
Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի
Կառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում:
Որոշման ընդունումը թույլ կտա Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մոնիտորինգ իրականացնելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և վերոնշյալ պետությունների միջև քաղաքական ու միջպետական վստահության խորացման տեսանկյունից վիզային ռեժիմի վերացումը կարող է դիտվել որպես հաջորդական և կարևոր քայլ՝ նպաստելու բարենպաստ միջավայրի ձևավորմանը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Օմանի Սուլթանության և Քուվեյթի Պետության հետ հնարավոր երկկողմ վիզային ռեժիմի ազատականացման, տուրիստական հոսքերի ավելացման, ինչպես նաև այլ փոխշահավետ համագործակցային նախաձեռնությունների իրականացման համար:
Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել, որ այն կնպաստի զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը, ինչպես նաև երկրում ներդրումային հնարավորությունների խթանմանը:
Մեկնաբանել