
Կովկասյան ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու բնություն․ Հայաստանը նշեց Կենսաբազմազանության միջազգային օրը
Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը, Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի անտառներում բնություն արձակվեց ինը կովկասյան ազնվացեղ եղջերու։ Արձակումը կազմակերպվել էր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից։
Սա առաջին դեպքն է, երբ ազնվացեղ եղջերուները վերադարձվում են Լոռու բնություն։ Մինչ այդ, 2022 և 2024 թվականներին իրականացված երկու բացթողումների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում բնություն էր վերադարձվել ընդհանուր 13 եղջերու։ Այսպիսով, Լոռու տարածքում նոր արձակմամբ երկրում գտնվող ազնվացեղ եղջերուների ընդհանուր թիվը հասավ 22-ի։
Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և իրականացվում է WWF-Հայաստանի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։ Ֆինանսավորումն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
Եղջերուների պոպուլյացիայի վերականգնման աշխատանքներն իրականացվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գործող բազմացման կենտրոնում, որտեղ բերված առանձնյակների բուծման արդյունքում ծնված եղջերուները հետագայում արձակվում են բնություն։ Վերաբնակեցման հիմնական նպատակն է՝ Հայաստանի անտառային էկոհամակարգերում վերականգնել այս կարևոր տեսակն ու ապահովել նրա կայուն ապագան։
Արձակմանը հաջորդեց Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված պաշտոնական միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի առաջընթացը, տեսլականը և ռազմավարությունները՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում։ Հատուկ ուշադրություն դարձվեց նաև Հայաստանի՝ որպես 2026 թվականի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17 համաժողովի հյուրընկալող երկրի ստանձնած պարտավորություններին։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուա Ժակոբը, WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը, ՇՄՆ ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Վիգեն Չիլինգարյանը, ինչպես նաև WWF-Հայաստանում ԷՄՀ ծրագրի համակարգող Արմեն Շահբազյանը, ՇՄՆ մամուլի քարտուղար Անի Հակոբյանը և «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի թիմի ղեկավար Կարեն Մանվելյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև WWF-Հայաստանի և գործընկեր կառույցների կողմից իրականացվող կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված ընթացիկ ծրագրերը, նոր նախաձեռնություններն ու տեսլականները։
WWF-Հայաստանը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր անհատական նվիրատուներին և բոլոր այն գործընկերներին, ովքեր ոչ միայն կիսեցին Կենսաբազմազանության օրն իր կարևոր իրադարձություններով, այլև շարունակում են աջակցել WWF-Հայաստանի առաքելությունը և կառուցել բնապահպանության համատեղ ուղին։
Մեկնաբանել