
84 մլն դրամ՝ ԱՆԻՖ-ի շահութահարկի պարտքը մարելու համար
Կառավարությունը 84 մլն 473 հազար 633 դրամ կհատկացնի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի շահութահարկի պարտավորությունները կատարելու համար։
Որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 22-ի նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Ստորեւ՝ Կառավարության հիմնավորումը։
«ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի թիվ 1002-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 29-ի «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին թիվ ԱՆԻՖ-1» պայմանագրի հիման վրա ընկերությանը տրամադրված դրամաշնորհը չի ներառել 2024 թվականի շահութահարկի գումարը, իսկ ընկերությունը չունի նախատեսված այլ միջոցներ նշված պարտավորությունը մարելու համար։
Մասնավորապես, Պայմանագրի 1․1 կետի համաձայն 1,700,000,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի գումարը չի ներառում 2024 թվականի դրությամբ Նվիրառուի գործունեությունից առաջացող շահութահարկի գծով պարտավորությունը։ Պայմանագրի նշված կետը կազմվել է ըստ որոշման նախագծի հիմնավորման, որի համաձայն 2024 թվականի ընկերությանը տրամադրված դրամաշնորհի համար հիմք է հանդիսացել ընկերության տնօրենների խորհրդի 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ հաստատված՝ Ընկերության 2024 թվականի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար հաշվարկված ծախսային նախահաշիվը, որը չի ներառել ընկերության 2024 թվականի շահութահարկի գումարը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի շահութահարկի վճարման ժամկետը 2025 թվականի ապրիլի 20-ն է, մինչդեռ նախատեսվում էր ընկերությունը լուծարել մինչև 2024 թվականի տարեվերջ, սակայն ընկերության լուծարման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1391-Ա որոշման 5-րդ կետով նախատեսված աշխատանքների չիրականացման պատճառով։
Սույն նախագծով նախատեսվում է ընկերությանը 1139 «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի 11001 «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» միջոցառումից տրամադրել 84,474.0 հազար դրամ (գումարը բալանսավորելով ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին), որն ամբողջությամբ կուղղվի ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների, մասնավորապես՝ 2024 թվականի արդյունքներով գոյացած շահութահարկի մարմանը։
Ընկերությանը «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 18-րդ մասի և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն դրամաշնորհի հատկացումը մրցութային կարգով չտրամադրելու բացառիկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրամաշնորհի գումարը նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ընկերության՝ շահութահարկի գծով պարտավորության մարմանը, որը որոշմամբ ընկերությանը տրամադրված դրամաշնորհով նախատեսված չի եղել։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության կայքից
Մեկնաբանել