Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Նոր Զելանդիայի ԱԳ նախարարին և հայկական համայնքին
Օգոստոսի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանեց Նոր Զելանդիա: Օդանավակայանից նա ուղևորվեց Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ Մըքկալիի հետ հանդիպմանը:
Հանդիպման ժամանակ Մյուրեյ Մըքկալին նշեց, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը «մեր երկրի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդելու Հայաստանի պատրաստակամության վկայությունն է»:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հոբելյանական տարում ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցելությունը Նոր Զելանդիա միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը:
Բանակցությունների ընթացքում, երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով, պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով փոխադարձաբար դեսպաններ հավատարմագրելու, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելու ու խորհրդատվություններ անցկացնելու, միմյանց թեկնածություններին աջակցելու վերաբերյալ:
Փոխգործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվեցին վերականգնվող բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան և գյուղատնտեսությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Մըքկալին հանգամանալից զրուցեցին միջազգային օրակարգի աժմեական խնդիրների՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի մասին:
Հայաստանի ԱԳ նախարարը նորզելանդացի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը: Այս ենթատեքստում նա կարևորեց Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրում:
Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը ներկայացրեց ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները:
Երկխոսությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի շարունակականությունը ապահովելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Մյուրեյ Մըքկալիին հրավիրեց այցելել Երևան:
Հայաստանի արտգործնախարարը այցելեց նաև Օքլենդի Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան և ծաղկեպսակ դրեց պատերազմում զոհվածների հուշակոթողին:
Օգոստոսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Լոկվուդ Սմիթին: Հանդիպման օրակարգում էին երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հաստատումը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորումը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Նոր Զելանդիայի գերագույն դատարան, ուր հանդիպում ունեցավ դատարանի նախագահ Դամ Շիան Էլիասի հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության զարգացման և այդ գործում հայ համայնքի դերակատարության մասին:
Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում ներառված էր նաև հանդիպում Օքլենդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը, Նոր Զելանդիա այցի նպատակներն ու արդյունքները: Հայ համայնքի հետ քննարկվեց նաև Հայաստան-Նոր Զելանդիա բարեկամական միություն ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել