HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Մուսալեռցիներին փրկած ծովակալ դյու Ֆուրնեի անունը գրվեց Ծիծեռնակաբերդի համալիրի հուշապատին

1915 երիտթուրքական կառավարության բռնագաղթի հրամանին ընդդիմացած եւ Մուսա լեռան վրա ինքնապաշտպանություն կազմակերպած հայերը կարմիր խաչով սպիտակ դրոշ են բարձրացնում եւ գրավում ֆրանսիական «Գիշեն» հածանավի ուշադրությունը։ Ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն բարձր հրամանատարությունից հայերին օգնելու հրաման է խնդրում։ Սակայն, պատասխանի չսպասելով, իր անձնական որոշմամբ մոտ 4000 հայերի վերցնում է «Ֆուդր», «դ'Էստրե», «Գիշեն», «Ամիրալ Շարնե» և «Դեզեքս» հածանավերի վրա։ Ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմը սեպտեմբերի 13-ին հայերին Եգիպտոսի «Պորտ Սայիդ» նավահանգիստ է հասցնում։ Մուսալեռցիներն արդեն Եգիպտոսում էին, երբ ծովակալը ստանում է իր հեռագրին ֆրանսիական կառավարության պատասխանը, որտեղ գրված էր. «Իսկ որտե՞ղ է Մուսա լեռը»։

2025թ. մայիսի 26-ին Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հուշապատին ավելացվեց ծովակալ Դյու Ֆուրնեի անվամբ հուշատախտակը։

1920թ. Փարիզում Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն հրատարակում է իր հուշերը՝ «Մի ծովակալի պատերազմական հուշերը» խորագրով, որտեղ առանձին գլուխ է նվիրում մուսալեռցիների ինքնապաշտպանությանը։ «Փոքրիկ մուսալեռցիներին ձեռքից ձեռք էին փոխանցում փրփրաբաշ ալիքների վրայով։ Նրանք երբեք չեն իմանա, թե իրականում ինչ վտանգից են փրկվել»,- գրել է ծովակալը։

«Ծովակալը, վտանգելով իր ռազմական կարիերան, անսալով իր խղճի ձայնին, ցեղասպանվելուց փրկեց 4080 հայի։ Եվ հայ ժողովուրդը հավերժ երախտապարտ է այս մեծ ֆրանսիացի մարդասերին»,- հուշատախտակի բացման արարողությանն ասաց Ցեղասպանության թանգարանի ներկայացուցիչը։

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն իր խոսքում ասաց, որ այս միջոցառմամբ հարգանքի տուրք են մատուցում ծովակալին եւ Միջերկրական ծովում ֆրանսիական երրորդ նավատորմին, մուսալեռցիների դիմադրության, նրանց ժառանգների հավատարմության եւ ծովակալի վճռականության ոգուն, որ առաջին համաշխարհային պատերազմի թոհուբոհում կարողացավ ճիշտ կողմնորոշվել։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խիստ անձնական համարեց ծովակալ Դյու Ֆուրնեի հուշատախտակի բացումը, քանի որ մինչեւ քաղաքականություն մտնելը զբաղվել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ եւ մասնավորապես այն մարդկանց պատմության ուսումնասիրությամբ, ում անունները դաջված են հուշապատին՝ միսիոներներ, դեսպաններ, ռազմական գործիչներ, ինչպես ծովակալ Դյու Ֆուրնեն, շարքային մարդիկ։

«Ցեղասպանության պատմությունը ողբերգության պատմություն է, բայց նաեւ հույսի, որովհետեւ եղել են այսպիսի մարդիկ։ Դյու Ֆուրնեն եւ մյուսները, որոնք փրկել են հայերին, դա արել են՝ վտանգելով իրենց կյանքը եւ կարիերան։ Եվ սա է ստիպում մեզ հավատալ մարդկությանը։ Ծովակալի արարքը իսկական առաջնորդության դրսեւորում է»,- ասաց նախարար Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան է այցելել «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նա առանձնազրույցներ է ունեցել իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Լուսանկարները՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter