
Վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում 18 անչափահաս է սպանվել
Անչափահասների սպանության մեջ մեղադրվողների մեծ մասը չափահաս է։ Վերջին տարիներին արձանագրվել է երեխաների նկատմամբ բռնությունների թվի աճ: Ավելացել են նաև սպանության դեպքերը:
2024թ. օգոստոսից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է մի խումբ անձանց կողմից անչափահաս տղայի սպանության գործը: Առնվազն 6 հոգով, որոնցից 3-ի ինքնությունը պարզված չէ, 2024թ. մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, գնացել են «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի հարակից տարածք՝ նախկինում տեղի ունեցած վիճաբանության համար 17-ամյա տղային պատժելու նպատակով։ Ըստ մեղադրանքի՝ փայտյա մահակի և դանակի գործադրմամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, վազքով հետապնդել են փախչող անչափահասին՝ փակելով վերջինիս փախուստի հնարավոր ուղիները:
Հետապնդողներից մեկը դանակով երեք անգամ հարվածներ է հասցրել անչափահաս տղայի մարմնի տարբեր մասերին: Երբ դանակի հարվածներից տղան ընկել է գետնին, չորս հոգով շարունակել են ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ հասցնել անչափահասի գլխին ու մարմնի տարբեր հատվածներին:
Ստացած բազմաթիվ վնասվածքներից՝ կրծքվանդակի ձախ պլևրալ խոռոչը թափանցող, աջ բազկի միջանցիկ և նստատեղի աջ կեսի ծակած-կտրած վերքերից նույն օրը ժամեր անց տղան հիվանդանոցում մահացել է:
2025թ. մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։ Պարզվել էր, որ վեճը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով։
Անչափահասների սպանությունների զգալի մասի պատճառը տարածված բարքերն են, այլ կերպ ասած՝ «տղայական» խոսակցությունները: Սիրած աղջկան երկար նայելը, «արա»-ով դիմելն ու նմանատիպ այլ դրսևորումները կարող են սպանության պատճառ դառնալ:
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2018-2024թթ. անչափահասի սպանության ամենաշատ դեպքերը գրանցվել են 2018, 2019, 2024 թվականներին՝ 4-ական դեպք:
Նշված ժամանակահատվածում, ըստ ՆԳՆ-ի, անչափահասի սպանության դեպք տեղի չի ունեցել միայն Տավուշի, Կոտայքի ու Վայոց ձորի մարզերում: Իսկ ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևան քաղաքում և Արարատի մարզում (4-ական):
18 սպանությունից միայն մեկն է կատարվել հրազենի գործադրմամբ, իսկ 4 դեպքով սպանության գործիքը եղել է սուր կտրող-ծակող առարկան:
Նշված հանցագործություններից 2-ը կատարվել է անչափահասի կողմից: Այսինքն՝ մինչև 18 տարեկանը սպանել է գրեթե իր հասակակցին:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ անչափահասների սպանության գործերից միայն 8-ն է ուղարկվել դատարան, այսինքն՝ 10 գործի նախաքննություն չի ավարտվել:
Քննչական կոմիտեի տարեկան գործունեության հաղորդումների համաձայն՝ 2022թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ, 2023-ին՝ 1159, իսկ 2024-ին՝ 1478: Ակնհայտ է, որ թիվն ավելանում է:
Երեխաների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ցավոք վերջին տարիներին ունենք երեխաների նկատմամբ բռնությունների թվի աճ, ինչն արտացոլվում է նաև պաշտոնական վիճակագրության մեջ: Ավելացել են նաև սպանության դեպքերը:
«Եթե 10 տարի առաջ մենք հատուկենտ նման դեպքեր ունեինք, հիմա մեծ թիվ են կազմում: Երեխաների սպանության դեպքերի թվի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Արտաքին գործոններից առաջինը հասարակության վիճակն է՝ ագրեսիվությունը, ատելությունը, անհանդուրժողականությունը»,- նշում է Դ. Թումասյանը:
Նրա փոխանցմամբ՝ քիչ չեն դեպքերը, երբ երեխաները թիրախավորվում են առանձնահատուկ հատկանիշներ, մտածելակերպ, արժեհամակարգ ունենալու համար: Երեխաների մի մասն էլ բռնության են ենթարկվում ընտանիքի ներսում:
Դ. Թումասյանի դիտարկմամբ՝ երեխաները հաճախ ընկալվում են որպես ծնողի սեփականություն, ինչը նպաստում է բռնությունների թվի աճին: Բռնությունների աճին և սպանություններին նպաստում է նաև բռնությունների վերարտադրումը: Երեխաները թե՛ տանը, թե՛ դրսում հաճախ տեսնում են բռնության դրսևորումներ և դա ընկալում են որպես իշխանության և վերահսկողության գործոն, ինչն էլ բերում է «տղայական» մոտեցումներով հարցեր լուծելուն:
Երբեմն էլ երեխաների վեճին խառնվում են մեծահասակները, ու նրանք են հաշվեհարդար տեսնում երեխաների հետ:
Մասնագետը կարևորում է նաև հոգեբանական գործոնը, այլոց կրկնօրինակումը: Ընդորում՝ հատուկ շեշտում է, որ բռնությունը չի ճանաչում սեռ, ռասսա, մաշկի գույն և այլն, հետևաբար դրա դեմ պետք է պայքարել բոլոր դեպքերում:
«Մենք շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք, թե ովքեր են երեխաների հերոսները, ովքեր են նրանց համար կուռք, ում են ուզում նմանվել, և այդ անձինք ինչպիսի վարքագիծ են դրսևորում: Եթե նրանց համար այդ անձը հարցերը լուծում է բռնությունների ճանապարհով, տրամաբանական է, որ երեխան կսկսի բռնություն գործադրել»,- ասում է Դավիթ Թումասյանը:
Փորձագետը նշում է, որ կանխարգելիչ գործառույթ ունեն երեխայի հետ առնչվող բոլոր մարմիններն ու կառույցները: Համայնքային ոստիկանությունից զատ, ուսուցիչները, բժիշկները, սոցիալական աշխատողները ևս նման դերակատարում ունեն: Նշված անձինք, բռնության նախադրյալներ լինելու դեպքում, պետք է տեղեկատվությունը վաղաժամ փոխանցեն Ոստիկանությանը, որպեսզի դժբախտ դեպքերը կանխվեն:
Դավիթ Թումասյանի դիտարկմամբ՝ որպես կանոն անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը լինում են ընտանիքում կամ փողոցային վեճերի ժամանակ: Ընտանիքում բռնություններն ունեն աճի միտում:
«Երկու ուղղությունով պետք է աշխատանք տանել. իրազեկել հանրությանը, որպեսզի քաղաքացին հարկ եղած դեպքում դիմի, ահազանգի, ուղղորդի: Երկրորդը՝ մասնագետների վերապատրաստումն է, որպեսզի նրանք կատարեն թիրախային գործողություններ»,- հավելում է Դ. Թումասյանը:
Պետական մարմինները տեղեկատվություն չունեն, չեն լսել, չգիտեն
Հանրությանը հուզող կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ պետական մարմիններից վիճակագրական տվյալներ ստանալը շատ բարդ է, երբեմն՝ անհնար, իսկ ստացած տեղեկատվությունը՝ հաճախ անարժանահավատ:
Հաճախ ենք բախվում իրավիճակի, երբ վիճակագրություն չվարելու պատճառաբանությամբ մերժվում է տեղեկատվության տրամադրումը: Իսկ վիճակագրությունը զուտ թվային տվյալ չէ: Ենթադրվում է, որ այդ տվյալները մշակելով՝ պատկան մարմինները պետք է իրականացնեն բացասական դրսևորումները կանխարգելող, իրավիճակը, սխեման, պատճառները դուրս բերող ու դրա դեմ պայքարող գործառույթներ: Մինչդեռ, երբ ստանում ենք պատասխան, որ «վիճակագրություն չի վարվում», կարող ենք ենթադրել, որ այդ ուղղությամբ որևէ լուրջ աշխատանք չի կատարվում, այսինքն՝ երևույթն ուշադրությունից դուրս է:
ՆԳՆ-ից հետաքրքրվել էինք՝ մինչև 18 տարեկան սպանության մեջ մեղադրվող և սպանված անչափահասները հաշվառված եղե՞լ են Ոստիկանության բաժիններում, մինչև դեպքը նրանց հետ աշխատանք տարվե՞լ է։ Այս հարցերի պատասխանը չենք ստացել:
Բացի այդ, խնդրել էինք տրամադրել տեղեկություններ՝ սպանություն կատարողի տարիքի, սպանության եղանակի և այլն, որը նույնպես չի տրամադրվել:
«Ոստիկանության մասին» օրենքով Ոստիկանության խնդիրն է հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը, հայտնաբերումը և բացահայտումը: Բացի այդ, հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում, ինչպես նաև անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ ու միջոցառումներ:
«Հայցվող տեղեկատվության վերաբերյալ ՀՀ դատախազությունում առանձին վիճակագրություն առկա չէ»,- սա էլ Գլխավոր դատախազության պատասխանն է: Իսկ մենք հարցրել էինք, թե կոնկրետ ժամանակահատվածում, մինչև 18 տարեկան քանի երեխայի սպանություն է կատարվել ՀՀ տարածքում, քանի անչափահաս է մեղադրվել սպանության համար, մինչև 18 տարեկան երեխաների սպանության մեղադրանքով քանի անձ է դատապարտվել, նրանցից քանիսն են եղել անչափահաս, նշված վարույթներով մեղադրանք առաջադրվել կամ դատապարտվե՞լ են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ՝ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ թերանալու պատճառով և այլն։
Սա այն դեպքում, երբ Դատախազությունը լիազորություն ունի հարուցել քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը և այլն: Այսինքն՝ ամբողջությամբ տիրապետում է քրեական վարույթի նյութերին:
Այս լիազորություններով ու գործառույթներով օժտված պետական մարմիններն իրենց ձեռքի տակ ընդհանրապես չունեն կամ ամբողջական չունեն առնվազն 7 տարվա ընթացքում սպանված 18 անչափահասի վերաբերյալ տեղեկատվություն: Գուցե այդ կառույցների պաշտոնյաներին չի անհանգստացնում ստեղծված իրավիճակը:
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել