HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Այս մասին հաղորդում է հակակոռուպցիոն կոմիտեն։

«Կապալառու ընկերության տնօրենը, խաբեության եղանակով ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իր մտերիմի՝ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի հետ կազմել է ակտեր, որոնցում ներառվել են փաստացի չկատարված աշխատանքների մասին տվյալները, ինչպես նաև դրանցում թաքցվել է ցածրարժեք նյութերով աշխատանքների կատարման փաստը: Արդյունքում՝ ՊՆ-ից խաբեության եղանակով հափշտակվել է 81.176.000 ՀՀ դրամ:

Այնուհետև, թերի կատարված աշխատանքներն ընդունելու և դրական եզրակացություններ տալու դիմաց, ՊՆ պաշտոնատար անձը կապալառու ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 10.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2024 թվականի հուլիսին ՊՆ-ի և նույն կապալառու ընկերության միջև կնքվել է պետական գնման ևս մեկ պայմանագիր, որով նախատեսված շինաշխատանքների կատարման ընթացքում հնարավոր թերություններն անտեսելու և պայմանագրի կատարման արդյունքների վերաբերյալ դրական եզրակացություններ տալու համար ընկերության տնօրենը ընդհանուր 2.100.000 կաշառք է տվել ՊՆ երկու պաշտոնատար անձանց: Ընդ որում՝ գնման նշված մրցույթին մասնակցելու և գնումների անցկացման կարգը խախտելով հաղթող ճանաչվելու համար, վերը նշված երկու ընկերությունների տնօրեններն ապօրինի վարձատրություն են տվել ՊՆ նախկին աշխատակցին: Արդյունքում՝ գնմանը մասնակցության հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 

Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ ընկերությունների ներկայացուցիչները 2025 թվականի հունիսին կաշառք են տվել ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ վերջինիս կողմից ցանկալի բովանդակությամբ տեղեկանք ստանալու համար:

Բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 7 անձի, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերությունների տնօրեններին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ ՊՆ պաշտոնյաներից մեկի նկատմամբ՝ կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter