
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ հիմնավորվել է, որ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 դոլար կաշառք:
«Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել