
«ՖԻՆՔԱ»-ն հերքում է ռիսկերը՝ կապված Հայաստանում և Ադրբեջանում խորհրդի նույն նախագահի հետ
Հայաստանում գործող «ՖԻՆՔԱ» վարկային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Զարլաշտ Վարդակը (Zarlasht Wardak) նույն պաշտոնում է Ադրբեջանի «ՖԻՆՔԱ»-ում ու ևս երեք երկրում։
«Հետք»-ին դիմած ընթերցողներից մեկը մտահոգություն է հայտնել՝ արդյոք փաստը, որ Վարդակը միաժամանակ հինգ երկրի, այդ թվում՝ ՖԻՆՔԱ Հայաստանի և ՖԻՆՔԱ Ադրբեջանի խորհրդի նախագահն է, նշանակու՞մ է, որ նույն անձը կարող է տիրապետել և՛ հայաստանցի, և՛ ադրբեջանցի հաճախորդների տվյալներին։ Ի՞նչ ռիսկեր կարող է դա պարունակել։
Շեշտվում է նաև հանգամանքը, որ ՖԻՆՔԱ Ադրբեջանի պաշտոնական էջը քանիցս շնորհավորել է ադրբեջանցիներին նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։
Զարլաշտ Վարդակը
Երկարամյա ՖԻՆՔԱ Հայաստանը («Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ) միջազգային «ՖԻՆՔԱ» ցանցի մի մասն է։
ՖԻՆՔԱ Հայաստանի կառավարման խորհրդի նախագահը Զարլաշտ Վարդակն է։
Մեջտեղում՝ Զարլաշտ Վարդակը
Լուսանկարը՝ ՖԻՆՔԱ Հայաստանի ֆեյսբուքյան էջից
Նա «ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս» ցանցի (ՖԻՆՔԱ Հայաստանի մայր ընկերությունը) Բիզնեսի և հաճախորդների ռազմավարության գծով փոխնախագահն է։
«ՖԻՆՔԱ»-ն գործում է 13 երկրում, որոնցից հինգում Զարլաշտ Վարդակը կառավարման խորհրդի նախագահն է՝ բացի Հայաստանից, նաև՝ Հորդանանում, Կոսովոյում, Տաջիկստանում և Ադրբեջանում։ Թեև յուրաքանչյուր երկրում «ՖԻՆՔԱ»-ն գրացել է առանձին ընկերություն, ինչպես Հայաստանի պարագայում, «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ն է, սակայն նրանց բոլորին միավորում է նույն ցանցը։
Զարլաշտ Վարդակը, ինչպես հայտնեցին հայաստանյան «ՖԻՆՔԱ»-ից, Աֆղանստանից է։ Ժամանակին զբաղեցրել է ՖԻՆՔԱ Աֆղանստանի գլխավոր տնօրենի պաշտոնը, եղել է նաև «ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս»-ի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն։
ՖԻՆՔԱ Հայաստանի պաշտոնական էջից
Ըստ ՖԻՆՔԱ Հայաստանի պաշտոնական կայքի՝ իր հիմնադրման օրվանից ՖԻՆՔԱ Հայաստանը սպասարկել է ավելի քան 350 000 հաճախորդի:
«ՖԻՆՔԱ»-ն ակտիվ գործունեություն է ծավալում նաև Ադրբեջանում։
ՖԻՆՔԱ Ադրբեջանի ինստագրամյան էջը նոյեմբերի 8-ին քանիցս շնորհավորել է ադրբեջանցիներին՝ «Հաղթանակի» օրվա կապակցությամբ։ Ահա՝ դրանցից երկուսն անգլերեն թարգմանությամբ։
«Այսինքն, ստացվում է, որ մարդ, ով ստանում է աշխատավարձ հայ վարկառուների հաշվին, 40% և ավել տոկոսադրույքով տրված վարկերից ձևավորված շահույթից, միևնույն ժամանակ ղեկավարում է մի այլ կազմակերպություն Ադրբեջանում, որը իր պաշտոնական կայքերում շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին, հազարավոր հայերի տեղահանման, խաղաղ բնակչության ոչնչացման և ռազմական հանցագործությունների համար՝ անվանելով դրանք «հաղթանակ»։ Բացի այն, որ այս կազմակերպությունը տիրապետում է հազարավոր քաղաքացիների տվյալների, որոնք չեմ կարող պնդել, որ ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում, թե ոչ, բայց միանշանակ ազգային արժանապատվության հարցեր առաջացնում են»,- մտահոգվում է «Հետք»-ին դիմած ընթերցողը։
«Հայաստանյան «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հաճախորդների տվյալները չի կիսում «ՖԻՆՔԱ»-ի որևէ այլ գրասենյակի հետ»
ՖԻՆՔԱ Հայաստանից հավաստիացնում են, որ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն որևէ սպառնալիք չի ներկայացնում ո՛չ անհատ սպառողների, ո՛չ էլ ազգային անվտանգության համար անկախ այն հանգամանքից, որ Զարլաշտ Վարդակը հանդիսանում է «ՖԻՆՔԱ»-ի հինգ երկրի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդի նախագահ։ Այս մասին մեր գրավոր հարցերին ի պատասխան հայտնել են վարկային կազմակերպությունից։
«Զարլաշտ Վարդակի պարտականություններից է վերահսկել հաճախորդների պաշտպանության չափանիշները ամբողջ ՖԻՆՔԱ ցանցում։ «ՖԻՆՔԱ»-ի յուրաքանչյուր երկրի գրասենյակ գործում է անկախ։ Հայաստանյան «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հաճախորդների տվյալները չի կիսում «ՖԻՆՔԱ»-ի որևէ այլ գրասենյակի հետ, ինչպես նաև չի փոխանցում անձը նույնականացնող տեղեկատվություն մայր ընկերությանը»,- նշում է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սթիվեն Մայքլ Հասսը։
Ըստ նրա՝ հայաստանյան ՖԻՆՔԱ տնօրենների խորհուրդը սահմանում է ընկերության ռազմավարական ուղղությունը և ներգրավված չէ ընկերության առօրյա կառավարման մեջ։ Խորհրդի անդամներն իրականացնում են վերահսկողական դեր և չունեն իրավասություն մուտք գործելու կամ տարածելու հաճախորդների անձնական տվյալները։
«ՖԻՆՔԱ»-ից հավաստիացնում են, որ առաջնորդվում են սպառողների պաշտպանության միջազգային բարձրագույն չափանիշներով, ներդրված են բազմամակարդակ մեխանիզմներ՝ հաճախորդների անձնական տվյալների չարտոնված փոխանցումը կանխելու համար։ Կազմակերպությունը գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանում երեք ֆինանսական կազմակերպություններից մեկն է, որը սոցիալական արդյունավետության կառավարման erise+SPTF համընդհանուր ստանդարտներում ունի հաճախորդների պաշտպանության ամենաբարձր մակարդակը»,- նշված է պատասխանում։
Մեզ ուղարկած ծավալուն նամակում, որը ստորագրել է Սթիվեն Մայքլ Հասսը, նաև շեշտվում է, որ Հայաստանում գործող բազմաթիվ գլոբալ կազմակերպություններ հանդիսանում են միջազգային ցանցերի մի մաս, որոնք ներկայացված են նաև Ադրբեջանում և ապահովում են հաճախորդների տվյալների գաղտնիությունը։
ՖԻՆՔԱ Հայաստանը գործունեությունը սկսել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն 1999 թվականին ՝ փոքր վարկեր տրամադրելով ֆերմերներին և փոքր բիզնեսի սեփականատերերին: 2006-ին ՖԻՆՔԱ-ն ստացել է ֆինանսական ապրանքներ առաջարկելու լիցենզիա, և հիմնադրվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն։
«Մոդեքս» խորհրդատվական կենտրոնի հաշվարկներով՝ 2024 թվականի տվյալներով «ՖԻՆՔԱ»-ն վարկային պորտֆելով երկրորդ ամենախոշոր վարկային կազմակերպությունն է Հայաստանում, որը փոխկապակցված չէ բանկերի կամ պետական մարմինների հետ։
Ըստ ֆինանսական հաշվետվությունների՝ կազմակերպությունը 2024 թվականը փակել է 843 մլն դրամի զուտ շահույթով, որը 2023-ի համեմատ մոտ 74%-ով աճել է։
Մեկնաբանել