Հայաստանի դրոշը բարձրացվել է ԱՄՆ համալսարանի բակում
24-ամյա Էմմա Միքայելյանցն արդեն հանգիստ է. կարողացել է, իր ուսման, ջանասիրության ու հետևողականության շնորհիվ, հայրենիքի դրոշը վեր հանել ԱՄՆ համալսարաններից մեկի բակում:
2011-ի մայիսն էր, երբ Էմման նամակ ստացավ. «Էմմա Միքայելյանցը սովորել է ինտերիերի դիզայն Արքադիա համալսարանում: Նա ավարտել է 2011-ի մայիսին, և մենք բարձրացնում ենք հայկական դրոշը համալսարանում՝ ի պատիվ նրա»:
Սա երիտասարդ հայ աղջկա՝ հայրենիքի համար հոգում կուտակած պարտքերից առաջին կյանքի կոչածն էր՝ իսկական մի հաղթանակ: Հոգում փայփայած հայրենիքը առաջին անգամ տեսել էր 2010-ին, երբ Հայաստան էր եկել մկրտվելու Էջմիածնում՝ խորհրդանշական սրբավայրում:
1988-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում ծնված Էմման 2002-ին, տնտեսական վատ պայմանների պատճառով, ընտանիքի հետ տեղափոխվել էր ԱՄՆ Ֆիլադելֆիայի նահանգ: Արմատներով արցախցի ծնողների հետքերով գնալով՝ դպրոցն ավարտելուց հետո Էմման ընդունվել էր Արքադիա համալսարանի դիզայներական բաժին:
Եվ այստեղ սովորելու հենց առաջին տարում համալսարանի բակում բարձրացված տարբեր երկրների դրոշների շարքում Էմման չի գտնում Հայաստանի դրոշը, բայց փոխարանը շատ է վշտանում՝ տեսնելով Թուրքիայինը:
«Երբ տեսա Թուրքիայի դրոշը, շատ հուսահատվեցի, և միանգամից նամակ գրեցի համալսարանի նախագահին՝ խնդրելով նաև Հայաստանի դրոշը բարձրացնել: Ես պատմեցի նրանց թուրքերի իրականացրած հայերի ցեղասպանության մասին»,- պատմում է Էմման:
«Ցավոք, համալսարանի ղեկավարությունը մերժեց ինձ: Բայց ես շարունակում էի պնդել, պնդել ու պնդել ուսմանս ողջ ընթացքում և ավարտելուս օրը ստացա այն նամակը, որը ավետում էր՝ իմ պատվին համալսարանում բարձրացնելու են հայկական դրոշը և իջեցնելու թուրքականը»,- ասում է աղջիկը:
Նա կարծում է, որ շատ կարևոր առաքելություն է կատարել, և երբ երեխաներ ունենա, նրանց ցույց կտա Հայաստանի դրոշը:
Հաջորդ քայլը համալսարանում կազմակերպված ազգային երեկոյին հայկական տարազ հագնելն էր, որպեսզի բոլորին ցույց տա, իսկ հարցնողներին պատմի, թե ովքեր են հայերը:
«Ամեն տարի՝ Ապրիիլի 24-ին, այստեղ (ԱՄՆ-ում - հեղ.) քայլում ենք 3,5 կմ՝ ի նշան մեր բողոքի: Հետո ծաղիկներ ենք դնում հուշարձանին: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ: Իմ երազանքն է, որ մի օր Ցեղասպանությունը ճանաչվի, ու Արարատ լեռը հայկական տարածքում գտնվի»,- ասում է Էմման:
Սառա Խոջոյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել