
Վարորդական իրավունքի գործնական քննությունը վերահսկելի չէ. 2024-ին քննությունը չի հաղթահարել 3 դիմորդից 2-ը
2024թ․ ընթացքում վարորդական իրավունքի գործնական քննություն է հանձնել 75 171 անձ, սակայն դրական արդյունք է գրանցել միայն 24 033-ը։ Սա նշանակում է, որ քննությունը հաջողությամբ անցել է դիմորդների ընդամենը 32 տոկոսը կամ ամեն 3-րդը։ Մնացած շուրջ 51 հազար անձանց կամ 68%-ի համար քննությունը դարձել է կրկնվող փորձություն։
Գործնական քննությունը դրական ստանալու համար անհրաժեշտ է 11 կետից առնվազն 10-ը կատարել ճիշտ։
«Իմ խնդիրն անհատների հետ չէ, համակարգի ճիշտ աշխատելու հետ է». Ժաննա Հարությունյան
Ապրիլի 16-ին Ժաննա Հարությունյանը Մեծամորի հաշվառման-քննական բաժանմունքում մասնակցել է վարորդական իրավունքի երկրորդ գործնական քննությանը, բայց վարորդական իրավունքի վկայական ստացել է միայն մայիսի 8-ին։
Պատճառն այն է, որ Ժաննայի քննությունն անցկացնող տեսուչը 11 վարժությունից 2-ում սխալ է արձանագրել և նրա քննության գնահատականը համարել բացասական։
Ժաննան հաջորդ օրը վերցրել է վարորդական իրավունքի տրամադրումը մերժելու որոշումը և դրա հիման վրա դիմում գրել ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի անունով։ Դիմումում Ժաննան նշել է իր տեսակետը հիմնավորող հանգամանքները։
Քննությունն անցկացնող տեսուչ Գագիկ Մխիթարյանը հետընթացով կայանում վարժությունը համարել է թերի կատարված, քանի որ, ըստ իրեն, մեքենան չի գտնվել ուղիղ դիրքում, այլ եղել է մի փոքր շեղ դիրքում։
Ժաննան իր դիմումում նշել է, որ կայանումը կատարել է՝ ըստ սահմանված կանոնների՝ սահմանված լայնությամբ տեղամասից դուրս չգալով, մեկանգամյա հետին փոխանցման միացումով, առանց շարժիչը կանգնեցնելու։
Երկրորդ խնդրահարույց կետը վերաբերել է նրան, որ տեսուչը տվել է զուգահեռ կայանում կատարելու հրահանգ։ Տեսուչն ասել է, որ «զուգահեռությունը պահված է, բայց առջևից և հետևից չունես հավասար հեռավորություն, և եթե հետևումդ մեքենա լիներ, դժվարությամբ դուրս կգայիր»։
Ժաննայի խոսքով՝ առջևից և հետևից հավասար հեռավորություն պահելու համար անհրաժեշտ էր, որ կայանատեղիի երկարությունը լիներ առնվազն իր վարած մեքենայի մեկուկես չափը, իսկ տվյալ պարագայում այդպիսի տարածություն չի եղել, և արձանագրության մեջ որևէ նշում չկա համաչափության կամ հեռավորության հավասարության մասին։
«Պետք է ընդգծեմ, որ քննության ընթացքում իմ վարելու գործընթացն արժանացել է դրական գնահատականների հենց տեսուչի կողմից»,- նշել է նա։
Ժաննան իր դիմումով խնդրել է վերանայել քննության արդյունքները և վերականգնել վարորդական իրավունք ստանալու իրավունքը։
Մինչ որոշման բողոքարկումը, նա ապրիլի 17-ին Մեծամորի ՀՔԲ-ում զրուցել էր նաև տեսուչների հետ, որոնք նրան առաջարկել էին մեկ ամիս անց կրկին գալ գործնական քննության։
«Ես մերժել եմ այդ առաջարկը՝ շեշտելով, որ խնդիրը միայն վարորդական իրավունքի վկայական ստանալը չէ, այլ նաև համակարգի արդարության և թափանցիկության ապահովումը։ Համոզված եմ, որ նմանատիպ անարդարությունների համակարգային լուծումը սկսվում է հենց այս անհատական դեպքի քննումից և արդարացի լուծումից»,- ասում է նա։
Համաձայն «Վարչաչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 43-րդ հոդվածի՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը, եթե անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքներ են առկա։ Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացված տվյալները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։ Ուստի, վարչական մարմինը բավարարել է Ժաննա Հարությունյանի բողոքը և նրան տրամադրել վարորդական վկայականը։
«Իմ խնդիրն անհատների հետ չէ, համակարգի ճիշտ աշխատելու հետ է»,- ասում է Ժաննա Հարությունյանը։
Նա խորհուրդ է տալիս որոշումը բողոքարկել այն մարդկանց, որոնք քննարկել են իրավիճակը այլ մարդկանց հետ, և վստահ են, որ իրենք ճիշտ են։
Գործնական քննությունը չի տեսաձայնագրվում
«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Ներքին գործերի նախարարություն՝ պարզելու ինչպես է իրականացվում քննության արդյունքների բողոքարկումը։
ՆԳՆ հաղորդմամբ՝ տեսական և գործնական քննությունների բողոքարկումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։ ՆԳՆ-ից «Հետք»-ին նաև հայտնեցին, որ բողոքարկման արդյունքների վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում, ուստի դժվար է գնահատել, թե բողոքարկման դիմումների քանի տոկոսն է բավարարվում կամ մերժվում։
ՆԳՆ-ին հարցրել էինք նաև՝ արդյոք քննության ընթացքը տեսաձայնագրվում է։ Նախարարությունից հայտնել են, որ գործնական քննության ընթացքը դեռևս չի տեսաձայնագրվում, քանի որ Կառավարության 2020թ. մարտի 26-ի թիվ 385-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների՝ Ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային և տեխնիկական միջոցներով պետք է ապահովվեն մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը, միջոցառումներն ընթացքի մեջ են։
Ո՞վ է ճիշտ՝ տեսո՞ւչը, թե՞ քննություն հանձնողը
Քանի որ վարորդական իրավունքի գործնական քննությունը չի տեսաձայնագրվում, ուստի դժվար է ասել՝ ինչ պետք է լինի, եթե քննություն հանձնողը բողոքարկում է քննության արդյունքները, և ինչպես պետք է պարզել՝ ո՞վ է ճիշտ, քանի որ որևէ ապացույց, բացի տեսուչի խոսքից, չկա։
Թե 2024-ի ընթացքում քանի դեպք է եղել, երբ քաղաքացին բողոքարկել է քննության արդյունքը, և քանիսի դեպքում է այն փոփոխվել, ՆԳՆ-ն հաշվառում չի իրականացնում։
Նոր փոփոխություններ
Կառավարության մայիսի 15-ի նիստում հավանության արժանացավ մի նախագիծ, որով առաջարկվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում հաջորդ օրը կրկին քննությանը մասնակցելու համար վճարել 45 հազ. դրամ, իսկ 3-րդ օրը մասնակցելու համար՝ 30 հազ. դրամ, քննության երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անհաջող փորձի դեպքում քննությանը հաջորդող 7-րդ օրը քննությանը մասնակցելու համար առաջարկվում է վճարել 45 հազ. դրամ, իսկ 14 օր անց մասնակցելու համար՝ 30 հազ. դրամ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ փոփոխությունները պայմանավորված են «հանրային պահանջարկով»։
Չնայած ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն այս փոփոխությունը հավելյալ հնարավորություն էր համարում քաղաքացիների համար՝ նշելով, որ վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց է, պահպանվում է՝ պետք է ընդգծել, որ ՀՔԲ-ներում հերթերն այնքան շատ են, որ երբեմն հնարավոր է լինում գրանցվել միայն ամիսներ անց։
Օրենքների նախագծերով առաջարկվում է նաև հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից։
Օրենքի նախագիծը պետք է դեռևս քննարկվի Ազգային ժողովում: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
Լուսանկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել