
Ռետինե ու բժշկական դիմակ, ակնոց և կրկնօրինակված բանալիներ. ինչ է պետք Քննչական կոմիտեից 590 հազար դոլար գողանալու համար
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Դեղատան 3 հասցեում գտնվող շենքում մոտ մեկ տարի պահվել է իրեղեն ապացույց հանդիսացող 590 000 ԱՄՆ դոլար։ Իրավապահ մարմնի ներկայացուցիչները, հավանաբար, վստահ են եղել, որ գումար պահելու ամենաապահով վայրը հենց քննիչի աշխատասենյակն է, այլ ոչ բանկը, և խոշոր գումարը թողել են չհրկիզվող պահարանում։
Թե Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներն ինչու են այդքան վստահ եղել, հայտնի չէ։ Սակայն, նույն վարչության աշխատակիցներն ապացուցեցին հակառակը՝ քննիչի սենյակն ամենևին էլ ապացույց, հատկապես գումար, պահելու համար ապահով վայր չէ։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն ու Ներքին գործերի նախարարության աշխատակիցը Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման ռեպորտաժում պատմում են դեպքի մանրամասները:
2025թ․ մայիսի 16-ին, բոլորի աչքի առաջ, Երևան քաղաքի բնակիչ Էդգար Գրիգորյանը մուտք է գործել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենք, հանգիստ 11 րոպե պտտվել, դուրս եկել, գնացել տուն։ Այնուհետև նույն տարածք վերադարձել է 4 օր անց՝ մայիսի 20-ին։
2025թ․ մայիսի 20-ին Էդգար Գրիգորյանը տնից դուրս է եկել ոչ սովորական արտաքինով։ Դեմքը քողարկելու նպատակով կրել է ամիսներ առաջ list.am կայքի հայտարարություններից գնած ռետինե դիմակը, վրայից էլ՝ բժշկական դիմակ ու ակնոց։ Այնուհետև նստել է պատահական տաքսի և ուղևորվել Քննչական կոմիտեի մասնաշենք։
Էդգար Գրիգորյանը վստահ է եղել, որ անարգել մտնելու է ներս, և որևէ մեկն իրեն չի կանգնեցնելու, անձը չի ստուգելու։ Մինչ այդ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը նրան պատմել է, որ իր ենթակա քննիչներից մեկի աշխատասենյակում դրված չհրկիզվող պահարանում պահվում է 590 000 դոլար։
Այնուհետև Գոռ Թադևոսյանը նրան տվել է քննիչներից մեկի անցաքարտի կրկնօրինակը, աշխատասենյակի և չհրկիզվող պահարանի բանալիները։ Համաձայնության գալով՝ որոշել են գողանալ գումարը։
Շենքի ներսում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են, թե ինչ ինքնավստահությամբ է Էդգար Գրիգորյանը 2025թ․ մայիսի 20-ին մտնում Քննչական կոմիտեի շենք։ Ծպտված արտաքինով մոտենում է վերելակին, սեղմում կոճակը, այնուհետև հագուստի ծայրով մաքրում մատնահետքերն ու ժամը 16։40-ին բարձրանում 6-րդ հարկ։
Արդեն վերևում տեղավորվում է միջանցքի բազմոցին ու համբերատար սպասում է մինչև աշխատանքային օրն ավարտվի։ Այդ ընթացքում բոլոր աշխատակիցները գնացել են տուն՝ անտարբերության մատնելով հյուրին։ Որևէ մեկի մտքով չի անցել հետաքրքրվել, թե միջանցքում ում է կամ ինչին է սպասում անծանոթ տղամարդը։
Նա այնքան պատրաստված է մուտք գործել քննչական մարմին, որ հետք չթողնելու նպատակով իր հետ տարա է վերցրել՝ բնական կարիքները հոգալու համար:
Տեսնելով, որ իրենով որևէ մեկը չի հետաքրքրվում, Էդգար Գրիգորյանը որոշել է գիշերը՝ ժամը 05։20 րոպեին, կրկնօրինակած բանալիով մտնել քննիչի աշխատասենյակ, բացել չհրկիզվող պահարանի դուռը, հանգիստ վերցնել գումարը ու սպասել լույսը բացվելուն։
Որպեսզի հետագայում չբացահայտվի պահարանը բանալիով բացելու հանգամանքը, Էդգար Գրիգորյանը նաև վնասել է պահարանի դուռը՝ ստեղծելով հարմարեցրած գործիքով բացելու պատրանք:
Իր հետևից մաքրել է պատերին ու դռներին թողած հետքերը, այնուհետև սպասել է մինչև լույսը բացվի: Շենքում 16 ժամ մնալուց հետո, նույն հանգստությամբ, տարածքից դուրս է եկել մինչև աշխատանքային օրվա սկսվելը՝ ժամը 08:20-ին:
Գրիգորյանը 590 000 դոլարը միանգամից տուն չի տարել։ Նախ, կրկնօրինակված բանալիները, ռետինե ու բժշկական դիմակները նետել է աղբամանը, տարբեր տաքսիներով շրջել է մի քանի մարզով, որից հետո վերադարձել է տուն։
Էդգար Գրիգորյանը հայտնաբերվել է դեպքից 3 օր անց՝ 2025թ. մայիսի 23-ին և տեղափոխվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Սակայն, մինչև ձերբակալվելը, Է. Գրիգորյանը գումարը բաժանել է մի քանի մասի և փոխանցել տարբեր անձանց։ Դրա մեծ մասը՝ 578 800 ԱՄՆ դոլարը, օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է, մնացած գումարը հայտնաբերելու ուղղությամբ աշխատանք է տարվում:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արման Խաչատրյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ գործել է հանցավոր խումբ։ Ըստ մեղադրանքի՝ գողությունը կազմակերպել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, սակայն բուն գործողությունը կատարել է Էդգար Գրիգորյանը։ Հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների միջոցառումների շնորհիվ։
Թե՛ Էդգար Գրիգորյանը, թե՛ Գոռ Թադևոսյանը մեղքն ընդունել են, տվել ինքնախոստովանական ցուցմունքներ։ Հարուցված քրեական վարույթի շրջանակում նրանք կալանավորվել են:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նույն վարույթի շրջանակում քննության առարկա է նաև իրեղեն ապացույց ճանաչված գումարը՝ 590 000 ԱՄՆ դոլարը, Կենտրոնական բանկին կամ այլ վարկային կազմակերպություններին չհանձնելու հանգամանքները:
Նշենք, որ Էդգար Գրիգորյանը մեղադրվում է նաև գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին նույն տարվա նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հրապարակումից հետո նա միացել է Կառավարության շենքի մոտ հավաքված ամբոխին, որը պահանջել է վարչապետի և գործող իշխանությունների հրաժարականը:
Մեղադրանքի համաձայն՝ սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնց մասնակիցները, չունենալով Կառավարության թիվ 1 շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, 2020թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, կոտրել են Կառավարության կենտրոնական մուտքի դռան և պատուհանների ապակիները։
Էդգար Գրիգորյանը, ձեռքով ոչնչացնելով նշված դռան ապակին և վնասելով դուռը, այլոց օգնությամբ դռան բացվածքից առաջինն է ապօրինի մուտք գործել Կառավարության շենք: Ներսի կողմից ամբողջությամբ բացել է վնասված դուռը՝ այդպիսով վերացնելով զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների համար շենք անարգել մուտք գործելու խոչընդոտը։ Էդգար Գրիգորյանի մասնակցությամբ կատարվել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով, բռնություն գործադրելով զուգորդված զանգվածային անկարգություններ։ Այս գործի դատաքննությունը դեռ շարունակվում է:
Լուսանկարը՝ էկրանակադր Հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութից
Մեկնաբանել