
Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգ
Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Կառավարության 2025թ. մայիսի 22-ի նիստում ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: Ստորեւ՝ Կառավարության մամուլի հաղորդագրությունը։
Մոնիթորինգի համակարգի արդիականացման հիմքում դրված են 2023թ․ Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության կողմից «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության համար Արևելյան գործընկերության երկրներում» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգով նախատեսված բաղադրիչները: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում ԱՀԿ (առողջապահության համաշխարհային կազմակերպության)-ի կողմից առաջարկվող հիմնական աղտոտիչների չափման հնարավորություն և տեղեկատվության իրական ժամանակում հասանելիության ապահովում 14 անշարժ (Երևան քաղաքում 6 դիտակայան) դիտակայանների միջոցով, արտակարգ իրավիճակներում օդի աղտոտվածության չափման հնարավորություն, ինչպես նաև մշտական դիտակայան չունեցող բնակավայրերում օդի աղտոտվածության ժամանակավոր գնահատում 2 շարժական դիտակայանների միջոցով, օրգանական աղտոտիչների (բենզոլ, բենզապիրեն և այլ ցնդող օրգանական միացություններ) և փոշու մեջ ծանր մետաղների (կադմիում, կապար, նիկել, արսեն և այլն) ներառում դիտարկումների համակարգում՝ քիմիական լաբորատորիայի արդիականացում, օդի որակի մոնիթորինգի սարքավորումների (անշարժ և շարժական դիտակայաններ) ստուգում՝ ռեֆերենս լաբորատորիայի առկայություն, մթնոլորտային օդի աղտոտվածության բաշխվածության, անշարժ աղբյուրներից արտանետումների տվյալների հետ համադրման մոդելավորում, կանխատեսման գործիքակազմի ստեղծում:
Որոշմամբ նախատեսվում է նաև Երևան քաղաքում և մարզերում մթնոլորտային օդի որակի բարձրացնելու նպատակով շինարարության և հանքարդյունաբերության բնագավառում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջի (առաջնահերթ Երևան քաղաքում մինչև 2025թ․ դեկտեմբերի 1-ին տասնօրյակ) սահմանում, շինարարության բնագավառում մթնոլորտային օդի պահպանության պահանջների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ վերանայում և խստացում, համապատասխան ուսումնասիրությունների իրականացում և դրանց հիման վրա համակարգային լուծման մշակում՝ տեխնիկական զննության շրջանակներում շարժիչի արտանետումների չափման գործընթացի ամբողջական թվայնացման, տեխնիկական զննության կայանների վերազինման, արտանետումների ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկողության էլեկտրոնային համակարգի ներդրման եղանակով, Երևան քաղաքում կանաչ տարածքների ավելացում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների ցուցանիշներն ապահովելու համար, իրազեկման իրականացում, բացատրական աշխատանքներ օրենսդրությամբ սահմանված մթնոլորտային օդի պահպանության պահանջների, մթնոլորտային օդն աղտոտող վնասակար մարդածին երևույթների և դրանց հետևանքների վերաբերյալ:
Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են շրջակա միջավայրի, մասնավորապես՝ օդի որակի վերաբերյալ ճիշտ տեղեկությունները, քանի որ բոլոր որոշումներն ածանցվում են իրավիճակի վերաբերյալ ճիշտ գնահատականներից: «Առանց ժամանակակից մշտադիտարկման համալիր ենթակառուցվածքի դժվար է արձագանքել, և այն միջոցառումները, որոնք Դուք թվեցիք, ինչպես մշտական կայանների, այնպես նաև միջոցառումների մեջ կա նշված՝ շարժական կայանների ձեռքբերման կարևորության մասին, դրանք այն անհրաժեշտ գործողություններն են, որոնք պետք է թույլ տան այդ որակյալ տեղեկությունների բազան ձևավորել: Բայց չափազանց կարևոր է նաև, որ համագործակցությունը տեսչական մարմինների հետ լինի այնպես օպերատիվ և արդյունավետ, որ մեր կողմից կատարված դիտարկումներին հետևեն նաև որոշումներ: Եվ այդ որոշումները կանխարգելեն այնպիսի գործունեության հնարավորությունը, որոնք չարտոնված վնաս են հասցնում օդի որակի»,-ասել է փոխվարչապետը:
Լուսանկարում՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը/gov.am
Մեկնաբանել