HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Պավել Մուժիկյանը

Մայիսի 27-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեցին Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Պավել Մուժիկյանին։ Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվականից։

Պավել Մուժիկյանը 2002-2006թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև նույն համալսարանի մագիստրատուրայում՝ կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա մասնագիտությամբ։ 2011թ-ին ավարտել է ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Պավել Մուժիկյանը 2007թ-ից աշխատում է ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ լաբորանտից մինչև ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար և փոխտնօրեն։ Իսկ 2024թ-ի դեկտեմբերից ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Պավել Մուժիկյանը 33 գիտական հոդվածի և 1 արտոնագրի հեղինակ է։ Նա դասախոսում է Հայ-ռուսական համալսարանում։ 

Պավել Մուժիկյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է ինստիտուտի գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը, ինստիտուտի կառուցվածքի պարբերական վերանայումը, ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացումը, միջին տարիքի գիտնականների կայուն սերնդի ձևավորումը, համագործակցությունը ՀՀ գիտական և կրթական կազմակերպությունների հետ, գիտության հանրայնացումը, միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնոլոգիական մշակումների խթանումը։

Պավել Մուժիկյանը նշեց, որ 2025թ-ին ինստիտուտում կազմավորվել է տեխնոլոգիական և նորարարական մշակումների աջակցության բաժին, որը կզբաղվի ինստիտուտի տեխնոլոգիական մշակումների, դրանց հնարավոր լիցենզավորման և փոքրածավալ սեփական արտադրության, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների համար պայմանագրային հետազոտությունների ու մշակումների իրականացման հարցերով: Ինստիտուտի գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև պաշտպանական համակարգի համար աշխատանքների իրականացումը, պետական պատվերի ձևավորմանը և կատարմանը մասնակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter