր, որովհետև… Ի՞նչ եք ուզում իմանաք, բանտ գնացող-եկող աղջիկ էր: Ի՞նչն եք ուզում իմանաք: Էդ ինչ մի թեմա է, էլի, ամոթ ա էլի, ամոթ ա, ամոթ: Ինքը դուրս ա եկել իր երեխայի հետ: Ի՞նչն է ձեզ էդքան հետաքրքրում, էդ ո՞վ է: Էդ ո՞վ է, հասարակությանը ոչ պիտանի մարդ: Մի գրեք, խնդրում եմ:
-Այսի՞նքն: Ի՞նչ է նշանակում ոչ պիտանի մարդ:
- Հերիք ա, ի՞նչ եք ուզում: Դուրս ա եկել, որովհետև չվերցրեց իր երեխային: Ասում էր` ես չեմ կարող պահել երեխային, չեմ ուզում: Էկեք էստեղ, ես նյութեր տամ ձեզ, էկեք Քրիստինայի մասին նյութեր տամ:
-Ինչ նյութեր, ասեք` ինչ նյութեր են:
-Որ ձեր համար անհասականալի է, էկեք ցույց տամ գումարների ցուցակները, ցույց տամ, ի՞նչ եք ուզում:
-Ուզում եմ իմանալ` ինչու դուրս եկավ երեխա ունենալուց հետո:
-Դուրս եկավ, որովհետև ինքը չէր ուզում այդ երեխային:
-Բայց ինքը նման բան չի ասել, որ հրաժարվել է երեխայից:
- Գնացեք ուրեմն Արշակի մոտ (նկատի ունի Մանակական հանրապետական կլինիկական հիվանդանոցի մանկաբույժ Արշակ Ջերջերյանին- Մ.Մ.), լսո՞ւմ եք: Որտեղ խնդրել եմ, ասել եմ` ինքը չի հասկանում, շատ եմ խնդրել, աղաչել եմ: Ասել եմ` Նոր տարի ա, ի՞նչ կլինի, տոներ են, ի՞նչ կլինի, մի քսան օր պահեք հիվանադանոցում, մինչև ինքը կորոշի, ինքը չի կարող հանձնել: Խնդրել ենք, աղաչել ենք, քսան օր անցել ա: Ինքը եկել ա առանց երեխայի: Մնացել է մի գիշեր մեզ մոտ, լսում ե՞ք:
-Քրիստինեն երեխային թողել է հիվանադանոցում բուժելու համար բժիշկների հսկողության տակ:
-Ոչ, ոչ, ինքը կարող էր երեխային վերցնել: Արշակը համոզում էր, որ երեխային վերցնի, որովհետև կերակրելը շատ հեշտ ա… Էն ժամանակ հրաժարվել է, դուրս ա եկել էնտեղից: Էդ աղջիկը ընդհանրապես կյանքի եզրին ընկա~ծ էր, երբ որ մենք իրան եկեղեցուց բերեցինք: Եկեղեցուն ասեցինք` ուղարկեք մեզ մոտ: Երեք օր մնացել է սպասավորների սենյակում, տեղ չուներ գնալու: Ոչ ծնողն էր ճանաչում իրան, ոչ էլ նրանք էին ճանաչում, իսկ ինքը ասում է` ամուսին, հետո երբ որ հղիացավ, կանչել են եկեղեցու սպասվորին և զագսին, էդտեղ ամուսնությունը գրանցել են, հասկացա՞ք:
-Տիկին Մուրադյան, Քրիստինեն երեխա ունենալուց հետո ձեզ հետ խոսակցություն է ունեցել…
-Ձեզ երևի չի հետաքրքրում` ինքը ով ա, իմ հետ ինչ խոսակցություն ա ձեզ պետք: Որ հանել եմ Վիվարոյի թղթերը, հա՞: Ես ինքս անձնական գումարներ եմ տվել, որ ինքը գնա ըստեղ-ընդեղ: Ինքս կտրել եմ տվել մազերը, որ հինգ տարի կտրված չէր, ոջիլի մեջ էր: Ի՞նչ եք ուզում:
-Ասե՞լ եք, որ հիվանդ է երեխան ու չեք կարող պահել: Նման բան ասե՞լ եք Քրիստինեին:
-Մենք չենք կարող պահել, այո, մենք չենք կարող, բայց ինքը պարտավոր էր: Արշակը իրան ասեց` հինգ օր արի, սովորի երեխային կերակրելը: Մենք նման բան չենք ասում: Դուք չփորձեք հանկարծ, դուք իմ հետ գործ կունենաք, չփորձեք հանկարծ մեր «Լայթհաուսի» անունը արատավորել: Ես իրոք ճիշտ եմ ասում: Հասկանո՞ւմ եք` Դուք ինչի հետ եք խաղ անում: Քրիստինային իր երեխան պետք չէր, էդ երեխան ու «Լայթհաուսը» իրան պետք էին, որ իր ամուսնուն` Հակոբին հանի գաղութից: Մենակ դա էր պետք: Եվ դա չստացվեց իր մոտ: Քրիստինան յոթ ամիս գիտեր, որ իր երեխան էդպիսին ա: Ի~նչ փողեր ենք մենք իրա վրա ծախսել: Ո~նց ենք իրան վերաբերվել: Ինքը անամոթաբար եկավ իրա հագուստը տանելու: Մնացել էր հագուստը: Ո՞նց ենք հանել: Մենք ենք զանգել, ասել` արի տար: Մի հատ էլ էրեխուն օժիտ ենք դրել: Նախ «Լայթհաուսը» պարտավոր չի էդ ամեն ինչը անի, սա մասնավոր կազմակերպություն ա, որը ոչ մի գրանտներից, ոչնչից չի օգտվում:
- Բայց վիրահատությունը անվճար էր տիկին Մուրադյան ի՞նչ գումարների, ի՞նչ լրացուցիչ ծախսերի մասին է խոսքը:
- Գումարները… Թող լռի, ի՞նչն էր անվճար:
-Վիրահատությունը:
- Վիրահատությո՞ւնը:
-Այո:
-Բա իր դեղերը, հղիությունը տանելու դեղերը:
-Դուք Քրիստինեին չեք ընդունել երեխան ունենալուց հետո: Դրա մասին է խոսքը:
-Ո՞նց չենք ընդունել: Ինքը եկել ա, տարել ենք ավտոյով, ո՞նց չենք ընդունել, տարել ենք ավտոյով սաղ իրա դակումենտները տարել ա, տարել ա մեր վարորդը, մեր մանկավարժը` հետը, կանգնել են, տասը ժամ թղթերը արել ա, նոր ա դուրս եկել: Էկել ա էստեղ, վեշերը թողել էր, ասեց` գնամ մամայիս տուն, ո՞նց չենք ընդունել: Չենք ուզել, չենք ընդունել: Էդ ի՞նչ նման բաներ եք ասում: Դու ո՞վ ես վաբշե: Դու արի ըստեղ, ըստեղ իմացի: Դու ով ես, մի հատ ինձ ասա: Ես ձեր անունն էլ չեմ ուզում դաժե տամ, չեք ամաչո՞ւմ: Դու հլը ինձ ասա, երեխա ունես, ամուսնացած ե՞ս…
Նաիրա Մուրադյանի հարցը անպատասխան մնաց, որովհետև զրույցի թեմայի հետ կապ չուներ: Ավելի ուշ նա զանգահարեց խմբագրություն և առաջարկեց հոդված գրելու «այլ հետաքրքիր թեմա»: Ասաց, որ իրենց կենտրոնում մի կին կա, ով բռնաբարվել է, իրենք շատ կուզեին, որ «Հետքը» այդ կնոջ մասին նյութ պատրաստեր: Շնորհակալություն հայտնեցինք առաջարկի համար, պատասխանեց, որ իրենք «չեն առաջարկում, պահանջում են»: Տեղյակ պահեցինք, որ խմբագրությունը պատվերներ չի ընդունում: Սկսեց համոզել, որ իր առաջարկածը «իսկապես շատ հետաքրքիր, ուժեղ» թեմա է: Ստիպված եղանք ընդհատել հեռախոսազրույցը՝ հասկանալով, որ Նաիրա Մուրադյանը Քրիստինեի մասին հոդվածից շեղելու տարբերակներ է փնտրում:
Հանրապետական ծննդատան մանկաբույժ Արշակ Ջերջերյանը, ով Քրիստինեի երեխայի ծնունդը ընդունող բժիշկն է, և ում հետ Նաիրա Մուրադյանը խորհուրդ տվեց կապվել իրական պատմությունը իմանալու համար, մեզ հետ զրույցում հերքեց տնօրենի այն խոսքը, որ Քրիստինեն հրաժարվել է փոքրիկից: Դժվարությամբ, բայց մանրամասն հիշեց Քրիստինեի երեխայի հետ կապված պատմությունը: Անժելիի` հիվանդանոցում մնալու պատճառը, ըստ բժշկի, այն էր, որ երեխան պետք է լիներ բժշկի հսկողության տակ: «Մենք էլի մտածում էինք` կկարողանա նա երեխային տանը կերակրել կամ հանկարծ չմրսի: Նա մի ազգական ուներ, հավաստիացրին, որ երեխային կարող են պահել, եթե չեմ սխալվում անկետայի մեջ գրել տվեցինք, որ պատասխանատու են, ու երեխան հուսալի ձեռքերում է լինելու, և դուրս գրեցինք: Եթե կինը անգամ հիվանդ երեխային էդպես կպած ասում է, որ ուզում է տանի, իրեն պետք է ամեն ինչով աջակցել, մեր կարողացածի չափով իրեն օգնել ենք»:
Ասում է, որ Անժելիի` հիվանդանոցում եղած ժամանակ, ինքը ստանձնել էր «ժամանակավոր խնամատարի դեր»: Քրիստինեն ամեն օր չէր կարողանում գալ տեսակցության, որովհետև, բժշկի կարծիքով, «աղջկա հնարավորույթյունները չէին ներում»: Ասում է` Նաիրա Մուրադյանի հետ մեկ անգամ է խոսակցություն ունեցել հիվնադանոցում, որի ժամանակ տնօրենը ասել, որ «Քրիստինեին իրենք են պահում, բայց երեխային չեն կարող տանել»:
«Երեխայի հետ կապված խնդիրը կլինի մինչև նրան մեծացնելը, գուցե ինքը ռնգային խոսակցություն ունենա, բայց մեր երկրում նման վիրահատություններ անում են ու վատ չեն անում»,- ասում է Արշակ Ջերջերյանը: Նույնը, իր խոսքով, բացատրել է նաև Նաիրա Մուրադյանին: «Ինքը կարծում եմ, որ միանշանակ չէր տանի երեխային»,- ասում է նա:
Առաջին լուսանկարը` «Լայթհաուս» հիմնադրամի կայքից
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել